Մատչելիության հղումներ

Ծաղկաձորում մեկնարկել է Սփյուռքահայ գրողների 6-րդ համաժողովը


Գրողների ստեղծագործական տանը երեկ իր աշխատանքը սկսած համաժողովին մասնակցում են 17 երկրներից ժամանած շուրջ 50 սփյուռքահայ հայագիր և օտարագիր գրողներ: Առանձին պատվիրակությամբ մասնակցում են նաև Արցախի գրողները։

Համաժողովի ընթացքում հնչելիք բանախոսություններում առանցքայիններից մեկը կլինի «Հայ գրողն ու գրականությունը 21-րդ դարում» թեման:

«Բոլորս գիտենք, որ աշխարհում որտեղ ինչ պատահի, իր մի թևով առնչվում է հայ համայնքին, հայ մարդուն․․․ Եվ բոլորիս էլ անհանգստացնում է, թե, ասենք ահաբեկչություն եղավ կամ մի տեղ երկրաշարժ եղավ, մի տեղ մի բան եղավ, հայ հո չկա՞ էդտեղ: Էս բոլոր կենցաղային մանրուքներից, իրադարձություններից սկսյալ մինչև երկրների կյանքում, ինչպես եղավ Մերձավոր Արևելքում․ ամեն մի իրադարձություն՝ խոշոր թե փոքր, տեսնում ենք, որ առչվում է հայությանը: Եվ, բնականաբար, գրականությունը չի կարող այդ ամենը չընդգրկել իր մեջ», - ասաց Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Իսկ ինչպե՞ս է դիմագրավում 21-րդ դարի մարտահրավերներին հայ գեղարվեստական գրականությունը: «Կարծում եմ, այս մարտահրավերները ճանաչում է, խորքերն է մտնում և գեղարվեստական իր հարթությամբ ներկայացնում է աշխարհին», - համոզված է Միլիտոնյանը:

Սփյուռքահայ գրողների 6-րդ համաժողովին հիմնական բանախոսություններն են․ «Հայաստան - Սփյուռք գրական կապերի ուսումնասիրություն» ուղղությամբ Գիտությունների ազգային ակադեմիայի Աբեղյանի անվան գրականության ինստիտուտում իրականացվող ծրագրերը կներկայացնի Վարդան Դևրիկյանը, «Արդի սփյուռքահայ գրական միտումների» մասին կխոսի Սուրեն Աբրահամյանը, Արցախի ԳՄ նախագահ Վարդան Հակոբյանը կներկայացնի «Արցախ - Սփյուռք գրական կապերի արդի վիճակը» և այլն:

Նախատեսված է նաև, որ համաժողովի օրերին սփյուռքահայ գրողները կայցելեն Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, պատմամշակութային այլ հուշաձաններ, թանգարաններ, կմասնակցեն գրքերի շնորհանդեսների: Իսկ շաբաթվա վերջում Օշականում ներկա կգտնվեն Թարգմանչաց տոնին, որի ընթացում կհանձնվի Գրողների միության ամենամյա թարգմանչական «Կանթեղ» մրցանակը:

Համաժողովի պատվիրակների շարքում է նաև մի անգլիագիր գիտնական, հայագետ Գաբրիել Սուլթանյանը: Նա ծնունդով Կիպրոսից է, ողջ կյանքը բնակվել է Լոնդոնում, բայց վերջին տարիներին բնակության է տեղափոխվել Երևան:

«Ազատության» հետ զրույցում շեշտում էր, որ Անգլիայից ստացվող թոշակով է այստեղ ապրում: Լոնդոնում հրատարակած գրքերին այստեղ ավելացել է դրանցից մեկի թարգմանությունը․ առայժմ միակ հայերեն թարգմանված նրա աշխատությունը կոչվում է «Հայոց պատմությունը և Մովսես Խորենացին»: Ասում էր, որ վերջին 30 տարիներին անմնացորդ նվիրել է հայագիտությանը:

«Ես առաջին անձն եմ, որ նախահայկական գիր, գրականությունը երևան բերած եմ: Մեր նախահայրերը երեք հազար տարի առաջ, երբ եկան Արամի երկրի մեջ բնակեցան, դրա համար մենք մեզ կկոչենք արամյան ազգ: Արամի երկրի մեջ մոտավորապես 10-րդ դարում մեր թվարկությունից առաջ մենք թագավորություններ ունեցանք, և սկսավ գիր, գրականություն, որը կկոչվի հիերոգլիֆ: Եվ ատոնք առաջին անգամ ես բացահայտեցի, թարգմանեցի․․․ Անատոլիագական հիերոգլիֆները տարբեր են, ատոնք բոլորը հայերեն են, միայն թե հասկանալ կուզե», - ասաց Սուլթանյանը՝ հաելելով, որ հայաստանցի գիտնականներն իր հետ շատ հարցերում, ցավոք, համաձայն չեն․ - «Դժբախտաբար Հայաստանի մեջ ինձ չեն ուզեր ճանաչել, որովհետև Հայաստանի պատմաբանները և լեզվաբանները ամբողջ ազգը խաբած են․ նախապատմությունեն գաղափար չունին, սակայն նախապատմություն իրենք հնարած են»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG