Մատչելիության հղումներ

Ալեքսեյ Նավալնին սկսում է նախընտրական քարոզարշավը


Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին ելույթ է ունենում Եկատերինբուրգի հավաքին, 16-ը սեպտեմբերի, 2017թ․
Ռուսաստան - Ալեքսեյ Նավալնին ելույթ է ունենում Եկատերինբուրգի հավաքին, 16-ը սեպտեմբերի, 2017թ․

Ռուսաստանում, մինչ, տեղի դիտորդների համաձայն, պետական լրատվամիջոցները ձեռնամուխ են եղել անհրաժեշտ տեղեկատվական ֆոնի ձևավորմանը՝ նախապատրաստելով բնակչությանը երկիրը մոտ 20 տարի ղեկավարած Վլադիմիր Պուտինի հերթական առաջադրմանը նախագահի պաշտոնում, նախընտրական իր քարոզարշավն է սկսել ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին:

Շաբաթ օրը Նավալնին ելույթ է ունեցել Մուրմանսկում և Եկատերինբուրգում, իսկ կիրակի օրը՝ Օմսկում: Հավաքները մարդաշատ էին, խաղաղ և անցել են առանց միջադեպերի:

Հատկապես մարդաշատ էր Եկատերինբուրգի հավաքը: Նավալնու շտաբի տվյալներով՝ 10 հազարից ավելի մարդ էր հավաքվել, իսկ ոստիկանության տվյալներով՝ հազարից մի քիչ ավելի: Լուսանկարներում հստակ երևում է, որ հավաքն իսկապես մարդաշատ էր: Մեծամասամբ երիտասարդներ էին, Նավալնին էլ, իր սովորության համաձայն, խոսում էր կոռուպցիայից, խոստանում էր, որ իր նախագահ ընտրվելուն պես բարձրաստիճան չինովնիկներն ու օլիգարխները կհայտնվեն ճաղերի հետևում և պատասխանատվության կենթարկվեն:

«Ես հստակ անուններ եմ տալիս, ես չեմ ասում միայն՝ եկեք պայքարենք համակարգի դեմ, ես ասում եմ՝ Սերդյուկովը, Դիմոնը, Ռոտենբերգը պետք է պատասխան տան», - հայտարարում էր ռուսաստանցի ընդդիմադիր գործիչը:

«Դիմոնը» Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն է, Ռոտենբերգը՝ Պուտինի ամենամտերիմ ընկերներից, օլիգարխ, ով հաճախ է ստանում պետական պատվերներ:

Նավալնու մարդաշատ հավաքները չեն լուսաբանել հեռուստաընկերությունները, որոնք վերահսկվում են իշխանությունների կողմից, սակայն դրանք ակտիվորեն լուսաբանվել են համացանցում:

Ալեքսեյ Նավալնին և իր կողմնակիցները նախընտրական շտաբներ են բացել Ռուսաստանի գրեթե բոլոր մեծ քաղաքներում:

Հիշեցնենք, նախագահական ընտրությունները Ռուսաստանում եկող տարի են՝ մարտին: Երկրի նախագահը դեռ պաշտոնապես չի հայտարարել ընտրություններին մասնակցելու մասին, սակայն Կրեմլը ակտիվորեն պատրաստվում է դրանց, և ակնկալվում է, որ արդեն նոյեմբերին Պուտինը կհայտարարի, որ ռուսաստանցիների խնդրանքին ընդառաջ՝ գնում է նախագահության չորրորդ ժամկետի:

Ալեքսեյ Նավալնուն, ամենայն հավանականությամբ, թույլ չեն տա մասնակցել այդ ընտրություններին, քանի որ նա դատապարտված է պայմանական անազատության «Կիրովլեսի գործով»: Այս հանգամանքը, սակայն, չի կանգնեցնում ընդդիմադիր գործչին, և նա արդեն ակտիվ նախընտրական գործընթաց է սկսել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG