Մատչելիության հղումներ

Երևանի 2799-ամյակի տոնակատարության շրջանակում կանցկացվի «Գրքի գիշեր»


«Բուկինիստ» գրավաճառ ցանցը Մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպում է «Գրքի գիշեր 2017» գրահանդեսը, որը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 14-ին, երեկոյան ժամը 6-ից մինչև կեսգիշեր Միսաք Մանուշյանի անվան պուրակում:

«Հոկտեմբերի 14-ին Երևանի հոբելյանն է՝ մեր սիրելի, մեր սիրո քաղաք Երևանի 2799-րդ տարեդարձը: Այդ օրը բազմաթիվ միջոցառումների շարքում տոնակատարության ծրագիր է մտել նաև մեր «Գրքի գիշեր» միջոցառումը», - նշեց «Բուկինիստ» գրավաճառ ցանցի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Սա արդեն նմանատիպ երկրորդ միջոցառումն է, որն անցկացնում է «Բուկինիստը»: Այս տարի ևս Մաշտոցի պողոտային հարող Միսաք Մանուշյանի անվան պուրակում մայրաքաղաքի գրասերներին ուշագրավ բազմաթիվ միջոցառումներ են սպասվում, որոնց շարքում առաջինը, իհարկե, 30 տոկոս զեղչով գրքերի վաճառքն է այդ գիշեր:

Անցյալ տարի այդ օրը պարզապես գնորդների հսկայական հերթ էր գոյացել «Բուկինիստ» գրախանութի մուտքի մոտ: Իսկ այս տարի, Խաչիկ Վարդանյանի խոսքով, բացի այն, որ ժամը 18-ից մինչև կեսգիշեր գրքերը վաճառվելու են 30 տոկոսանոց զեղչով, լինելու է 19 տարբեր միջացառումներ:

Վաղը երեկոյան Մանուշյանի անվան պուրակում տեղի կունենան գրքախաղեր, կգործեն ֆոտոտաղավարներ, կներկայացվեն ինտերակտիվ տիկնիկային բեմադրություններ: Ընթերցողները նաև հնարավորություն կունենան հանդիպել հայ ժամանակակից գրողների հետ, ինքնագրեր ստանալ սիրված գրողներից: Կկազմակերպվեն նաև հեղինակային երգի համերգներ, մի շարք այլ միջոցառումներ:

«Ժամը 10-12-ը շարժականա կինոթատրոնով ցուցադրվելու է «Ալիսան հրաշքների աշխարհում» ֆիմլը: Ժամը 12-ից մինչև առավոտ մեր օնլայն գրախանութից գրքերը վաճառվելու են 30 տոկոս զեղչով», - հավելեց Վարդանյանը:

«Դեռևս անցյալ տարի կազմակերպված գրքի գիշերն ու գրքախառնությունը ապացուցեցին, որ սին են այն կարծիքները, որ հասարակությունը հեռացել է գրքից», - ասաց Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը՝ հավելելով․ - «Այս միջոցառումը ոչ միայն ձևական բնույթ է կրելու, այլ ունենալու է իր խորը և հիմնական ազդեցությունը ընթերցողների, գրավաճառ ցանցի մեծացման, գրականության տարածման և ընդհանրապես գրքի հանրահռչակման հետ կապված: Գիտեք, որ այս օրերին տեղի է ունենում Ֆրանկֆուրտում գրքի միջազգային ցուցահանդեսը: Հայաստանը բավականին մեծ պատվիրակությամբ և շատ ավելի շքեղ տաղավարով ներկայացել է այսօր գրքի ցուցահանդեսին: Նոյեմբերի առաջին ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերը կազմակերպվում է գրքի փառատոնը, որտեղ պետական աջակցությամբ և պետական հովանավորությամբ հրատարակվող գրքերի մրցութային կարգն է ներկայացվելու, և մրցույթի կարգով ընտրվելու են այն հեղինակների ստեղծագործությունները, որոնք պետք է հրատարակվեն մեր աջակցությամբ և հովանավորությամբ: Այնպես որ, կարծում եմ, միջոցառումների այս շարքը՝ սկսած «Գրքի գիշերվանից», բավականին լուրջ ազդեցություն կարող է թողնել գրքի հանրահռչակման, գրահրատարակչության և գրքի տարածման գործում»:

Խաչիկ Վարդանյանն ասաց, որ իրենք անակնկալ են պատրաստել նաև գրադարանների համար․ - «Հաջորդ երկուշաբթի, երեքշաբթի, չորեքշաբթի օրերին մենք մեր պահեստում սպասում ենք բոլոր այն գրադարաններին, որոնք կցանկանան նվեր գրքեր ստանալ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG