Մատչելիության հղումներ

Նալբանդյան․ «Բանակցային գործընթացին ապրիլյան ագրեսիայի հասցրած վնասը դեռ չի հաղթահարվել»


Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում, Բրյուսել, 19-ը հոկտեմբերի, 2017 թ․
Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում, Բրյուսել, 19-ը հոկտեմբերի, 2017 թ․

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններից 3 օր անց Հայաստանի արտգործանախարարն անդրադարձել է երկու նախագահների՝ փակ դռների ետևում կայացած հանդիպմանը:

Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում, որը կայացել է Բրյուսելում, այս մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը։

«Համաձայնությունները միտված էին խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նախկինում ևս բազմիցս հետ է կանգնել պայմանավորվածություններից, հարցականի տակ դնելով, որ ընդհանրապես ունակ է իրականացնել դրանք»,- ասել է Նալբանդյանը։

Անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած բարձր մակարդակի հանդիպումներում կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները, սակայն այդ պայմանավորվածությունները մինչ օրս կյանքի չեն կոչվել։

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Ժնևում կայացած բանակցություններից 3 օր անց Նալբանդյանն անդրադարձել է փակ դռների ետևում կայացած հանդիպմանը, նշելով, որ չորս տարվա ընթացքում առաջին անգամ հնարավոր եղավ, թեկուզև բավական հակիրճ, համատեղ հայտարարություն ընդունել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների ու համանախագահների մասնակցությամբ, ինչը, Նալբանդյանի խոսքով՝ Ադրբեջանի պատճառով չէր հաջողվում։

Հիշեցնենք՝ Ալևի հետ բանակցություններից հետո նույն օրը նախագահ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե խնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Ուզում եմ, որ մի հարցում բոլորդ վստահ լինեք, որ մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»,- նաև ասել էր Սարգսյանը:

Նախագահի այդ հայտարարությունից հետո պաշտոնական Բաքուն Հայաստանին մեղադրեց պայմանավորվածություն խախտելու մեջ: Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը «Թվիթերում» գրեց՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, իսկ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել էին ամփոփիչ հայտարարությունից բացի այլ հայտարարություններ չանել, բայց Սերժ Սարգսյանը խախտել է խոստումը»։ Նալբանդյանը Բրյուսելում ունեցած իր ելույթում արձագանքել է Մամեդովի հայտարարությունը՝ այն որակելով էժանագին շահարկում։ «Ակնհայտ է, թե ինչու է Բաքուն դա անում. որովհետև փորձում է խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից»,- ասել է Նալբանդյանը։

Ըստ նրա, թեև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասը դեռ չի հաղթահարվել: «Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից՝ որպես կարգավորման հիմք․ մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը:

Հանդիպումից հետո ընդունված համատեղ հայտարարությամբ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները ընդգծեցին, որ Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել՝ շփման գծում լարվածությունը թուլացնելու համար: Հայաստանի արտգործնախարարի խոսքով, մինչդեռ, պաշտոնական Բաքուն շարունակում է խախտել 1994-95 թթ. եռակողմ, անժամկետ զինադադարի համաձայնագրերը, անտեսելով համանախագահների բազմաթիվ կոչերը։

«Եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը, անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված՝ հակամարտության կարգավորման սկզբունքներին, կառուցողական մասնակցություն բերի բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի առաջ մղել խաղաղ գործընթացը»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը:

Նալբանդյանի խոսքով՝ առաջիկայում, որպես նախագահների հանդիպման շարունակություն, համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու կողմերի ԱԳ նախարարների հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG