Մատչելիության հղումներ

Կոշտ հայտարարություններ ԵԽԽՎ-ի դեմ՝ Ադրբեջանի խորհրդարանում


Ադրբեջանի խորհրդարանի շենքը Բաքվում, արխիվ
Ադրբեջանի խորհրդարանի շենքը Բաքվում, արխիվ

«Ադրբեջանին ցանկանում են զրկել այնպիսի կարևոր ամբիոնից, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է», - հայտարարել է Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը:

Ադրբեջանական Միլի մեջլիսում այսօր կոշտ հայտարարություններ են հնչել ԵԽԽՎ վերջին նստաշրջանի կապակցությամբ:

Աշնանային նստաշրջանի ընթացքում, հիշեցնենք, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի անդամները քվեների ճնշող մեծամասնությամբ հաստատեցին Ադրբեջանում տիրող ներքաղաքական կացությանը վերաբերող երկու բանաձևերի նախագծերը, որոնցում Վեհաժողովը կոչ է անում Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, հետաքննել Ադրբեջանի շուրջ կոռուպցիոն սկանդալը և երկրում իրավական բարեփոխումներ սկսել:

Նախագծերի քննարկման ընթացքում եվրոպացի պատգամավորները բավական կոշտ արտահայտություններ էին հնչեցնում Ադրբեջանի իշխանությունների հասցեին` հիշատակելով թե՛ կոռուպցիոն սկանդալը և թե՛ քաղբանտարկյալների առկայությունը:

Սամեդ Սեիդովի խոսքով՝ Ադրբեջանի հարցը քննարկվել է ոչ միայն նիստին, այլ նաև հանձնաժողովներում և քաղաքական կուսակցություններում: «Որն է պատճառը և ինչ կա դրա ետևում՝ անհայտ է մնում», - ասել է ադրբեջանցի պատգամավորը՝ հավելելով, թե Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը, օրենքի գերակայությունը դարձնելով գործիք, փորձում է Ադրբեջանի վրա ճնշում գործադրել:

«Ճնշումը շատ մեծ է, այն ուղղված է Ադրբեջանի կողմից իրականացվող հաջող քաղաքականությանը», - հայտարարել է ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավարը:

Ավելի վաղ Եվրախորհրդի հասցեին կոշտ քննադատություն էր հնչեցրել Ադրբեջանի նախագահը, այն բանից հետո, երբ ԵԽ Նախարարների կոմիտեն սեպտեմբերի վերջին որոշեց Ադրբեջանի դեմ իրավական գործընթաց սկսել, որը կարող է ավարտվել ԵԽ-ին երկրի անդամակցության դադարեցմամբ: Նման կտրուկ քայլի պատճառը անազատության մեջ գտնվող ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի հանդեպ պաշտոնական Բաքվի որդեգրած դիրքորոշումն է․ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կայացրած վճռին հակառակ՝ Ադրբեջանի իշխանությունները շարունակում են անազատության մեջ պահել ընդդիմադիր գործչին, որին Բաքվի դատարանը 2014 թվականի գարնանը դատապարտել է 7 տարվա ազատազրկման:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG