Մատչելիության հղումներ

«Նաիրիտ»-ի տարածքում հրդեհը մեկուսացվել է, ընթանում են հովացման աշխատանքներ


Արդեն յոթ տարի պարապուրդի մատնված «Նաիրիտ» քիմիական գործարանի տարածքում այսօր բռնկված հրդեհը օրվա երկրորդ կեսից հետո մեկուսացվել է:

Արտակարգ իրավիճակների նախարարության փոխանցմամբ՝ թեև կրակի տարածման վտանգ չկա, սակայն հրդեհն ամբողջությամբ դեռ չի մարվել: Ըստ մասնագետների՝ հրդեհի վայրում այրվում է էթինոլ նյութը:

Արտակարգ Իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն Մուշեղ Ղազարյանը լրագրողներին հայտնեց, որ հրդեհը բռնկվել է պաթյունի հետևանքով։ Նրա խոսքով, 2010 թվականից չաշխատող գործարանի տարածքում այդ պահին մարդ չի եղել:Թե ինչպես առաջացել պայթյունը, դեռ հայտնի չէ:

«Ոչ մեկ չի վնասվել, վիրավորներ և զոհեր չկան: Մենք մեկուսացնում ենք, հովացման աշխատանքներ ենք անում, որպեսզի տարածում չլինի», - ասաց նա:

Ըստ ծառայության պետի՝ հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ ծխահարվել են երեք հրշեջ-փրկարարներ: Նրանցից մեկին տեղում ցուցաբերվել է բուժօգնություն, իսկ մյուս երկուսը տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն և ստանալով բուժօգնություն՝ նորից վերադարձել են հրդեհի վայր և շարունակում են մասնակցել հրդեհաշիջման աշխատանքներին:

Իրականացվում են նաև հրդեհին հարակից տարածքների հովացման աշխատանքներ: ԱԻՆ-ի մասնագետների հավաստմամբ՝ գործարանի մոտակա տարածքից բնակիչներին տարհանելու անհրաժեշտություն չկա, քանի որ այրվող նյութը բնակչության առողջության համար վտանգավոր չէ․ - «Հարակից տարածքներին ծուխը վտանգավոր չի: Ուղղակի ճիշտ կլինի, որ պատուհանները փակ պահեն, որ ծուխը իրանց տուն չլցվի, որպեսզի չշնչեն»:

ԱԻՆ Ճառագայթային քիմիական կենսաբանական մոնիթորինգի բաժնի պետ Վալերի Բագեյանը ևս դեպքի վայրում աշխատող լրագրողներին փոխանցեց, որ այրվող էթինոլ լաքից վտանգավոր արտանետումներ չկան․ - «Մինչև անկախություն, երբ բնականոն գործարանը աշխատում էր, էս թափոնը արտահանվում էր ստեղից: Օգտագործում էին, օրինակ, Սանկտ Պետերբուրգում նավերի կառուցման ժամանակ օգտագործում էին որպես լաք, որպեսզի ջուրը չներթափանցի»:

Բագեյանը նաև ասաց, թե պատճառներից մեկը ինքնաբռնկումը կարող է լինել․ - «Քանի որ բարձր ջերմաստիճանի տակ այդ նյութը էդ հնարավորությունն ունի ինքնաբռնկման»:

Նաիրիտի նախկին տնօրեն Կարեն Իսրայելյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նման հրդեհ տեղի է ունեցել նաև մոտ 10 տարի առաջ՝ կրկին այրվել է էթինոլ լաքը․ - «Ժամանակին մենք դա օգտագործել ենք, վառել ենք․․․ վաճառք էլ ա եղել, ճիշտ է՝ ոչ մեծ քանակով: Գործարանին վնաս չի տալիս, բայց դա չես կարող դու թափել: Ժամանակին, երբ որ աշխատում էր գործարանը, որպես թափոն մենք այրում էինք»:

Առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը՝ հատկապես երեխաներին, ծերերին և շնչառական հիվանդություններ ունեցողներին խուսափել հրդեհին մոտ գտնվող տարածքներում երկար ժամանակ դրսում մնալուց։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG