Մատչելիության հղումներ

«Հուլիսի 29-ը ուղղակի ահաբեկչական գործողություն էր»․ «Ա1+»-ի լրագրող


«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, 30-ը հուլիսի, 2017թ․
«Ա1+»-ի լրագրող Ռոբերտ Անանյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդման ժամանակ, 30-ը հուլիսի, 2017թ․

«Հիշելով հուլիսի 29-ը՝ կարող ենք մեկ բան առանձնացնել, որ դա ոստիկանության կողմից քաղաքացիների և լրագրողների նկատմամբ ուղղակի ահաբեկչական գործողություն էր», - «Ազատության» հետ զրույցում հայտարարեց «Ա1+» հեռուստաընկերության լրագրող Ռոբերտ Անանյանը, ով ևս տուժել էր մեկ տարի առաջ տեղի ունեցած այդ իրադարձությունների ժամանակ:

«Ինչո՞ւ այդպիսի գնահատական տալ՝ որովհետև աննախադեպ բռնությունների ծավալ էր Սարի Թաղում, ոստիկանությունը, խախտելով մի շարք օրենքներ, հատուկ միջոցներ կիրառեց քաղաքացիների, նաև լրագրողների նկատմամբ, և ես, իմ մյուս գործընկերները, տարբեր վնասվածքներ ստացանք», - ասաց Անանյանը «Կիրակնօրյա վերլուծական Հրայր Թամրազյանի հետ» հաղորդաշարի հուլիսի 30-ի թողարկման ժամանակ:

«Մթնոլորտը ուղղակի բռնության մթնոլորտ էր, և այդտեղ որևէ մեկը երաշխիք չուներ, որ կարող է Սարի Թաղից ողջ դուրս գալ, և իմ բառերը ապացուցվում են կադրերով, երբ տեսնում ենք՝ էնտեղ երեխաներից մեկի աչքն էր ամբողջովին դուրս եկել, քաղաքացիները տարբեր այրվածքներ էին ստացել, և ուղղակի բախտավորություն էր Սարի Թաղից ողջ դուրս գալը այդ օրը», - ընդգծեց լրագրողը:

2016 թվականի հուլիսի 29-ի երեկոյան Երևանի Ազատության հրապարակից մեկնարկած երթը Սարի Թաղում և Խորենացի փողոցում բախվեց ոստիկանների ու նրանց թիկունքից գործող քաղաքացիական հագուստով անձանց հետ: Ի պաշտպանություն Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը գրաված «Սասնա ծռեր» զինված խմբի անցկացվող հերթական ցույցը ցրելու համար հատուկ միջոցներ գործադրվեցին, հարձակման ենթարկվեցին նաև այդ իրադարձությունները լուսաբանող լրագրողները: Տուժեցին հարյուրավոր քաղաքացիներ և շուրջ երեք տասնյակ լրագրողներ, բերման ենթարկվեց մոտ 200 քաղաքացի։

«Սիվիլնեթ» կայքի օպերատոր Սարգիս Խարազյանը, ով այդ օրերին իրադարձությունների կիզակետում իր մասնագիտական աշխատանքն էր կատարում, իր հերթին, պատմեց․ - «Դրանից առաջ մեկ օր և նույն օրը՝ ցերեկն էի ես նկարահանում, և ես նրանց [ոստիկանների հետ գործող քաղաքացիական հագուստով անձանց], անընդհատ աչքիս տակ ընկնում էին, չգիտեմ ինչի, հեռու նստած էին և տարօրինակ էին ինձ թվում, ես անընդհատ իրենց իմ կամերայի նշանի տակ պահում էի: Մի անգամ էլ, երբ եկան ինձ փոխարինելու, ես դուրս եկա, մտա էդ շենքի հետևը՝ «Ծիրան» է կարծես էդ խանութը, երկար շենքի հետևը՝ Խորենացու, շենքի հետևը մտա և տեսա, որ էդ ոստիկանները՝ բարձրաստիճան ոստիկանները, դրանց հետ շփվում են և ուղղություններ էին ցույց տալիս, թե ինչ անեն, ոնց անեն․ դեռ 29-ը չէր՝ մի քանի օր առաջ էր դա»:

«Այսինքն, ես ասեմ, որ չեմ կարծում, որ դրանք ոստիկաններ էին, այլ դրանք Թոխմախի Մհերի, իր «ժողովուրդն է», այսպես ասեմ», - հայտարարեց օպերատորը:

Հարցազրույցները կարող եք դիտել այստեղ․

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG