Մատչելիության հղումներ

ԱԻ նախարարը չի հերքում, որ կառուցապատման թույլտվությունների տրամադրման ոլորտում կոռուպցիա կա


Արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը կոչ է անում չհանդուրժել ռիսկեր պարունակող որևէ կառուցապատում, միևնույն ժամանակ չհերքելով, որ նման կառուցապատման թույլտվությունները ստացվում են նաև կոռուպցիայի միջոցով:

«Ո՞նց կարող է մի ոլորտում, որտեղ կան մեծ-մեծ ֆինանսական հոսքեր, չլինել կոռուպցիա: Իսկ ո՞վ է ասում, որ չկա», - մեկնաբանեց նախարարը:

Խորհրդարանում այսօր լսումներ էին կազմակերպվել աղետների ռիսկերի կառավարման թեմայով: Երևանի քաղաքաշինական խնդիրներն իր խոսքում չշրջանցեց Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը:

«Անկախության տարիներին մեր իրականացված քաղաքաշինությունը Երևանում բացարձակ հակաէկոլոգիական է և բարձրացրել է աղետների ռիսկերը», - հայտարարեց Կարինե Դանիելյանը: - «Հյուսիսային պողոտան կարող է օրինակ ծառայել, թե ինչպես չի կարելի կառուցել սեյսմիկ ակտիվ գոտում, կլիմայի փոփոխության պայմաններում, մեր բնակլիմայական պայմաններում: Այս առումով մենք շատ բողոքեցինք, բայց ոչինչ չստացվեց: Կառավարության որոշում կա, որ այդ շենքերը Օպերայից բարձր չպետք է լինեն»:

Լրագրողները արտակարգ իրավիճակների նախարարի կարծիքը հարցրեցին, մասնավորապես, Մոնումենտի այգուն հարակից տարածքում պաշտոնյաների կառուցած առանձնատների մասին: Տարածված լուրերի համաձայն վարչապետ Կարեն Կարապետյանը ևս առանձնատուն ունի այդ տարածքում:

«Ճիշտն ասած՝ ես չգիտեմ որտեղ, ով, ինչ ունի, բայց ես խոսեցի ռիսկերի նվազեցման ընկալման մասին, և մամուլի մեր գործընկերների կողմից պետք է ստեղծվի անհանդուրժող մթնոլորտ ռիսկի չընկալման վերաբերյալ: Դուք ինձ այդտեղ կաջակցեք», - այս առնչությամբ ասաց նա:

Երբ շատ կոնկրետ հարց հնչեց՝ արդյո՞ք նախարարը կառաջարկի վարչապետին քանդել այդ առանձնատունը, Դավիթ Տոնոյանը հայտարարեց․- «Կոնկրետ այդ դեպքի վերաբերյալ տեղեկություններ չունեմ: Ես կարծում եմ, որ դա ևս շահարկումներ են մամուլում: Չեմ կարծում, որ կոնկրետ ինչ որ վայրում կա ռիսկայնություն և շարունակվում է շինարարությունը: Չեմ կարծում»:

Երկիր Ծիրանի կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը հարց էր ուղղել վարչապետին՝ արդյո՞ք ճիշտ են տարածված լուրերը, թե նա է Բաբայան փողոցի և Ազատության պողոտայի խաչմերուկին հարող տարածքում կառուցվող դղյակի սեփականատերը: Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը «Մեդիամաքսին» հավաստիացրել էր, թե նշված տարածքի սեփականատերը ոչ թե վարչապետն է, այլ նրա եղբայրը, որ այդ տարածքները նա ձեռք է բերել 6 տարի առաջ և որ գնելու պահին այնտեղ որևէ կանաչ տարածք չի եղել:

Զարուհի Փոստանջյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ վարչապետի մամուլի քարտուղարի պատասխանը ոչ թե փարատել, այլ հաստատել են իր կասկածները, որ Մոնումենտում կառուցվող դղյակի տերը հենց Կարեն Կարապետյանն է: Փոստանջյանի խոսքով՝ այլապես ինչո՞ւ էին տարածքը պահպանում ոստիկանները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG