Մատչելիության հղումներ

Գյումրիի փողոցների հիմնանորոգման վաղուց խոստացված աշխատանքները դեռ չեն սկսվել


Գյումրիի անբարեկարգ փողոցներից մեկը, արխիվ
Գյումրիի անբարեկարգ փողոցներից մեկը, արխիվ

Մոտ երկու տարի է անցել այն օրից, երբ երկրի ղեկավարի մակարդակով հայտարարվեց Գյումրիի փողոցների հիմնանորոգման ծրագրի մասին, սակայն մինչ օրս շինարարական աշխատանքները չեն էլ մեկնարկել: Հիշեցնենք՝ Գյումրիում 16 կմ երկարությամբ ճանապարհներ հիմնանորոգելու ու լուսավորելու համար Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկը շուրջ 24 մլն եվրո է տրամադրելու:

Շինարարական աշխատանքների ձգձգման պատճառն, ըստ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանի, զուտ տեխնիկական բնույթի է: «Մեր պատճառով չէ, որ ուշանում է: Մենք ասել ենք, որ հոկտեմբեր ամսին պետք է սկսենք շինարարական աշխատանքները․․․ ընթացակարգն է պատճառը, զարմանալի է բանկի հետ աշխատանքը»,- դժգոհում է Բալասանյանը:

Դեռևս շինարարի ընտրության միջազգային մրցույթը հայտարարված չէ, թեև որոշ փողոցների հիմնանորոգման նախագծերն արդեն պատրաստ են: Գյումրիի քաղաքապետն ասում է, որ մրցույթների արդյունքում կունենան լուրջ տնտեսումներ: Նրա խոսքով, այդ տնտեսումների հաշվին «երևի ևս 10 փողոցներ, հրապարակներ կվերականգնվեն»:

Սամվել Բալասանյանն ասում է նաև, որ հիմա բանակցում են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի և Ասիական զարգացման բանկի հետ՝ փողոցների բարեկարգման, աղբահանության ու տրանսպորտի վիճակի բարելավման ծրագրեր հաստատելու համար․ «Աշխատում ենք 2 ծրագրի վրա, որոնք քաղաքի համար շատ կարևոր հարցեր կլուծեն՝ աղբահանության, տրնասպորտի և այլն: 4 տարի հետո դուք լրիվ ուրիշ քաղաք եք ունենալու»:

Նշենք, որ որևէ տեղաշարժ չկա նաև Գյումրիում 10 կմ երկարությամբ ճանապարհ հիմնանորոգելու՝ ռուսական կողմի պարտավորության իրականացման հարցում: Ռուսական կողմը նման պարտավորություն է ստանձնել, քանի որ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ծանր տեխնիկան բավականաչափ վնասել է քաղաքի փողոցները: Հարցը քննարկվել էր հայ- ռուսական միջգերատեսչական հանձնաժողովում, սակայն քննարկմանը գործուն քայլեր չեն հետևել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG