Մատչելիության հղումներ

Հայաստանում առաջիկայում կարող է կրկնապատկվել աղբահանության վարձը


Կառավարությունը նախաձեռնել է նոր աղբավայրերի կառուցում ու հների փակում, ինչի հետևանքով չի բացառվում, որ առաջիկայում ամբողջ Հայաստանում աղբահանության վարձը կկրկնապատկվի։

«200 դրամանոց սակագինը, երբ որ մենք խոսում ենք ոչ միայն աղբահավաքության, այլև աղբահանությունը իր տրամաբանական ավարտին հասցնող աղբավայրի մասին, անխուսափելիորեն պիտի խոսենք ավելի բարձր սակագնի մասին», - այսօր «Ազատության» հետ զրույցում հայտարարեց ՏԿԶՆ Տարածքային ներդրումային քաղաքականության և գործառնական ծրագրերի վարչության պետ Արտաշես Բախշյանը։

Նրա խոսքով, Հայաստանում 2000-ից ավելի աղբավայր կա, սակայն դրանցից որևէ մեկն արտոնագրված չէ և աղբավայրի համար նախատեսված չափանիշներին չի համապատասխանում:

«Անգամ Երևանի աղբավայրերը օրինական չեն: Դրանք ուղղակի գործում են վաղեմության ուժով, բայց ներկայումս գործում է մի իրավական ակտ՝ քաղաքաշինության նախարարի հաստատած: Դա «Աղբավայրերի նախագծման և շահագործման ուղեցույցն» է, որի համաձայն որևէ աղբավայր չի գործում», - մանրամասնեց Բախշյանը:

Մինչև սեպտեմբեր տեղական իշխանություններին հանձնարարվել է վերացնել 2,000 աղբավայրերի մեծ մասը, ամբողջ Հայաստանում թողնելով մոտ 50 աղբավայր։

Երկուշաբթի օրը վարչապետն ընդունեց Global Reserves Management ընկերության գործադիր տնօրեն Ռոբերտ Ուիթֆիլդին: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում աղբի վերամշակման գործարանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման հնարավորություններն ու հետագա քայլերը: Կառավարությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ պայմանավորվածությունը խիստ նախնական է և մանրամասներ չեն կարող հաղորդել:

«Էկոլուր» բնապահպանական հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանը չի պատկերացնում, թե ինչպես որևէ ընկերություն կարող է Հայաստանում այս ոլորտում ներդրում անել, եթե ենթակառուցվածքներ ընդհանրապես չկան։

«Սկսած աղբի նետելու պահից, որ մենք պետք է հասկանանք, որ ունենք աղբի տեսակավորման համար տարբեր աղբամաններ, և վերջացրած, որ հասկանանք, որ մենք աղբ չունենք, ունենք նոր երկրորդային արտադրանք», - պարզաբանում է բնապահպանը: - «Ոչ մի ենթակառուցվածք մեզ մոտ չկա, նույնիսկ սխեմա չկա, թե ինչպես պետք է աշխատի այս կառուցվածքը», - նշում է նա:

Ինգա Զարաֆյանը հիշում է նախկինում Հայաստան եկած այլ ներդրողների և փաստում՝ ենթակառուցվածքների բացակայության պատճառով նրանք հեռացան։

Հայաստանում աղբի վերամշակմամբ հետաքրքրված նոր ընկերությունը այստեղ գրասենյակ չունի։ Կառավարությունից հավաստիացրին՝ նոր զարգացումների դեպքում լրացուցիչ կտեղեկացնեն։ Մինչ այդ, հատկապես գյուղական համայնքներում բնակիչներն աղբը շարունակում են այրել կամ թափել ոռոգման համար օգտագործվող գետերն ու ջրատարները։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG