Մատչելիության հղումներ

ՀՔԱՎ-ի պնդմամբ, բանակ են զորակոչվել մեծ թվով առողջական խնդիրներով զինծառայողներ


Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ուսումնասիրության համաձայն՝ վերջին երկու զորակոչի ընթացքում ավելի մեծ թվով առողջական խնդիրներ ունեցող զինծառայողներ են հայտնվել բանակում։

«Արտագաղթի թիվը, միայն Սերժ Սարգսյանի նախագահության օրոք, կազմել է 320 հազար: Եթե նույնիսկ ընդունենք, որ 320 հազարի հիսուն տոկոսն է արական սեռի ներկայացուցիչ՝ 160 հազարը արդեն զինված ուժերի քանակի կրկնակի-եռակի թվի հետ գործ ունենք: Ինչո՞վ է ապահովվելու՝ բնականաբար, եղած մարդկային ռեսուրսների հաշվին», - մեկնաբանում է գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը:

Անցած 8 ամիսների ընթացքում ՀՔԱՎ գրասենյակ է դիմել առողջական խնդիրներ ունեցող 42 երիտասարդ, նրանցից 19-ը ճանաչվել են պիտանի ծառայությանը։ Արթուր Սաքունցի պնդմամբ հիվանդություն ունեցող երիտասարդներին բանակ զորակոչելու մյուս հիմնական պատճառը նախարարի նոր հրամանն է՝ բազմաթիվ հիվանդություններ դուրս են եկել ծառայության համար ոչ պիտանիների ցանկից։

«Եթե մի 10-15 տարի առաջ հարթաթաթության տարբեր տեսակներով տարկետում էին տրամադրում կամ ճանաչում էին ծառայության համար ոչ պիտանի, հիմա միայն առաջին՝ ամենածանր աստիճանի դեպքում», - նշեց իրավապաշտպանը:

Պաշտպանության նախարարի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հիմնազուրկ է համարում իրավապաշտպան կառույցի ուսումնասիրությունը։ Հովհաննիսյանի խոսքով, բժշկական հանձնաժողովը կարող է երբեմն սխալվել, սակայն ծառայության ընթացքում հիվանդության ի հայտ գալու դեպքում զինծառայողը բանակում չի մնում։

«Չեմ կարծում, որ մեծ հայտնություն է արել պարոն Սաքունցը, որովհետև մոլորակի վրա չկա պետություն, որտեղ մի քանի հազար նորակոչիկի տանում են բանակ ու մի քանի տասնյակը բողոք չեն ունենում», - հայտարարեց Հովհաննիսյանը:

Օրերս առողջական խնդրով բանակ զորակոչված որդու մասին «Ազատությանը» պատմել էր նորակոչիկի մայրը՝ հայտնելով, որ հոգեբուժական դիսպանսերում գրանցված, չափավոր մտավոր հետամնացություն ունեցող 18-ամյա զավակը արդեն տասն օր է ծառայում է բանակում։ Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ, նախարարությունը զբաղվում է այս խնդրով, մեկ անգամ արդեն հանդիպել են ծնողին։

Արթուր Սաքունցի գրասենյակը նույնպես ուշադրությամբ հետևում է այս խնդրին, իրավապաշտպանի համոզմամբ նման առողջական խնդիր ունեցող երիտասարդները վտանգավոր են հենց բանակի համար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG