Մատչելիության հղումներ

Եվրամիությունը երկարաձգել է պատժամիջոցները ռուսաստանցիների նկատմամբ


Եվրամիությունն առանց քննարկելու երկարաձգել է պատժամիջոցները ռուսաստանցիների նկատմամբ: Ցուցակում 149 ֆիզիկական և 38 իրավաբանական անձինք են, որոնց Բրյուսելը Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ գործողությունների մասնակից է համարում: Այս մասին ասված է Եվրամիության խորհրդի կայքում:

Պատժամիջոցները երկարաձգվել են մինչև 2018 թվականի մարտի 15-ը: Ցուցակը 4 անձով կրճատվել է, քանի որ մի քաղաքացի մահացել է այս ընթացքում, ինչ գործում են պատժամիջոցները, և 3 ընկերություններ միավորվել են:

Պատժամիջոցները նախատեսում են ցուցակում առկա անձանց ֆինանսական ակտիվների սառեցում Եվրամիության երկրներում, ինչպես նաև արգելված է այդ անձանց մուտքը ԵՄ երկրներ:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները երկարաձգելու մասին որոշումն ընդունել են 28 երկրների ներկայացուցիչները:

Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Չապան այս որոշումը պայմանավորել է Գերմանիայում անցկացվելիք Բունդեսթագի ընտրություններով: «Գերմանացի պատգամավորները մեծ ազդեցություն ունեն Եվրախորհրդարանում: Սա նախ և առաջ Անգելա Մերկելի որոշումն է», - ասել է ռուսաստանցի պատգամավորը:

Ռուսաստանի դեմ պատժամիջոցները Եվրամիությունն առաջին անգամ ընդունել էր դեռևս 2014 թվականի մարտին՝ Ղրիմի բռնակցումից հետո, իսկ վերջին անգամ Բրյուսելը պատժամիջոցները Ռուսաստանի դեմ երկարաձգել էր այս տարվա մարտին:

Հավելենք, որ այս պատժամիջոցներից բացի գործում են նաև Ռուսաստան պետության դեմ պատժամիջոցներ, որոնցով արգելվում է զենքի առևտուրը Ռուսաստանի հետ, եվրոպական կապիտալի շուկայի և նավթային ոլորտում համագործակցությունն է սահմանափակվում: Առանձին պատժամիջոցներ էլ գործում են Ղրիմի և Սևաստոպոլի դեմ, որոնք Եվրամիությունը ճանաչում է Ուկրաինայի տարածք:

Բրյուսելում պնդում են, որ պատժամիջոցները շարունակելու են գործել, քանի դեռ չկան լուրջ ակնհայտ հաջողություններ Ուկրաինայի արևելքում ճգնաժամը կարգավորելու գործում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG