Մատչելիության հղումներ

Արլեմ Դեզիր․ Չի կարող լինել ուժեղ հասարակություն մամուլի թույլ ազատությամբ


ԵԱՀԿ մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրի կարծիքով՝ Հայաստանը մի երկիր է, որտեղ խոսքի ազատության և զանգվածային լրատվամիջոցների ազատության նկատմամբ ուժեղ հանձնառություն կա: Այդ մասին նա հայտարարեց անցած շաբաթ Հայաստան այցի ընթացքում «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ին տված հարցազրույցում:

Հարցազրույցը որոշ կրճատումներով ներկայացնում ենք ստորև.

«Ազատություն». - Ես ուզում եմ Ձեր մանդատի մասին մեկ հատված ընթերցել: Այստեղ նշված է, որ մամուլի ազատության գծով ԵԱՀԿ ներկայացուցիչը պետք է լինի հայտնի անձնավորություն, որն ունի երկարատև փորձ և ումից ակնկալում են գործառույթների անաչառ կատարում: Իր պարտականությունների կատարման ընթացքում ԵԱՀԿ մամուլի ազատության գծով ներկայացուցիչը կուղղորդվի իր անկախ և օբյեկտիվ գնահատականով։ Նախկինում այս պաշտոնը զբաղեցնում էր Դունյա Միյատովիչը, ով ԵԱՀԿ անդամ պետությունների իշխանությունների գործողություններին շատ քննադատաբար էր մոտենում: Նա շատ խիստ քննադատության էր ենթարկում նրանց: Երբ ինչ-որ բան էր տեղի ունենում, նա չէր լռում: Իսկ Դո՞ւք ինչպիսի մտադրություն ունեք:

Արլեմ Դեզիր. - Ես ողջունում եմ իմ նախորդի՝ Դունյա Միյատովիչին և նրա նախորդի գնահատականը և ողջունում եմ ԵԱՀԿ անդամ 57 պետությունների կողմից իմ գրասենյակին տրված մանդատի հիմքը: Դա ուժեղ մանդատ է: Կարծում եմ, որ մասնակից պետությունները կարող են հպարտանալ, որ նրանք պարտավոր են ԵԱՀԿ շրջանակներում գործիքներ ունենալ ընդհանուր առմամբ մարդու իրավունքների և խոսքի ազատության, մասնավորապես` լրատվամիջոցների ազատության վերաբերյալ: Եվ այս հանձնառության համար ստեղծվել է դիտորդական մի կառույց, մի գրասենյակ, որը պատասխանատու է այս հանձնառության նկատմամբ հարգանքը վերահսկելու համար, ունի մանդատ, գործելու վաղ գործողության մեխանիզմի հիման վրա` ցանկացած պահի, երբ կա մամուլի ազատության, լրատվամիջոցների ազատությանը նկատմամբ ոտնձգություն, որպեսզի օգնեն պետությանը, իշխանություններին` նպաստելու լրատվամիջոցների իրավիճակի բարելավմանը:

«Ազատություն». - Մենք գիտենք, որ ԵԱՀԿ-ն ինքը երբեմն քննադատվում է որպես մի կառույց, որն արդյունավետ չէ որոշումների կայացման գործում, քանի որ այնտեղ որոշումները կամ բանաձևերը պետք է ընդունվեն կոնսենսուսով: Այսինքն, եթե մեկ պետությունը դեմ է կոնկրետ որոշմանը, այն չի կարող ընդունվել: Եվ դա է պատճառը, որ շատ դեպքերում ԵԱՀԿ բանաձևերը քննարկվում են, նրանց մասին խոսվում է, բայց ոչ մի գործողություն չի ձեռնարկվում: Արդյոք դա ազդո՞ւմ է նաև Ձեր աշխատանքի, Ձեր հնարարավորությունների վրա:

Դեզիր. - ԵԱՀԿ կանոններից մեկն այն է, որ որոշումների մեծամասնության հիմքում դրված է կենսենսուսի սկզբունքը։ Բայց որոշումները գործիքներ են, դա նշանակում է, որ բոլոր պետությունները համաձայնել են ընդունել այդ որոշումը: Եվ դա շատ կարևոր է մարդու իրավունքների բնագավառում։ Բայց իմ գրասենյակը՝ մամուլի ազատության գծով ներկայացուցիչի ինստիտուտը առանձնահատկություն ունի: Ես ունեմ պետությունների կողմից տրված մանդատ՝ գործելու իրավիճակի իմ ինքնուրույն վերլուծության հիման վրա: Ես որևէ պետության թույլտվության հայցելու կարիք չունեմ, որպեսզի ասեմ, որ եթե բանտում կա մի լրագրող, կամ եթե լրագրողների անվտանգությանը կամ բազմակարծությանը վտանգ է սպառնում, անհրաժեշտ է փոխել իշխանությունների գործողությունների քաղաքականությունը: Ես կարող եմ ասել դա, և կարող եմ անդամ պետության քաղաքականության մեջ փոփոխություններ առաջարկել: Այսպիսով, կազմակերպության մեջ իմ գրասենյակն ունի բավականին լայն ինքնավար եղանակով գործելու հնարավորություն:

«Ազատություն». - Օրինակ, Հայաստանում 2015-2016թթ. զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ ճնշումներ կային լրագրողների նկատմամբ, և չնայած այն հանգամանքին, որ դատախազը մեղադրանք է ներկայացրել լրագրողների իրավունքները ոտնահարող, նրանց դեմ բռնություններ գործադրող մարդկանց նկատմամբ, այդ մարդկանցից շատերը ի վերջո պատասխանատվության չեն ենթարկվել: Ինչպե՞ս եք պատրաստվում գործել այս իրավիճակում:

Դեզիր․ - Մենք շարունակում ենք դիտարկել այս իրավիճակը: Լրագրողների անվտանգությունը մեր առաջնային խնդիրն է: Անընդունելի է, որ նույնիսկ ճգնաժամային իրավիճակում ցույցերի ժամանակ լրագրողների անվտանգությունը խախտելու փորձեր են կատարվում, և որ լրագրողները հայտնվում են վտանգի տակ: Իմ նախորդը բավականին շատ է խոսել այս գործերի մասին, մենք դեռ մշտադիտարկում ենք այն, քանի որ ինչպես Դուք եք նշում, քննությունը դեռ չի ավարտվել, այն դեռ շարունակվում է: Եվ մենք կարծում ենք, որ շատ կարևոր է խուսափել լրագրողների դեմ հարձակման անպատժելիությունից, լրագրողների անվտանգության դեմ փորձերից:

Իհարկե, կան շատ մասնակից պետություններ, որտեղ դա խնդիր է: Ամեն տարի լրագրողներ են ծեծի, հարձակման ենթարկվում, ոտնահարվում են նրանց իրավունքները, անգամ սպանվում են ԵԱՀԿ տարածքում իրենց աշխատանքը կատարելիս, քանի որ նրանք լրագրողական դժվարին հետաքննություններ են իրականացնում, օրինակ՝ կոռուպցիայի գործերով: Այնպես որ, մեր առաջին հորդորը պետությանն այն է, որ իրական, անկախ հետաքննություն անցկացվի, ու որ լրագրողների նկատմամբ հարձակումների պատասխանատուները պատժվեն:

«Ազատություն». - Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանում մեդիայի իրավիճակը:

Դեզիր. - Սա իմ առաջին այցն է Հայաստան այս կարգավիճակում, ու Երևան ժամանալուց հետո հանդիպել եմ բազմաթիվ լրագրողների, պետական և մասնավոր հատվածի, ինչպես նաև իշխանության, կառավարության ներկայացուցիչների, մարդու իրավունքների պաշտպանի հետ: Կարծում եմ` Հայաստանը մի երկիր է, որտեղ խոսքի ազատության և ԶԼՄ-ների ազատության նկատմամբ ուժեղ հանձնառություն կա:

Այստեղ կա շատ բազմազան և առույգ քաղաքացիական հասարակություն և լրատվամիջոցներ, հատկապես առցանց լրատվամիջոցները, որոնք, ինչպես և ամենուրեք, մամուլի նոր հարթակ են: Բայց, այնուամենայնիվ, մենք քննարկել ենք լրագրողների անվտանգության հարցը՝ ՊՊԾ գնդի գրավման օրերին ծագած միջադեպի հետ կապված։ Մենք բարձրացրել ենք տեղեկատվության ազատության մասին օրենքի հնարավոր փոփոխությունների հարցը: Մենք շատ ուշադիր կլինենք, որպեսզի հետընթաց չգրանցվի այս հարցում: Հանրային հեռարձակողի հետ մենք քննարկել ենք անկախության հարցը, որը շատ կարևոր է:

«Ազատություն». - Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանի հանրային հեռուստատեսությունը անկա՞խ է:

Դեզիր. - Կա կարգավորող մարմինը, բայց ինչպես ցանկացած երկրում, պետք է ապահովել, որ խմբագրական քաղաքականությունը իսկապես որոշվի լրագրողների կողմից։ Միշտ գոյություն ունի քաղաքական ճնշում, կարծում եմ՝ այն գոյություն ունի ցանկացած երկրում: Եվ դա շատ կարևոր է, հատկապես այս ժամանակաշրջանում, երբ կա կեղծ լուրերի հարցը, երբ առկա է տեղեկատվության որակի մարտահրավերը: Շատ կարևոր է որ հանրային հեռարձակողը լինի այն տեղը, որտեղ դուք կարող եք վստահել տեղեկատվության որակին, որը անկախ է որպես հանրային ծառայություն մատուցող ու որը հավասարաչափ ձայն է տալիս թե՛ իշխանությանը, թե՛ ընդդիմությանը: Եվ այս դրույթը կա Ընտրական օրենսգրքում, և մենք քննարկել ենք դա: Եվ այն մարդիկ, ում մենք հանդիպեցինք, ասացին, որ իրենք հետամուտ են հանրային ծառայության այս սկզբունքը հարգելու:

«Ազատություն». - Freedom House-ը Հայաստանում մամուլի իրավիճակը գնահատում է որպես «ոչ ազատ»: Ի՞նչ եք կարծում այս կապակցությամբ։

Դեզիր. - Իհարկե, մենք միշտ ուշադիր ենք Freedom House-ի և այլ ՀԿ-ների տված դասակարգման և վարկանիշների նկատմամբ: Մենք չենք տալիս վարկանիշներ: Մենք կարծում ենք, որ ամենուր առաջընթացի կարիք կա: Մամուլի ազատությունը ժողովրդավարական հասարակության հզոր հենասյուն է: Վերջին տարիներին Հայաստանում մեծ փոփոխություններ են եղել: Հանրային ծառայությունը, որը մենք հիմա քննարկում ենք, ինքնին վերափոխվում է թվայնացման պատճառով:

«Ազատություն». - Դուք ասում եք՝ քաղաքացիական կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ, երբ խոսում եք հանրային ծառայության մասին, ի՞նչ ի նկատի ունեք:

Դեզիր. - Ես նկատի ունեմ, որ հանրային հեռարձակման ծառայությունը փոխվում է, կարծում եմ, որ պետք է շարունակի վերափոխվել, որպեսզի ավելի ու ավելի անկախ դառնա, ինչպես նաև, հույս ունեմ, մյուս լրատվամիջոցները:

«Ազատություն»․ - Բայց ասում եք, որ շատ քննադատություն եք լսել քաղհասարակությունից:

Դեզիր. - Այո, շատ:

«Ազատություն»․ - ՀԿ-ների, քաղաքացիական հասարակության կողմից շա՞տ է քննադատվում հանրային հեռարձակողը:

Դեզիր. - Այո...

«Ազատություն»․ - Նրանք կարծում են, որ այն անկա՞խ չէ, որ այն իշխանությունների ազդեցության ներքո՞ է:

Դեզիր. - Այո, նրանք կարծում եմ, որ Հանրային հեռուստատեսությունը անկախ չէ իշխանության վերահսկողության և ճնշման պատճառով: Կարծում եմ, նրանք տեղյակ են բարեփոխումների անհրաժեշտության մասին <․․․.>, որպեսզի շարունակվեն այն փոփոխությունները, որ սկսվել են մի քանի տարի առաջ: Կարծում եմ, որ, օրինակ, Հանրային ռադիոյի իրավիճակը այլ է: Հավանաբար, դա ավելի հեշտ է ռադիոյի համար: Համոզված եմ, որ հանրային հեռարձակողի լրագրողները ցանկանո՛ւմ են ունենալ իրենց դերը որպես անկախ լրագրողներ: Եվ ես կարծում եմ, որ անհրաժեշտ է ապահովել նրանց անկախության համար պայմաններ:

«Ազատություն»․ - Այստեղ կան նաև մտահոգություններ հիմնականում հեռուստատեսային հեռարձակողների թափանցիկության, մասնավորապես՝ նրանց սեփականատերերի թափանցիկության պակասի վերաբերյալ: Նկատի ունեմ մասնավոր հատվածը: Չգիտես ով ով է:

Դեզիր. - Այո, կա մասնավոր հեռուստատեսությունների սեփականությանը վերաբերող թափանցիկության խնդիր: Գովազդային փոքր շուկայի պատճառով բազմազանության խնդիր կա, ուստի շատ հեռուստաընկերությունների համար դժվար է զարգանալը: Այս շուկայում նոր խաղացողներ ներգրավելու խնդիր կա: Կարծում եմ, որ այն պետք է լուծվի, հավանաբար, կարգավորողի դերի էվոլյուցիայի հետ մեկտեղ, քանի որ կարգավորողի առանցքային գործառույթն է՝ ապահովել իրական բազմազանություն և պատշաճ հավասարակշռություն մասնավոր և պետական հատվածի միջև:

«Ազատություն»․ - Ընդդիմությունը միշտ բողոքում է, որ իրեն չի տրամադրվում հավասար ժամանակ լուրերի փրայմ-թայմ թողարկումներում: Նույնիսկ նախընտրական քարոզչության ժամանակ, երբ նրանք ունեն այդ հնարավորությունը՝ հեռուստատեսությամբ գովազդել իրենց ծրագրերը, երեկոյան փրայմ-թայմ լրատվական թողարկումներում իրենք չեմ ստանում այն լուսաբանումը, որը ցանկանում են: Դուք տեղյա՞կ եք այս խնդրին:

Դեզիր. - Ինչպես նշեցիք, նախընտրական շրջանում գործում են շատ խիստ կանոններ՝ ընդդիմության և մեծամասնության հավասարության հարգանքի վերաբերյալ: Կարծում եմ, որ հաջորդ փուլում պետք է մտածել նույն կանոնների մասին նույնիսկ նախընտրական շրջանից դուրս: Կարծում եմ, դրա համար շատ կարևոր է նաև կիրառել ԵԱՀԿ-ի փորձը: Նկատի ունեմ նրա անդամ 57 պետությունների դրական փորձի փոխանակումը: Կա նաև Եվրոպական հեռարձակողների միության դերը, այն հանրային հեռարձակողներին համակարգող հատուկ մարմին է:

«Ազատություն»․ - Դուք խոսում եք լրագրողների անվտանգության մասին: Երբ հանդիպում եք Հայաստանի ղեկավարությանը, ի՞նչ եք ասում նրանց այդ մասին: Օրինակ, հորդորո՞ւմ եք նրանց հետամուտ լինել լրագրողների անվտանգությանը ապահովմանը:

Դեզիր. - Այո: Լրագրողների անվտանգության ապահովման վերաբերյալ մեր հիմնական ...

«Ազատություն»․ - Այս ուղերձը փոխանցու՞մ եք նաև նրանց:

Դեզիր. - Այո: Անշուշտ:

«Ազատություն»․ - Դուք հանդիպումներ արդեն անցկացրե՞լ եք։

Դեզիր. - Այսօր մենք կհանդիպենք արտգործնախարարի հետ և վաղը՝ արդարադատության նախարարի հետ:

«Ազատություն»․ - Հանդիպե՞լ եք նախագահին:

Դեզիր. - Ոչ, նախագահին` ոչ: Ոչ այս անգամ:

«Ազատություն»․ - Դուք չե՞ք հանդիպի:

Դեզիր. - Ոչ, ոչ, ոչ։

«Ազատություն»․ - Լավ։

Դեզիր. - Հանդիպումներ ունենք կառավարության այլ անդամների հետ, նաև ոստիկանապետի հետ: Մեր հիմնական ուղերձը...

«Ազատություն»․ - Դուք նաև կհանդիպեք ոստիկանապետի՞ն:

Դեզիր. - Այո:

«Ազատություն»․ - Լավ։

Դեզիր. - Կա երկու հստակ ուղերձ: Առաջինը այն է, որ լրագրողների անվտանգությունը պետք է առաջնահերթություն լինի իշխանության համար: Դա նշանակում է, որ անվտանգության ուժերին տրված հանձնարարականներում պետք է հստակ լինի այն փաստը, որ լրագրողներին պաշտպանելու պարտավորություն կա, և, իհարկե, լրագրողների հետ որևէ միջադեպից պետք է խուսափել: Երկրորդը անպատժելիության դեմ պայքարն է: Երբ տեղի է ունենում միջադեպ, և եղել է, հատկապես, 2016 թվականի հուլիսին ՊՊԾ գնդի վրա հարձակման ժամանակ...

«Ազատություն»․ - Մեր լրագրողներից երեքի դեմ ոտնձգություն էին գործել, նրանց դուրս էին մղում այն վայրերից, որտեղ նրանք լուսաբանում էին իրադարձությունները: Սա տեղի է ունեցել, և մեր տեսախցիկները կոտրվել են, լրագրողները ծեծի են ենթարկվել: Սրանք փաստեր են:

Դեզիր. - Եվ դա անընդունելի է: Երբ դա տեղի է ունենում, պետք է հետաքննություն անցկացվի, պետք է պատժվեն դրա պատասխանատուները բոլոր մակարդակներում:

«Ազատություն»․ - Չնայած այն հանգամանքին, որ այս դեպքերում բավականին ուժեղ հայտարարություններ են արվել, մենք տեսնում ենք, որ նման իրավիճակները կրկնվում են: Ի՞նչ եք պատրաստվում անել նման իրավիճակները կանխելու համար: Կա՞ն լծակներ, գործիքներ ազդելու համար:

Դեզիր. - Կարծում եմ՝ ինքնին այդ փաստը, որ դրա մասին խոսվում է, ինչպես Դուք նշեցիք, իմ գրասենյակը հանդես է գալիս շատ ուժեղ հայտարարություններով, դա ևս գործիք է, լծակ: Քանի որ կառավարությունը պարտավորություններ է ստանձնել, նրանք պարտավոր են հարգել այդ պարտավորությունը: Դա բխում է միջազգային պայմանագրից, այն ամրագրված է Հելսինկյան եզրափակիչ ակտում, ինչպես նաև ԵԱՀԿ հռչակագրում, և նրանք գիտակցում են, որ պատասխանատվություն են կրում ԶԼՄ-ների ազատության, լրագրողների անվտանգության վերաբերյալ այդ պարտավորությունները կատարելու համար: Կան նաև այլ միջազգային հռչակագրեր, որոնք նրանք ընդունել են, օրինակ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի՝ լրագրողների անվտանգության վերաբերյալ բանաձևը։ Երկրորդ, մենք պետության հետ գտնվում ենք մշտական երկխոսության մեջ: Մենք հարցնում ենք հետաքննության մասին, պահանջում ենք արդյունքները, և դա պարզապես հայտարարություններ չեն, դա մշտական գործընթաց է:

«Ազատություն»․ - Իհարկե, Հայաստանը ձեր գլխավոր մտահոգությունը չէ, որովհետև շատ այլ երկրներ կան, օրինակ, մեր հարևանությամբ՝ Թուրքիան, Ադրբեջանը, Ռուսաստանը: Ի՞նչ կասեք այս երկրների մասին։

Դեզիր. - Ինչպես արդեն ասել եմ, ԵԱՀԿ տարածքում կան բազմաթիվ լրագրողներ, որոնք իրենց մասնագիտական պարտականությունները կատարելու համար ոտնձգությունների են ենթարկվում: Եվ մենք նույնիսկ մի քանի պետություններում իրավիճակի վատթարացում ունենք: ԵԱՀԿ տարածքում ավելի քան 170 ազատազրկված լրագրող կա: Սակայն նրանց մեծամասնությունը մեկ երկրում է՝ դա Թուրքիան է: Վերջին ամիսներին լրագրողների մի քանի դատավարություններ են եղել, և մենք հետևում ենք այդ խնդրին և պահանջում ենք ազատ արձակել այդ լրագրողներին: Նրանցից ոմանք ազատ են արձակվել: Սա նաև ցույց է տալիս, որ միջազգային արձագանքը շատ կարևոր է:

Մենք խիստ մտահոգություններ ունենք տարբեր երկրներում անվտանգության մարտահրավերների առնչությամբ: Լրատվամիջոցների ազատությանը ընդդիմացողներ կան։ Կարծում եմ, որ մենք չպետք է ընդունենք դա: Իհարկե, մենք պետք է հաշվի առնենք այն փաստը, որ երբ կա հակամարտություն, կա ահաբեկչության վտանգ, պետությունը պետք է ձեռնարկի որոշակի միջոցներ, բայց, ի վերջո, դա չի արդարացնում լրագրողների մասնագիտական պարտականությունների սահմանափակումը:

Մամուլի ազատությունը, արտահայտվելու ազատությունը պահպանելը անվտանգության մարտահրավերներին դիմակայող հասարակության կայունության արտահայտությունն է: Չի կարող լինել ուժեղ հասարակություն թույլ ԶԼՄ-ներով, մամուլի թույլ ազատությամբ։ Սա է այն ուղերձը, որ մենք հասցեագրում ենք պետություններին: Եվ մենք աշխատում ենք այս բոլոր տարբեր իրավիճակներում ԵԱՀԿ շրջանակներում՝ հիշեցնելով, որ մամուլի և խոսքի ազատությունը համարվում է պետությունների միջև անվտանգության և համագործակցության համար ներդրում:

<....>

«Ազատություն»․ - Եվ վերջին հարցը` ի՞նչ ուղերձ ունեք հայաստանցի լրագրողներին:

Դեզիր․ - Կարծում եմ, որ իմ ուղերձն այն է, որ նրանք առանցքային դեր են ունեն ժողովրդավարության կառուցման հարցում, նրանցից վրեժ են լուծել, անցյալում նույնիսկ սպանել են, երբ դեռ կառուցվում էր ժողովրդավարություն: Ես նրանց գործընկերն եմ ազատ մամուլ կառուցելու գործում:

Հարցազրույցը կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG