Մատչելիության հղումներ

«Գլենդել Հիլզից» «քաշված» բազմաթիվ շիրակցիներ չգիտեն՝ ումի՞ց պահանջեն իրենց ունեցվածքը


«Գլենդել Հիլզից» խաբված մի խումբ երևանցիներ պահանջում են իրենց հասանելիք բնակարանները, արխիվ
«Գլենդել Հիլզից» խաբված մի խումբ երևանցիներ պահանջում են իրենց հասանելիք բնակարանները, արխիվ

Վերջին տարիներին ներկայումս սնանկ ճանաչված «Գլենդել Հիլզ» շինարարական կազմակերպության «զոհերն» են դարձել բազմաթիվ մարդիկ ինչպես մայրաքաղաք Երևանում, այնպես էլ մարզերում:

«Գլենդել Հիլզ» ընկերության սնանկացումից ու լուծարումից հետո Շիրակի մարզի մի քանի գյուղերի բնակիչներ չգիտեն՝ ումի՞ց պահանջեն իրենց տնամերձ հողատարածքների վերադարձը:

Ժամանակին գյուղացիներն իրենց տնամերձ հողատարածքներն առքուվաճառքի պայմանագրով հանձնել են «Գլենդել Հիլզին», ինչի դիմաց կազմակերպությանը պարատավորվել է 270 օրվա ընթացքում այդ հողատարածքներում բնակելի տուն կառուցել ու հանձնել պետությանը, որն էլ, իր հերթին, դրանք պետք է տրամադրեր հողատարածք հանձնած ընտանիքներին:

Պայմանագրային ժամկետները մի քանի անգամ լրացել են, ինչից հետո գյուղացիների հետ ամեն տարի նոր պայմանագրեր են կնքվել, սակայն «Գլենդել Հիլզն» այդպես էլ իրեն հանձնված տարածքներում որևէ բնակելի տուն չի կառուցել: Խաբված գյուղացիներից շատերը մինչև այսօր անգամ տեղյակ չեն, որ ընկերությունը լուծարվել է: Ոմանք այդ մասին նոր են իմացել ու հիմա չգիտեն, թե ումից և ինչպես պահանջեն իրենց հողատարածքների փաստաթղթերը: «Հող ունենք, բայց մերը չէ, օդից կախված է»,- «Ազատության» հետ զրուցում ասում են անորոշության մեջ հայտնված ջաջուռցիները:

Շիրակի մարզի 19 գյուղական համայնքներում երկրաշարժի հետևանքով անօթևան ճանաչված 170 ընտանիքներից 34-ը «Գլենդել Հիլզի» հետ հողի նվիրաբերման պայմանագիր է կնքել: «Ազատության» հարցին՝ այժմ, երբ «Գլենդել Հիլզը» լուծարված է, ինչպե՞ս է լուծվելու պայմանագիր կնքած ընտանիքների հողատարածքների հարցը, Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը պատասխանեց՝ քննարկվում է երկու տարբերակ․ կամ նվիրաբերված հողատարածնքերը կվերադարձվեն գյուղացիներին, կամ էլ հարցը պետք է կարգավորվի «դատական ճանապարհով»:

Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի անօթևան ընտանիքներին բնակարանով ապահովելու համար հաջորդ տարվա բյուջեի նախագծով գումար նախատեսված չէ: Թե երբ ու ինչ տարբերակով կլուծվի 29 տարի բնակարանի սպասող մարդկանց խնդիրը, տակավին պարզ չէ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG