Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը պատրաստվում է գաղտնազերծել աշխատակիցների քանակը


Բարեփոխումների 2017-2022 թվականների հայեցակարգի նախագծով ոստիկանությունը պատրաստվում է գաղտնազերծել աշխատակիցների քանակը։

Նույն հայեցակարգով առաջարկվում է ապառազմականացնել ոստիկանության զորքերն ու վերանվանել «Ոստիկանության գվարդիա»։

Ոստիկանության շտաբի պետ Հովհաննես Քոչարյանը պարզաբանում է՝ այսուհետ ոստիկանության զորքերը երկրի սահմանների պաշտպանության գործում ներգրավված չեն լինելու․ - «Մենք ոչ թե մեզ առանձնացնում ենք էդ խնդրից, այլ ասում ենք՝ ռազմական դրության ռեժիմի պայմաններում ոստիկանությունը ներգրավվի այդ խնդրի իրականացմանը: Այս զորքերի կարգավիճակը այսօր մի փոքր այլ է․ նրանք ուղղակիորեն ներգրավված են, հանդիսանում են Զինված ուժերի մաս, բանակային ստորաբաժանման պես մի բան են: Կարծում եմ, մեր քաղաքացիները պետք է իրենց առջև տեսնեն ոչ թե զինվորականների ներքին անվտանգության հարցերի ապահովման հարցում, այլ ոստիկանների»:

Հայեցակարգը, որը դառնալու է «Ոստիկանության մասին» նոր օրենքի հիմքը, առաջարկում է ոստիկանության զորքերն օգտագործել միայն զանգվածային անկարգությունները կանխելու և խափանելու համար, հակաահաբեկչական նպատակով, ռազմական և արտակարգ դրության ռեժիմ ապահովելիս, տարերային ու տեխնածին վթարների ժամանակ․ - «Ցույց ցրելու համար զորքեր չեն ներգրավվում: Էն, ինչ որ դուք տեսել եք, դրանք կանխարգելիչ միջոցառումներ են․ նրանց ներկայությունն ապահովվում է, բայց նրանք հավաքներին չեն միջամտում՝ եթե, իհարկե, անկարգություններ չեն սկսվում: Այսինքն, ոստիկանական զորքերը պաշտպանական, արտաքին ագրեսիայից պաշտպանվելու գործառույթներ ունի այս պահին, որը աստիճանաբար վերանալու է բացառապես ներքին իրավակարգի ապահովման խնդիրների լուծմանը»:

«Ազատության» խնդրանքով Հովհաննես Քոչարյանն անդրադարձավ Կարո Եղնուկյանի ընտանիքի և համակիրների հետ Հայաստան - Սփյուռք համաժողովի օրերին տեղի ունեցած միջադեպին։

Սեպտեմբերի 19-ին, հիշեցնենք, սփյուռքահայերին Ժիրայր Սեֆիլյանի և Կարո Եղնուկյանի նկարներով թռուցիկների բաժանելիս, 11 քաղաքացի տարվել էր ոտիկանության բաժին՝ պատճառաբանմամբ, թե ահազանգ կա, որ ակցիայի մասնակիցները պայթուցիկ փաթեթներ ունեն։ Իրավապաշտպաններն ու քաղհասարակության անդամները ոստիկանության գործողությունը Սահմանադրությամբ արմրագրված խաղաղ հավաք անցկացնելու իրավունքը ոտնահարելու փորձ որակեցին։

Ոստիկանության շտաբի պետն ասաց․ - «Ստացվել էր ահազանգ, որ տնային ճանապարհով ստեղծվող պայթուցիկ փաթեթների օգնությամբ ակցիա է կազմակերպվելու, և հանրության ուշադրությունը հրավիրելու են այդ խնդրի վրա: Անձնական զննությամբ չի հայտնաբերվել ոչինչ: Անհնար է էդ ճանապարհով ակցիաներ խափանելը․․․ Էդ մեկը խափանվեց, բայց բազմաթիվ միջոցառումներ իրականացվեցին: Եթե համարենք, որ խափանվեց»:

Ոստիկանությունը հանրության քննադատության թիրախում վերջերս հայտնվեց ևս մեկ միջադեպի պատճառով, երբ սեպտեմբերի սկզբին հրապարակվել էր քաղաքացու ու ճանապարհային ոստիկանության աշխատակցի միջև ծագած վեճի տեսագրությունը։
Թեև ոստիկանությունն այդ նկարահանումն իրականացնում է ոստիկանների աշխատանքը վերահսկելու համար, և իրավունք չունի հրապարակել քաղաքացիներին վերաբերող տեսանյութ, Հովհաննես Քոչարյանը վստահ է, որ ոստիկանությունը քաղաքացու իրավունքենրը չի խախտել։

«Ինչո՞ւ այս դեպքում տարածվեց: Որովհետև նախորդ օրը «Հրապարակ» օրաթերթում հարգարժան քաղաքացին դեպքի մանրամասները ամբողջությամբ ներկայացրեց հանրությանը՝ դրանով իսկ գաղտնազերծելով իր մասնավոր կյանքին վերաբերող այդ հատվածը: Ընդ որում, «Հրապարակը» իր լուսանկարն էլ տակը կցեց և բոլոր անհատական տվյալներն էլ հետը հրապարակեց: Այսինքն ոստիկանությունը որևէ գաղտնիք չի բացել, մենք անձնական տվյալ չենք հրապարակել, մենք արդեն իսկ հանրության սեփականությունը դարձած դեպքի վերաբերյալ տեղեկություն ենք տարածել», - փաստարկեց նա:

Վերջին շրջանում հաճախակի դարձած քրեական հաշվեհարդարներին ու հանրային վայրերում հնչող կրակոցներին հակառակ՝ ոստիկանությունը տեղեկացնում է, թե քրեական հանցագործությունները նվազել են․ - «Հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների մասնաբաժինը կազմում է 0.3 տոկոս՝ 37 դեպք: Նախորդ տարվա ցուցանիշից նվազել է 12 դեպքով: Բացահայտվել է 31-ը կամ 83.8 տոկոսը: Սպանությունների մասնաբաժինը կազմում է 0.3 տոկոս՝ 34 դեպք: Նվազել է 20 դեպքով, բացահայտվել է 25-ը, կամ 73.5 տոկոսը»:

Ճանապարհատրանսպորտային միջոցներից գանձվող տուգանքների 50 տոկոսի՝ 4.2 մլրդ դրամի փոխարեն այսուհետ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը տարեկան 2.9 մլրդ դրամ է ստանալու։ Հովհաննես Քոչարյանը շեշտում է՝ այսպիսով պետությունը 1.3 մլրդ դրամ կտնտեսի:

Հիշեցնեմ, 2011 թվականին «Սեքյուրիթի դրիմը»՝ հաղթելով ձեռքբերման և շահագործման մրցույթը, հանրապետության ամբողջ տարածքում արագաչափեր և տեսախցիկներ տեղադրեց։ 2017-ին նախագահի հանձնարարությամբ ընկերության հետ նոր պայմանագիր կնքվեց՝ փոքրացնելով գանձվող տուգանքներից «Սեքյուրիթի դրիմ»-ին հասանելիք չափաբաժինը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG