Մատչելիության հղումներ

ՀՀ-ն ԵԱՏՄ-ից դուրս բերելու՝ «Ելք»-ի ծրագիրը կհաջողի միայն հանրային լայն աջակցության դեպքում․ Մեկնաբաններ


Վերլուծաբանների համոզմամբ, ԵԱՏՄ-ից դուրս գալու՝ «Ելք»-ի նախաձեռնությունը հաջողության կհասնի միայն այն դեպքում, եթե ընդդիմադիր դաշինքն այդ ուղղությամբ գործընթացներ ծավալի նաև խորհրդարանի պատերից դուրս։ Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանն ու մեկնաբան Հակոբ Բադալյանը շեշտում են՝ խորհրդարանում ընդամենը 9 պատգամավոր ունեցող «Ելք»-ի այս ծրագիրը կարող է ազդեցիկ լինել, եթե այն վայելի հասարակության լայն աջակցությունը։

«Խորհրդարանի պատերից դուրս հասարակության հետ տարվող աշխատանքը պետք է գլխավորը լինի ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս բերման հարցի առումով, որովհետև եթե մենք չենք ձևավորել բազան, ապա նման նախաձեռնությունների քաղաքական կշիռը շատ թույլ և իրավիճակային է լինելու»,- «Ազատությանն» ասաց Հակոբ Բադալյանը: Ստյոպա Սաֆարյանն էլ խորհրդարանից դուրս գործունեություն ծավալելու անհրաժեշտությունը հիմնավորում է հանգամանքով, որ խորհրդարանի ներսի ուժերը երեբեք չեն ընդունի, որ ԵԱՏՄ-ի հարցով իրենք սխալ են եղել: «Փողոց, միայն փողոց»,- պնդում է քաղաքագետը:

Օրերս «Ելք»-ը ներկայացրել էր Եվրասիական տնտեսական միության պայմանագրի գործողությունը դադարեցնելուն վերաբերող ԱԺ հայտարարության նախագիծ: Ընդդիմադիրների կարծիքով, այդ միությունը Հայաստանի համար շահեկան չէ, քանի որ դրան միանալուց հետո սոցիալական տնտեսական ոլորտներում «էական հետընթաց է արձանագրվել»:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նախաձեռնած այդ միությունից դուրս գալն, ըստ քաղաքագետների, այնքան վտանգավոր չէ, որքան հաճախ ներկայացվում է։ Թեև իշխանությունները Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու որոշումը 2013 թվականին հիմնավորում էին երկրի անվտանգության ամրապնդման անհրաժեշտությամբ, վերլուծաբաններն այսօր ընդգծում են՝ անցած երկու տարիները ցույց տվեցին, որ ԵԱՏՄ-ն այդպես էլ Հայաստանի անվտանգության երաշխավորը չդարձավ, հետևաբար՝ այդ միությունից դուրս գալը, մասնավորապես, ղարաբաղյան հակամարտության հետ կապված՝ վտանգներ չի պարունակում։

«Ղարաբաղի հարցում եթե կան վտանգներ, ապա դրանք ԵԱՏՄ-ի հետ կապ չունեն: Ղարաբաղի հարցում Կրեմլի վերաբերմունքը բացարձակապես կապված չէ ԵԱՏՄ-ի հանդեպ Հայաստանի վերաբերմունքի հետ, և դա մենք տեսանք ապրիլյան պատերազմի ընթացքում: Այսինքն՝ մենք անդամակցեցինք ԵԱՏՄ-ին, բայց դա բացարձակապես չբերեց նրան, որ Ռուսաստանն ազդի Ադրբեջանի վրա և թույլ չտա, որ Ադրբեջանն իր սպառազինությունն օգտագործի կոնկրետ Հայստանի ու Արցախի դեմ ագրեսիա իրականացնելու համար»,- նշում է Բադալյանը: Սաֆարյանը հավելում է․ «Ես կասեի՝ վտանգներով հղի կլինի, եթե մենք շարունակենք այդ կործանարար ընթացքով գնալ»:

ԵԱՏՄ-ի այլընտրանքը, ըստ «Ելք»- դաշինքի, Եվրամիության հետ համագործակցությունն է՝ Ասոցացման համաձայնագրի շրջանակներում։ Մեկնաբաններն այս հարցում համակարծիք են ընդդիմադիր ուժի հետ։ «Եթե մենք ասենք, որ չընտրելով Ռուսաստանը և ընտրելով Եվրոպան կամ ԱՄՆ-ն, միանշանակ սկսելու ենք լավ ապրել, դա կլինի շատ միամիտ պնդում։ Խնդիրը հեռանկարների մեջ է։ Անհերքելի և աներկբա է, որ ԵԱՏՄ-ն անարդյունավետ կառավարման համակարգերով պետությունների միասնություն է, այսինքն մի ակումբ է, որը ստեղծվել է այդ անարդյունավետ կառավարման համակարգերը պահպանելու համար»,- ասում է Հակոբ Բադալյանը:

Շուրջ 3 տարի բանակցելով Եվրամիության հետ, այդ ընթացում ամբողջացնելով Ասոցացման համաձայնագրի տեքստը, նախագահ Սերժ Սագսյանը 2013 թվականի սեպտեմբերի 3-ին, Մոսկվայւմ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո, անսպասելիորեն հայտարարեց ՌԴ նախաձեռնած Մաքսային միությանը միանալու ցանկության մասին։ 2015 թ․ հունվարի 2-ին Հայաստանը դարձավ ԵԱՏՄ անդամ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG