Մատչելիության հղումներ

ՌԴ քաղաքացիներին վիզաների տրամադրումը ժամանակավորապես դադարեցնելու ԱՄՆ որոշումը վրեժխնդրություն չէ. դեսպան


Միացյալ Նահանգների դեսպանությունը ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումը ռուսաստանցիներին, ոչ թե այն պատճառով, որ ուզում է վրեժխնդիր լինել նրանցից, այլ պարզապես կադրային կրճատումներն են բերել պարտադիր վերաձևավորումների։ Այդ մասին ասվում է Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Թեֆթի՝ դեսպանության էջում հրապարակած տեսագրությունում։

«Ես ցավում եմ, որ ռուսաստանցի որոշ մեկնաբաններ սա նաև ներկայացնում են իբր մենք ուզում ենք վրեժխնդիր լինել ռուսաստանցիներից՝ մեր դիվանագետների թիվը կրճատելու՝ Կրեմլի որոշմանն ի պատասխան», - ասել է Թեֆթը և հավելել. - «Կրճատումների պատճառով դեսպանությունը պարզապես ստիպված է եղել իր կադրերը վերաբաշխել»։

Դեսպանության կայքում տեղադրված տեսագրությունում Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանը նաև փաստում է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերություններն այսօր շատ ցածր մակարդակի վրա են։ «Մենք իրար չենք վստահում», - ասում է դեսպանը և հավելում. - «Դիվանագետների թվի կրճատման մասին Ռուսաստանի իշխանությունների որոշումը չի նպաստում ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը»։

Միացյալ Նահանգներն օգոստոսի 23-ից ժամանակավորապես դադարեցրել է վիզաների տրամադրումը Ռուսաստանի քաղաքացիներին՝ ամերիկացի դիվանագետների թիվը կրճատելու՝ Կրեմլի որոշմանն ի պատասխան: Թեև սեպտեմբերի 1-ից ռուսաստանցիները դարձյալ ամերիկյան վիզաներ ստանալու հնարավորություն կունենան, բայց միայն մայրաքաղաք Մոսկվայում: Մինչդեռ նախկինում ռուսաստանցիներին վիզաներ էին տրամադրում նաև ՌԴ մի քանի այլ քաղաքներում գործող ամերիկյան հյուպատոսությունները:

Օգոստոսի 22-ին Մոսկվայում ամերիկյան դեսպանության առջև այս պատճառով մեծ հերթեր էին առաջացել։ Անցած շաբաթ ԱՄՆ դեսպանությունները Հայաստանում և Վրաստանում հայտարարեցին, որ պատրաստ են ամերիկյան վիզաներ տրամադրել ռուսաստանցիներին Հայաստանում և Վրաստանում։

Հիշեցնենք՝ հուլիսին, հակադարձելով ԱՄՆ նախագահական ընտրություններին միջամտելու համար Ռուսաստանի հանդեպ սահմանված ամերիկյան նոր պատժամիջոցներին, Կրեմլը Վաշինգտոնից պահանջել էր 755-ով կրճատել Ռուսաստանում գործող ամերիկացի դիվանագետների թիվը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG