Մատչելիության հղումներ

Շամիրամում տեղի ունեցած սպանությունների պատճառը 100,000 դոլարն է եղել․ Ազիզ Թամոյան


Իրավապահները քննում են դեպքի վայրը, 2-ը օգոստոսի, 2017թ.
Իրավապահները քննում են դեպքի վայրը, 2-ը օգոստոսի, 2017թ.

Շամիրամ համայնքում օգոստոսի 1-ին տեղի ունեցած արյունալի միջադեպի պատճառը 100,000 դոլարն է եղել՝ «Ազատության» հետ զրուցում այսօր հայտարարեց Եզդիների միության նախագահը։ Ազիզ Թամոյանն այսօր այցելել էր Շամիրամ, հանդիպել եզդիական համայնքի ղեկավարներին ու պարզել, որ սպանության մեջ կասկածվող Թելման Քալաշյանը եկել էր պահանջելու վաղեմի պարտքը։

«Նույնիսկ այդ տղան, որ ավտոմատը ձեռքին է եղել, կրակել է, իրենց առաջարկել է, որ՝ եթե իմ գումարը տաք, ես ձեզ չեմ խփելու», - պատմեց Եզդիների միության նախագահը:

Կրակողն ու սպանվածներից 3-ը ունեցել են բարեկամական ու խնամիական կապեր՝ ասում է Թամոյանը։ Եզդիների միության նախագահի խոսքով՝ պարտքի հարցը կարելի էր լուծել նույն սեղանի շուրջ նստելով, խոսելով, որ գործը սպանության չհասներ։

Սպանությունից հետո որոշ լրատվամիջոցներ գրեցին ընտանիքների միջև գոյություն ունեցող վենդետայի մասին: Այս առնչությամբ Ազիզ Թամոյանը մեկնաբանեց․ - «Այդ մասի խոսում են, բայց մեր պապերն ասում են՝ ժողովրդի բերանը չվան է, այսինքն տարբեր բաներ խոսում են: Այդ Թելմանը, որը կրակել է, հորը ես շատ մոտիկից ճանաչում եմ՝ բարի, լավ մարդ է, մի հոյակապ անձնավորություն է: Թե այդ տղան ինչի համար է, թե ոնց է այդ քայլին դիմել՝ ինձ համար զարմանալի է»:

Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Շամիրամի գերեզմանատան հարևանությամբ գտնվող սրահում զինված տղամարդը կրակ էր բացել հավաքվածների վրա, ապա դիմել փախուստի։ 4 մարդու սպանության և 7-ին վիրավորելու մեջ կասկածվող Թելման Քալաշյանը դեռ փնտրվում է ոստիկանության կողմից։ Նա Արմավիրի մարզի Մյասնիկյան գյուղից է, համայնքում վերջին անգամ Քալաշյանին տեսել են երեկ առավոտյան։ «Ազատության» հետ զրույցում Մյասնիկյանի գյուղապետ Տիգրան Բաղդասարյանը նշեց, որ 50-ամյա Քալաշյանը մինչև այդ զբաղվել է անասնապահությամբ և նախկինում ագրեսիվ վարքով աչքի չի ընկել։

«Սովորական, աշխատող մարդ, անասնապահությամբ էին զբաղվում: Կին ունի, երեք աղջիկ և մեկ տղա», - պատմեց գյուղապետը:

Ըստ գյուղապետի՝ թեև Քալաշյանի ընտանիքն ու հարազատները սարերում են, բայց երեկվանից նրանց տների առջև հերթապահում են ոստիկանները։

Եզդիների միության նախագահն էլ կոչ է անում կողմերին արյունը արյունով չլվանալ։ Ըստ Թամոյանի՝ ցանկացած հանցագործ պետք է իր պատիժը կրի օրենքի տառին համաձայն․ - «Մենք մի բուռ ազգ ենք, մենք չպիտի նման քայլերի գնանք: Ընդհակառակը, մենք պիտի համախմբվենք, պիտի կարողանանք միմյանց հարգենք, որպեսզի մեր գոյությունը պաշտպանենք աշխարհում»:

Առողջապահության նախարարությունից էլ հայտնում են, որ այժմ բուժումը շարունակում է 5 տուժած` 2-ը Աշտարակի հիվանդանոցում, 3-ը՝ «Աստղիկ» բժշկական կենտրոնում: Նրանց առողջական վիճակը գնահատվում է կայուն։

Շամիրամի դեպքը, նաև վերջին շաբաթների ընթացքում հաճախակի արձանագրվող նման տեսակի սպանությունները, ըստ իրավապաշտպան Վարդան Հարությունյանի, խոսում են այն մասին, որ մարդիկ, չհավատալով արդարադատության համակարգին, փորձում են խնդիրները լուծել սեփական մեթոդներով։

«Մարդիկ, ովքեր բախվում են արդարադատության համակարգին, տեսնում են, որ այնտեղ քաղաքացին անպաշտպան է: Այդ իմաստով, իհարկե, մարդը ստիպված է լինում մտածել՝ բա լավ, ես ինչպե՞ս պաշտպանվեմ և շատ հնարավոր է, որ դիմի այսպիսի ծայրահեղ քայլերի», - «Ազատության» հետ զրույցում մեկնաբանեց Վարդան Հարությունյանը:

Իրավապաշտպանի խոսքով՝ նման արյունալի հանցագործությունների թվի ավելացումը պայմանավորված է նաև ոստիկանության գործելաոճով։ Ըստ նրա՝ այս օղակն իր աշխատանքը կատարելու փոխարեն զբաղված է միտինգներ ցրելով։ Հարությունյանը նշում է՝ ներկայիս ոստիկանությունը նույն սովետական միլիցիան է, որի հանդեպ հավատ չի եղել, չի էլ կարող լինել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG