Մատչելիության հղումներ

Շիրակի պետհամալսարանի շուրջ հարյուր ուսանողներ դասադուլ են անում


Նրանք պահանջում են, որ անօրինական ճանաչվի ԲՈւՀ-ի գիտխորհրդի որոշումը, որով անվստահություն են հայտնել պատմության ամբիոնի վարիչի պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանին:

Շիրակի պետական համալսարանի Պատմության ֆակուլտետի 100-ից ավելի ուսանողներ այսօր դասադուլ էին հայտարարել` ի պաշտպանություն պատմության ամբիոն վարիչի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Խորիկյանի, ով պնդում է, որ համալսարանի ռեկտորը իր նկատմամբ պատժիչ գործողություններ է սկսել:

Խորիկյանն ու համալսարանի մեկ այլ դասախոս՝ Գագիկ Համբարյանը նախագահին ու վարչապետին օրերս ուղղված բաց նամակի հեղինակներն են: Վերջիններս ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում են մի շարք չարաշահումների, գումարների փոշիացման մեջ:

Ուսանողները նաև ստորագրահավաք են սկսել և պահանջում են, որ անօրինական ճանաչվի ԲՈւՀ-ի գիտխորհրդի որոշումը, որով անվստահություն են հայտնել Խորիկյանին:

Դասադուլին ավելի ուշ նաև ԲՈՒՀ-ի այլ ֆակուլտետների ուսանողներ միացան, վերջիններս էլ պահանջում էին չկրճատել ուսման վարձի զեղջերը:

«Սրանից առաջ բարձր գնահատական ունեցող ուսանողները օգտվել են մի շարք զեղչերից, իսկ հիմա բարձր գնահատական ունեցող ուսանողներն այլևս չեն օգտվում այդ զեղչերից», - «Ազատությանն» ասաց ուսանողներից մեկը:

Մեկ տարի առաջ պաշտոնը ստանձնած բուհի ռեկտոր Սահակ Մինասյանը պնդում է, որ վարձավճարների զեղջերի հարցը փորձում են շահարկել՝ վստահեցնելով, որ կարգում փոփոխություններ չի մտցրել․ - «Չկա ոչ մի որոշում դեռևս հրապարակված զեղչերի վերաբերյալ: Բնական է, որ խոսակցությունները կա՛մ ապատեղեկատվության, կա՛մ ոչ ճիշտ մեկնաբանության [արդյունք են]»:

Հովհաննես Խորիկյանն ասում է, որ գիտակցում են, թե ինչ քայլի են գնում, բայց լռել այլևս չեն կարող․ - «Նախագահին և վարչապետին խնդրել ենք, որ իրենց կողմից կազմակերպվեն այստեղ համապատասխան ֆինանսական և այլ ստուգումներ: Ստուգումները թող ցույց տան, թե իրականում էստեղ ինչ իրավիճակ է տիրում»։

«Համբերության բաժակը լցվել է», - գործընկերոջ խոսքը շարունակում է Գագիկ Համբարյանը փաստաթղթերով ներկայացնում ու հիմնավորում բաց նամակում իրենց բարձրաձայնած մեղադրանքները: Դասախոսները ռեկտոր Սահակ Մինասյանին մեղադրում են նախկին ռեկտորից ժառանգություն թողնված 500 միլիոն դրամ փոշիացնելու մեջ:

Գագիկ Համբարյանը ցույց է տալիս հաստիքացուցակը ու մատնանշում ադմինիստրատիվ աշխատողների բարձր աշխատավարձերը․ - «Աշխատակազմի ղեկավարը 350 հազար է ստանում․․․ Դասախոսները, եթե քիչ թե շատ նորմալ դասեր ունես, մոտավորապես 70-80 հազար դրամ, ոչ ավելի»:

Սահակ Մինասյանը հակադարձում է․ - «Ադմինիստրատիվ մասերի աշխատավարձերի հարաբերակցությունը, ըստ գործող կարգերի միջին ինդեքսացիայի, դեռևս հավասար չէ դասախոսական կազմի աշխատավարձի հարաբերակցությանը»:

Բաց նամակում տեղ գտած մեղադրանքներից ոչ մեկը չընդունեց Սահակ Մինասյանը՝ դրանք որակելով հերյուրանք:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG