Մատչելիության հղումներ

Էրդողանի ամերիկյան այցը կրկին ուղեկցվել է ծեծկռտուքով


Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանի հերթական այցը Միացյալ Նահանգներ հերթական անգամ ուղեկցվեց ծեծկռտուքով:

Երեկ երեկոյան Նյու Յորքի կենտրոնում գտնվող Marriot Marquis հյուրանոցի սրահներից մեկում մի խումբ ցուցարարներ փորձեցին խափանել Էրդողանի ելույթը, սակայն Թուրքիայի նախագահի կողմնակիցները կանխեցին դա:

Համացանցում հայտնված տեսագրության մեջ հստակ երևում են, թե ինչպես են Էրդողանի կողմնակիցները ծեծի ենթարկում անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից սրահից դուրս բերվող ցուցարարներին: Այս ամենին հետևում էր ինքը Թուրքիայի նախագահը` պարբերաբար իր աջակիցներին հանդարտության կոչեր ուղղելով:

«Այս գործողության նպատակը Թուրքիայի կողմից քրդերի հանդեպ իրականացվող ռազմական հանցագործությունների և մարդու իրավունքների խախտումների վրա հանրության ուշադրությունը սևեռելն էր», - New York Times-ի հետ զրույցում նշել է ակցիայի վեց մասնակիցներից մեկը` Մեգան Բոդետը:

Հիշեցնելով մայիսին Վաշինգտոնում տեղի ունեցած ծեծկռտուքի մասին` Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը միջադեպից մի քանի ժամ անց, հայտարարություն է տարածել, որում մասնավորաբար նշված է․ «Այս անգամ, ըստ ամենայնի, թուրքական անվտանգության ծառայության աշխատակիցները միջադեպին ներքաշված չեն եղել»:

Նյույորքյան հյուրանոցում ծավալված դեպքերից անմիջապես հետո նախագահ Էրդողանը մեկնեց Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայան, որտեղ կայացավ նրա հանդիպումը Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Թե՛ ամերիկյան և թե՛ թուրքական աղբյուրների վկայությամբ, բանակցություններն ընթացել են բավական ջերմ մթնոլորտում:

«Այսօր ինձ համար մեծ պատիվ է իմ բարեկամը դարձած Թուրքիայի նախագահ Էրդողանին ձեզ ներկայացնելը», - դիմելով հանդիպումը լուսաբանող լրագորղներին՝ հայտարարել է Դոնալդ Թրամփը` հավելելով․ - «Նա աշխարհի շատ դժվարին մի հատվածն է ղեկավարում: Նա շատ ազնիվ և արդյունավետ է գործում և շատ բարձր գնահատականի է արժանի: Նա նաև Միացյալ Նահանգների հետ է աշխատում: Մեր երկրների միջև խորը բարեկամական հարաբերություններ են առկա: Իմ կարծիքով, մենք երբեք այսքան սերտ հարաբերություններ չենք ունեցել: Եվ շատ բան այս առումով կախված է անձնական հարաբերություններից: Շնորհակալություն, պարոն նախագահ: Միացյալ Նահանգներում ձեզ հյուրընկալելը մեծ պատիվ է»:

Հաճոյախոսությունների առումով Թուրքիայի նախագահը ևս փորձում էր իր ամերիկացի գործընկերոջից հետ չմնալ․ - «Իմ սիրելի բարեկամ Դոնալդ: Այսօր մենք բանակցությունների ընթացքում քննարկելու ենք մեր երկկողմ հարաբերությունների ներկա վիճակը: Մեզ նաև հնարավորություն է ընձեռված քննարկել վերջին տարածաշրջանային զարգացումները: Մեկ անգամ ևս ցանկանում եմ իր երախտագիտությունը հայտնել հանդիպման այս հնարավորության համար»:

Հայրենիք վերադառնալուց առաջ Ռեջեպ Թայիփ Էրդողանը նաև հարցազրույց է տվել Reuters գործակալությանը: Դրանից պարզ է դառնում, որ թուրք-ամերիկյան բանակցությունների օրակարգի հիմնական թեմաներից մեկը եղել է Միացյալ Նահանգներում բնակվող իսլամիստ գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցը: Պաշտոնական Անկարան պնդում է, որ 2016-ի հուլիսին տեղի ունեցած հեղաշրջման անհաջող փորձի կազմակերպիչը հենց Գյուլենն էր:

«Միացյալ Նահանգները ևս դիմում էին ահաբեկիչներին արտահանձնելու պահանջով: Իմ վարչապետության տարիներին մենք թվով 12 ահաբեկիչների ենք վերադարձրել: Նրանցից ոմանց գործերը դատական պրոցեսի մեջ էին, ոմանցը`ոչ: Մենք, սակայն, իրավական այդ գործընթացը կարողացանք ավարտին հասցնել և արտահանձնեցինք այդ մարդկանց: Գյուլենն ու նրա կողմնակիցները առայժմ դատարանի առջև չեն կանգնել: Ինչո՞ւ [ամերիկացիները] այդ մարդկանց չեն արտահանձնում: Առավել ևս, որ մեր երկրում մահապատիժը վերացված է, ուստի դուք կարող եք նրանց առանց որևէ մտավախության արտահանձնել», - նշել է Էրդողանը:

Reuters-ին տված հարցազրույցում Էրդողանը նաև որոշ մանրամասներ է հաղորդել Ռուսաստանի և Իրանի հետ` Սիրիայի շուրջ օրերս ձեռք բերված պայմանավորվածությունների մասին: Էրդողանի պարզաբանումներից պարզ է դառնում, որ մոտ ապագայում թուրքական ստորաբաժանումները մուտք են գործելու Սիրիայի տարածք:

«Ինչ վերաբերում է Իդլիբում գտնվող անվտանգության գոտու սահմաններին, ապա կարող եմ ասել, որ ռուսական ստորաբաժանումները ապահովելու են անվտանգությունը Իդլիբի շրջակայքում, իսկ Թուրքիան` բուն Իդլիբի տարածքում: Այս խնդրում Թուրքիան շարունակում է համագործակցել Ռուսաստանի հետ: Երկուշաբթի օրն արդեն ես կհանդիպեմ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ», - հայտարարել է Ռեջեպ Թայիփ Էրդողանը` հավելելով, որ շաբաթ օրն արդեն թուրքական ստորաբաժանումներն արտերկիր ուղարկելու հարցը կքննի երկրի խորհրդարանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG