Մատչելիության հղումներ

ԵԱՀԿ ԽՎ հատուկ ներկայացուցիչ․ Ղարաբաղյան հակամարտությունը պետք է ավարտվի


Քրիստիան Վիգենին, արխիվ
Քրիստիան Վիգենին, արխիվ

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է ավարտվի: Այսպիսի հայտարարությամբ է հանդես եկել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) Հարավային Կովկասի հարցերով հատուկ ներկայացուցիչ Քրիստիան Վիգենինը՝ ամփոփելով իր այցելությունը տարածաշրջան:

ԵԱՀԿ ԽՎ պաշտոնական կայքէջում հրապարակված հաղորդագրությունում ասված է, որ սեպտեմբերի 29-30-ը Երևանում Վիգենինը հանդիպել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, խորհրդարանի նախագահ Արա Բաբլոյանի, արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, ԵԱՀԿ ԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների, Երևանի Պետհամալսարանի ուսանողների, ինչպես նաև Թալիշ գյուղի մի խումբ բնակիչների հետ, որոնք մեծապես տուժել են 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ:

«Հենց այս շաբաթ հանդիպելով մարդկանց հետ շփման գծի երկու կողմերից, որոնք շարունակում են տառապել այս տասնամյակներ շարունակվող հակամարտությունից, ես կրկնում եմ՝ սա պետք է ավարտվի: Հակամարտությունը շարունակում է հետևանքներ ունենալ հարյուր հազարավոր մարդկանց ամենօրյա կյանքի վրա», - շեշտում է Վիգենինը: - «Անհրաժեշտ է հրատապ և լուրջ քաղաքական ներգրավվածություն՝ նրանց խաղաղություն բերելու համար»:

Իր աջակցությունը հայտնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և դրա համանախագահների աշխատանքին՝ նա միաժամանակ ընդգծել է, որ վերջնական պատասխանատվությունը ներգրավված կողմերի քաղաքական ղեկավարության վրա է, և ողջունել է մոտ ապագայում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման պլանները:

Հաղորդվում է, որ Երևանում Վիգենինը հանդիպել է նաև Լեռնային Ղարաբաղի «դե ֆակտո խորհրդարանի նախագահի հետ»:

Մինչ Հայաստան ժամանելը ԵԱՀԿ ԽՎ հատուն ներկայացուցիչը եղել է Ադրբեջանում և Վրաստանում:

Տարածաշրջան այցելության արդյունքների մասին Վիգենինը հոկտեմբերի 4-ին հաղորդում կներկայացնի ԵԱՀԿ ԽՎ Մշտական կոմիտեին և կոնկրետ առաջարկներով հանդես կգա:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG