Մատչելիության հղումներ

«Մեծամոր» արգելոց-թանգարանը նախատեսվում է վերածել տուրիստական խոշոր կենտրոնի


«Մեծամոր» արգելոց-թանգարանը, արխիվ
«Մեծամոր» արգելոց-թանգարանը, արխիվ

Մեծ խնդիր է ենթակառուցվածքների՝ հատկապես ավտոճանապարհի ոչ-բավարար վիճակը:

Այսօր և վաղը Հայաստանի մայրաքաղաքում և գրեթե բոլոր մարզերում, Լեռնային Ղարաբաղում ավելի քան 100 մշակութային հաստատություններ, այդ թվում և գրեթե բոլոր թանգարանները, ամենատարբեր նախաձեռնություններով մասնակիցը կդառնան դեռ 1991 թվականից Եվրոպայի խորհրդի կողմից հաստատված Եվրոպական ժառանգության օրերի, որ այս տարի անցկացվում են «Ժառանգությունը և բնությունը» խորագրի ներքո։

Ծրագիրն այսօր առավոտյան մեկնարկեց Լոռու մարզի «Սոճուտ» հանրահայտ դենդրաայգում և Լոռու բերդ պատմամշակութային արգելոց-թանգարանում՝ Հայաստանի մշակույթի և բնապահպանության նախարարությունների, նաև Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության պատրաստած համատեղ ծրագրով:

Հիշեցնենք, որ Եվրոպական ժառանգության օրերի շրջանակներում տարեկան ավելի քան 70 հազար մշակութային միջոցառում է կազմակերպվում ողջ Եվրոպայի տարածքում՝ հանրությանը է՛լ ավելի մերձեցնելու, տեղեկացնելու եվրոպական ժառանգությանը և ընդգծելու դրա շարունակական պահպանության կարևորությունը:

Ուշագրավ է, որ ինչպես այս ծրագրին միացած տարբեր երկրներում, այնպես էլ Հայաստանում մարդիկ այսօր և վաղը ոչ միայն կարող են անվճար այցելել ամենատարբեր թանգարաններ, այլ նաև կարող են մուտք գործել պետակական կառավարական հաստատություններ, որոնք սովորաբար փակ են զանգվածային այցելությունների համար:

Արմավիրի մարզում գտնվող Մեծամորի թանգարանն էլ անմասն չէ Եվրոպական ժառանգության օրերին: Այնտեղ արդեն իսկ մեկ օր առաջ բացվել էր հայ-լեհական համատեղ արշավախմբի պեղումների արդյունքը ներկայացնող շատ ուշագրավ նոր ցուցադրություն: Թանգարանի տնօրեն Արտավազդ Զաքյանը «Ազատության» հետ զրույցում ասաց․ - «Մենք գտնվում ենք «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանում: Թանգարանը հիմնադրվել է 1970 թվականին, երբ հինգ տարվա պեղումների արդյունքում հասկացան մեր մասնագետները, որ մենք գործ ունենք անչափ կարևոր մի հուշարձանի հետ, և անհրաժեշտ է այստեղ կառուցել թանգարան: Եվ այդ թանգարանը Հայաստանում երևի երկու թանգարաններից մեկն է՝ «Էրեբունու» հետ միասին, որոնք կառուցված են հենց հնավայրի կողքին և ներկայացնում են բացառապես տվյալ տարածքից հայտնաբերված, տվյալ հնավայրից հայտնաբերված նյութերը»:

Մեծամորի թանգարանն իրոք բացառիկ և շատ ուշագրավ է: Ցավոք, ոչ միայն հայաստանցիներից շատերը, այլև մեր երկիր այցելող զբոսաշրջիկների մեծ մասը թերևս չգիտեն, որ այսպիսի թանգարան գոյություն ունի, և Եվրոպական ժառանգության օրերը հենց առիթ կարող են հանդիսանալ՝ տեղեկանալու այն բացառիկ ցուցանմուշներին, որոնք հայտնաբերվել են Մեծամոր արգելոց-հնավայրում և պահպանվում են թանգարանում: «Մեծամոր հնավայրից են հայտնաբերվել և «Մեծամոր» թանգարանում են ցուցադրվում Հայաստանի տարածքից հայտնաբերված ամենահին ոսկուց զարդը, [...] սարդոնիքսե գորտ-կշռաքարը, որի վրա կա արձանագրություն սեպագիր՝ դա Բաբելոնի թագավորներից մեկինն է և թվագրվում է [մ․թ․ա․] 16-րդ դարով, և դա ամենահին արձանագրություններից մեկն է, որ հայտնաբերվել է Հայկական լեռնաշխարհի տարածքում», - մասնավորապես թվարկեց թանգարանի տնօրենը:

«Հնավայրի տարածքը, գերազանցապես մեր հաշվարկումներով, անցնում է 200 հեկտարը, արգելոցի տարածքը մոտ 23 հեկտար է՝ դա իր մեջ ներառում է միջնաբերդը, դամբարանադաշտը, քաղաքային թաղամասը, որ արդեն հինգ տարի է՝ պեղվում է հայ-լեհական համատեղ արշավախմբի կողմից, սրբարանները, որոնք էլի եզակի են Հայաստանի համար՝ դա տաճարային համալիրն է և այսպես կոչված աստղադիտարանը կամ երկնային մարմինների դիտարկումների համար նախատեսված հարթակները», - ասաց Արտավազդ Զաքյանը:

Պատմամշակութային հուշարձանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության տնօրեն Արա Թարվերդյանն էլ «Ազատությանը» փոխանցեց․ - «Մենք նախատեսում ենք, որ Մեծամորի արգելոց-թանգարանը և նրա կազմում, նրա տարածքում գործող թանգարանը առաջիկա տարիներին վերածվի տուրիստական խոշոր կենտրոնի, քանի որ նրա պոտենցիալը շատ մեծ է իրականում, այցելուները, ովքեր այցելել են, դրանում համոզվել են: Միայն մեր ունեցած ոսկու ֆոնդը բավարար է, որ մեծ հետաքրքրություն առաջացնի և՛ գիտնականների, և՛ այցելուների, և՛ զբոսաշրջիկների մոտ: Սակայն խնդիրը, թե ինչու այս տարածքը չի կարողանում ակնկալվող զարգացումը տեսնի, ունենա՝ պատճառը այն է, որ ենթակառուցվածքները այստեղ գտնվում են ոչ-բավարար վիճակում, և հիմնական ենթակառուցվածքը, որը ես կուզեի նշել, դա այստեղ բերող ճանապարհի խնդիրն է, ինչը բազմաթիվ զբոսաշրջային կազմակերպությունների՝ և՛ էքսկուրսավարների, և՛ տուրօպերատորների դժգոհությունն է նաև առաջացնում, նաև՝ մերն էլ»:

Տեղական ինքնակառավարման մարմինների հետ տվյալ հարցով եղել են բանակցություններ, սակայն դրանք վերջնական արդյունքի չեն հանգել, նշեց Թարվերդյանը: «Գուցե ֆինանսական խնդիրն է այստեղ հենց հիմնականը, բայց այս խնդրում ֆինանսական ներդրումը, ես համոզված եմ, որ կբերի իր արգասիքները», - ընդգծեց նա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG