Մատչելիության հղումներ

Հայաստանը միացել է խոշտանգող գործիքների վաճառքն արգելող ՄԱԿ-ի հայտարարությանը


էլեկտրաշոկ առաջացնող հատուկ գործիք, արխիվ
էլեկտրաշոկ առաջացնող հատուկ գործիք, արխիվ

Եվրամիության առաջնորդությամբ շուրջ 60 երկրներ երկուշաբթի օրը ՄԱԿ-ում հայտարարություն են ընդունել՝ կոչ անելով դադարեցնել խոշտանգումների կամ մահապատժի համար օգտագործվող միջոցների, մասնավորապես, մահաբեր հաբերի և էլեկտրացնցումներ առաջացնող մահակների վաճառքը:

«Ֆրանսպրեսը» հաղորդում է, որ ՄԱԿ-ի պարտադիր ուժ չունեցող այս հայտարարությունը ստորագրած 60 երկրների շարքում առավելապես ԵՄ անդամներ են, նաև լատինաամերիկյան պետություններ, Կանդան, Մոնղոլիան, փաստաթուղթը պաշտպանել են նաև Հայաստանը, Մադագասկարը, Սեյշելյան կղզիները:

Այս նախաձեռնությունը կարող է ազդեցություն ունենալ Միացյալ Նահանգների, Չինաստանի, Իրանի և Սուդիան Արաբիայի վրա, երկրներ, որոնցում մահապատիժը վերացված չէ, ոստիկանության զինանոցում էլ էլեկտրացնցող մահակներ և այլ հատուկ միջոցներ կան: Եվրամիությունը մահապատժի և խոշտանգումների դեմ պայքարը համարում է իր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից մեկը: 2005 թվականից սկսած ԵՄ-ն քայլեր է ձեռնարկում՝ արգելելու խոշտանգման և մահապատժի միջոցների առևտուրը:

Հինգ տարի առաջ Եվրամիությունը խիստ հսկողություն է սահմանել այն դեղամիջոցների արտահանման վրա, որոնք կարող են օգտագործվել մահաբեր ներարկումների համար: Անցյալ տարվանից արգելվել է խոշտանգող գործիքների տարանցումը ԵՄ անդամ բոլոր երկրների տարածքով: Կառույցի առևտրի հարցերով հանձնակատար Սեսիլիա Մալմսթրոմը համոզված է, որ այդ քայլերը նպաստում են Եվրոպայում նման գործիքների և միջոցների արտադրության կրճատմանը:

«Սա որևէ երկիր չի թիրախավորում»,- ասել է Եվրամիության հանձնակատարը, նշելով, որ նախաձեռնությունն արդյունքներ տալիս է, բայց «ավելի գլոբալ գործելու կարիք կա»: Մալմսթրոմն ասել է նաև, որ խոշտանգումներն արգելված են միջազգային համաձայնագրերով, սակայն մինչև հիմա դա տեղի է ունենում՝ երբեմն «ահաբեկչության դեմ պայքարի անվան տակ»: Հայտարարությանը միացած երկրները, այդ թվում Հայաստանը, պարտավոր են սահմանափակել նման գործիքների արտահանումը, հետևել առևտրային ուղիներին, տեղեկատվություն փոխանակել, մասնավորապես, շուկայում հայտնված նոր միջոցների մասին:

Նախաձեռնության վերջնական նպատակը միջազգային կոնվենցիայի ընդունումն է, որը կարգելի խոշտանգումների և մահապատիժների իրականացման ժամանակ օգտագործվող միջոցների և գործիքների առևտուրը: «Այդ գործիքները սարսափելի ցավ պատճառելուց և մարդկանց սպանելուց բացի ուրիշ ոչ մի բանի համար չեն օգտագործվում: Մենք երբեք չպետք է թույլ տանք, որ դրանք վաճառվեն այնպես, ինչպես մյուս ապրանքները: Կոնկրետ գործողությունների ժամանակն է՝ վերջ տալու համար այդ արհամարհելի առևտրին»,- «Ֆրասպրեսի» փոխանցմամբ՝ ասել է Եվրամիության առևտի հարցերով հանձնակատարը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG