Մատչելիության հղումներ

Քաղաքական գործիչներն արձագանքում են բոլշևիկյան բռնաճնշումների զոհերին նվիրված ցուցահանդեսի փակմանը


«Խավարում» խորագրով ցուցադրություն՝ նվիրված բոլշևիկյան բռնությունների հայ զոհերի հիշատակին, Երևան, 4-ը օգոստոսի, 2017 թ․
«Խավարում» խորագրով ցուցադրություն՝ նվիրված բոլշևիկյան բռնությունների հայ զոհերի հիշատակին, Երևան, 4-ը օգոստոսի, 2017 թ․

Ազգային ժողովի 4 խմբակցություններից միայն ընդդիմադիր «Ելքն» է, հանդես գալիս Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանի կազմակերպած՝ խորհրդային բռնատիրության զոհերին նվիրված «Խավարում» խորագրով ցուցահանդեսի արգելման դատապարտմամբ:

«Ելքն» իր հայտարարության մեջ շեշտում է՝ մշակույթի նախարարության այսօրինակ քաղաքականությունը դատապարտելի է, հարիր է խորհրդային տոտալիտար համակարգի գործելաոճին և կարող է դառնալ չափազանց վտանգավոր նախադեպ: Դա նաև «մշակութային գրաքննության նենգ դրսևորում է, որը պայմանավորված է քաղաքական նկատառումներով և սեփական պատմությանն առերեսվել չկարողանալու խիստ սահմանափակ մտածողությամբ»:

«Ելք» խմբակցությունից Արամ Սարգսյանն ասում է՝ հանրությունը պետք է դատապարտի տեղի ունեցածը, իսկ մշակույթի նախարարությունը պետք է վերականգնի ցուցահանդեսն առանց գրաքննության և ներողություն խնդրի: «Մշակույթի նախարարությունը չպետք է վերածվի մշակութային ոստիկանության, առավել ևս այն հարցերում, որոնք պատմական ճշտման կարիք ունեն: Մենք համարում ենք, որ թանգարանի տնօրինության հասցեին հնչած սպառնալիքները պետք է վերացվեն և պետք է համապատասխան գործընթաց սկսվի՝ նման դեպքերը կանխարգելելու համար»,- ասաց Սարգսյանը:

Իշխանության մաս կազմող Դաշնակցություն խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասում է՝ թեև այս պատմության բոլոր մանրամասներին ծանոթ չէ, սակայն վրդովվեցուցիչ է համարում ցուցահանդես փակելը: «Չգիտեմ՝ պաշտոնական ինչ հիմնավրումով է դա կատարվել, բայց դրա կարիքը կա, որպեսզի հասարակությանը բավարարող պատասխան լինի: Իսկ այն, ինչ արել է տիկին Թուխիկյանը, կարծում եմ՝ շատ տրամաբանական գաղափար է և դա կապել Հովհաննես Թումանյանի հետ, նույնպես շատ տրամաբանական է, Թումանյանի երեք զավակներն էլ դրա [բոլշևիկյան բռնատիրության] զոհերն են եղել:

Հանրապետական խմբակցությունում, մինչդեռ, հիմնականում տեղյակ չէին, որ բոլշևիկյան բռնատիրության զոհերին նվիրված ցուցահանդեսը փակվել է մշակույթի փոխնախարարի հրահանգով: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը խոստացավ մանրամասները ճշտել մշակույթի նախարար Արմեն Ամիրյանից: Պետաիրավական հանձնաժողովի նախագահ, նախկին արդարադատության նախարար Հրայր Թովմասյանն էլ տեղյակ չէր ցուցահանդեսից, նաև խոստովանեց՝ արվեստից հեռու է, Նարինե Թուխիկյանին էլ չի ճանաչում:

Այն պատգամավորների համար, ովքեր դեռ տեղյակ չէին կատարվածին, խորհրդարանի ամբիոնից հայտարարություների ժամին խոսեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը․ «Մի սարսափելի նորություն ունեմ, եթե մինչ այժմ չեք հասցրել տեղեկանալ» հայտարարեց Միրզոյանը, նշելով՝ մշակույթի նախարարությունը գրաքննություն է իրականացնել, ինչն անընդունելի է, անընդունելի են նաև մշակույթի փոխնախարարի պարզաբանումներրը:

«ՀՀԿ-ի իշխանության օրոք, մի կուսակցություն, որի հիմնադրումը խարսխված է անկախականության, նժդեհականության գաղափարների վրա, նույն Նժդեհն էր այդ բռնատիրությունների զոհ․․․ այս ու՞ր ենք հասել»,- շարունակեց «Ելք»-ի պատգամավորը: Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասաց, թե չի ողջունում ցուցահանդեսն արգելելը, սակայն նաև չի դատապարտում․ «Տիեզերական հանցագործություն չի կատարվել, բոլոր դեպքերում՝ սուբյեկտիվ քայլ է կատարվել»:

Օրերս տեղեկություն էր ստացվել, որ 22 օր գործելուց հետո մշակույթի նախարարության պահանջով փակվել է Նարինե Թուխիկյանի նախաձեռնած «Խավարում» խորագրով ցուցադրությունը, որը նվիրված էր բոլշևիկյան բռնաճնշումների հայ զոհերի հիշատակին: Հովհաննես Թումանյանի տուն թանգարանի տնօրենը նշել էր, որ ցուցահանեսը զրպարտության հետևանքով է փակվել:

Մշակույթի փոխնախարար Արև Սամուելյանն «Ազատության» հետ զրույցում պարզաբանելով այդ որոշումը, հայտարարել էր, թե ցուցադրությունը «քաղաքականացված էր», և միայն որոշակի շտկումներից հետո հնարավոր կլինի այն վերականգնել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG