Մատչելիության հղումներ

«Ծառուկյան» խմբակցությունում վարչապետի թեկնածության հարց «չի քննարկվել»


«Ազատությունը» զրուցել է Ազգային ժողովի պատգամավոր «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանի հետ:

Վարդան Բոստանջյանը ասում է, որ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանի հնարավոր պաշտոնավարման հարցը Ծառուկյան դաշինքում «բոլորին է հետաքրքրում»՝ հավաստիացնելով, սակայն, որ խորհրդարանի ամենամեծ ընդդիմադիր խմբակցությունը մինչև այժմ նման հարց չի քննարկել:

Բոստանջյան․ - «Օրինակի համար, հիմա Դուք ասում եք՝ մենք ուզում ենք Ուրան մոլորակ գնալ, էնքան լավ է էնտեղ, ասում են, եղանակը, դրությունը շատ լավ ա․․․ Բայց էդ խոսակցությունը փուչ խոսակցություն է, քանի որ մենք Ուրան մոլորակ գնալու հնարավորություն չունենք»:

«Ազատություն»․ - Նկատի ունեք, որ վարչապետ առաջադրելու հնարավորությո՞ւն չունեք:

Բոստանջյան․ - Այո:

«Ազատություն»․ - Ես նկատի ունեմ Սերժ Սարգսյանը ձեր կարծիքով հարմա՞ր է վարչապետի պաշտոնում, թե՞ ոչ: Որովհետև կա այդ խոսակցությունը հասարակության մեջ։ Այ դա ինչո՞ւ չեք քննարկում:

Բոստանջյան․ - Դե գիտեք, էդ քննարկումները մենք կանենք երևի վաղը, կանենք վաղը չէ մյուս օրը․․․ երբ որ կգա դրա պահը: Էս պահը չի եկել պարզապես»:

«Ազատություն»․ - Իսկ տրամադրություննե՞րը․․․

Բոստանջյան․ - Որևէ մեկը չի ուզել էս պահին իր տրամադրությունը էս պահին բարձրաձայնի՝ պայմանավորված միգուցե օբյեկտիվ, միգուցե սուբյեկտիվ հանգամանքներով:

«Ազատություն»․ - Իսկ պարոն Ծառուկյանն է՞լ չի հայտնել իր տեսակետը:

Բոստանջյան․ - Դուք կարծում եք նման հզոր մարդը էդպես բան ու գործ չունի, պետք ա պտտվի տարբեր տեղեր, իր կարծի՞քը այտահայտի:

«Ազատություն»․ - Իսկ Ձեր կարծիքով նպատակահարմա՞ր է, որպեսզի վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանը ղեկավարումը երկրի շարունակի:

Բոստանջյան․ - Բոլոր դեպքերում ես ասում եմ՝ մենք կանվանենք Կարեն Կարապետյան, կանվանենք Սերժ Սարգսյան, կամ կանվանենք Սամվել Կարապետյան կամ մեկ այլ մարդ, ինչպես յուրաքանչյուր քաղաքացի մեր երկրի, կցանկանանք մարդ, առաջնորդ, որը կարողանա երկրին տանել բացառապես մեր համար ցանկալի ու դրական արդյունքների: Մեր մոտ ոչ թե անձն է կարևոր, այլ կարևոր են հաջողությունները:

«Ազատություն»․ - Ձեր կարծիքով, Կարեն Կարապետյանը այս մեկ տարվա ընթացքում կարողացա՞վ հաջողություններ ապահովել:

Բոստանջյան․ - Մեկ տարին ընդհանուր առմամբ տնտեսական այսպիսի մեծ համակարգի համար հնարավոր չի․․․ ինկուբացիա ունի ամեն մի զարգացում: Այս ժամանակահատվածը գոնե էն ժամանակահատվածը չէ, որ մենք ցցուն տեսնեինք ասածի և արածի արդյունքները:

«Ազատություն»․ - Ինչքա՞ն է ևս Ձեր կարծիքով պետք:

Բոստանջյան․ - Կարծում եմ, առնվազն մի երեք տարի պետք է: Եթե մենք ներդրումային քաղաքականությանը զարկ ենք տվել, մտածել, որ վաղը ունենալու ենք արդյունքներ, պարզապես ես մասնագիտական դիտակետից հավատացնում եմ, որ նման բան չի կարելի:

Բոստանջյանը հնարավոր է համարում, որ «Ծառուկյան» դաշինքը դեմ չքվեարկի Կարեն Կարապետյանի կառավարության ներկայացրած 2018 թվականի բյուջեի նախագծին․ - «Քվեարկելու պահին ընդհանուր, ամբողջ մեր խմբակցությունը կգա էդ եզրակացության, թե ինչ դիրքորոշում մենք պետք է ունենանք: Բայց բոլոր պարագաներում տեսեք, որ կենսաթոշակների, աշխատավարձի, նպաստի և այլնի առումով բարձրացում չլինելու պարագայում մենք էս պահին ցցուն չենք տանում․․․ Գիտե՞ք ինչի համար․ ոչ թե չենք ուզում, որ դրանք բարձրանան, այլ պարզապես իրատես մոտեցում ա սա: Չկա, ո՞րտեղից մենք անենք: Էս առումով մենք մտածում ենք, որ մի քիչ էլ ա ժամանակ պետք: Իսկ նվազագույնը էդ ժամանակի գոնե երեք տարի ասացի: Ընդհանրապես ցանկացած դեպի դրական շարժվող կառավարության, ում կառավարությունը կլինի, պետք ա տալ շանս:

Իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչները նույնպես չունեն կոնկրետ պատասխան՝ արդյո՞ք 2018-ի ապրիլից հետո Սարգսյանը մտադիր է զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Ընդդիմադիր «Ելք» դաշինքի ղեկավար անդամ Արամ Սարգսյանն «Ազատության» հետ զրույցում ասել էր, որ անհրաժեշտության դեպքում իրենք պատրաստ են մոբիլիզացնել ժողովրդին՝ Սերժ Սարգսյանի այդ ծրագիրը խափանելու համար:

Անձամբ Բոստանջյանը փողոց դուրս գալը վտանգավոր որոշում է համարում: Նաև դժվարացավ պատասխանել, թե «Ծառուկյան» դաշինքն ինչ կորոշի․ - Չեմ ասում, որ փողոց դուրս գալը վատ բան է: Բայց միևնույն ժամանակ չէի ուզենա, որ փողոցով, ասենք, վտանգեի մեր քաղաքացիներին: Իսկ նման տիպի զարգացումները հղի են հետևանքներով: Մասնավորապես, կներեք, բայց ես պետք է ասեմ՝ մենք տեսել ենք Մարտի 1»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG