Մատչելիության հղումներ

Գործադիրը որոշել է առաջիկա երեք տարիներին կրճատել կրթությանը հատկացվող գումարները


Կառավարության 2018-2020 թվականների միջնաժամկետ ծախսերի ծրագրով ՀՆԱ-ից ոլորտին հատկացվող մասնաբաժինը նվազեցվելու է․ եթե այս տարի այն կազմում է 2.34 տոկոս, 2018-ին կլինի 2.18 տոկոս, 2019-ին` 1.99 տոկոս, իսկ 2020 թվականին` 1.85 տոկոս:

Այսպիսի խնայողությունը, ըստ կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի, խոսում է, ոլորտի հանդեպ գործադիրի ունեցած վերաբերմունքի մասին՝ «գեղեցիկ խոսքեր‚ հավակնոտ ծրագրեր‚ բայց ոչ մի կոպեկ փող»․ - «Կրթությունը պետք է համարենք ոչ թե որպես ծախս, այլ ներդրում։ Եթե դու կրթության փող չես տալիս, դու, ըստ էության, ներդրում չես անում, հետևաբար տարիներ հետո ոչ մի բան չես կարող ակնկալել: Այն, որ այսօր համակարգի վիճակը վատ է, դրա պատճառն այն է, որ 15-20 տարի առաջ էլի փող չենք տվել կրթությանը: Ինչո՞ւ է այսօր մեր վարչապետը գնում մարզպետարաններ, բաներ ու բողոքում, որ լավ չեք աշխատում և այլն, և այլն․․․ Միգուցե լավ չեն աշխատում, որովհետև ժամանակին էլ էս մարդկանց կրթության վրա փող չի դրվել»:

Խաչատրյանի համոզմամբ՝ ոլորտի համար սա «իսկական աղետ է»։ Ըստ նրա, ՀՆԱ-ի հատկացումներից բացի, կրճատվելու են նաև բացարձակ թվերը՝ այսինքն ավելի քիչ գումար են ստանալու դպրոցներն ու բուհերը։

Փորձագետի խոսքով՝ եթե չկա գումար, չկան նաև որակյալ մասնագետներ ու կրթված սերունդ։ Ուսուցիչներից անձնվեր աշխատանք պահանջող ղեկավարները փաստորեն ոչ միայն չեն նպաստում նրանց աշխատանքային պայմանների բարելավմանը, այլև ստիպում են, որ մանկավարժությունը դառնա երկրորդական գործ․ - «Քեզ թվում է, թե գումար խնայեցիր, պետք է ուսուցչին տայինք հարյուր հազար, տվեցինք ութսուն հազար, ինչ լավա չի ընդվզում․․․ Բայց այդպես չէ: Ամեն ինչ այս կյանքում ունի իր գինը, և վտանգն այստեղ այն է, որ Հայաստանում ընտրված է այլ տարբերակ՝ լուռ ձեւով համակարգին վնաս տալը»։

Նման քաղաքականություն պատճառները պարզելու համար «Ազատությունը» նամակով դիմեց Ֆինանսների նախարարություն, Կրթության նախարարին, նաև վարչապետ Կարապետյանին։ Ուշագրավ է, որ «Ազատության» հարցերին Կրթության նախարարությունը և գործադիրը ամբողջությամբ նույն բովանդակությամբ նամակով են պատասխանել՝ չտալով սպառիչ բացատրություն:

Վարչապետից և նախարարից հետաքրքրվել էինք՝ ի՞նչ է պատճառը, որ ՀՆԱ-ից ոլորտին հատկացվող գումարները նվազեցվելու են, արդյո՞ք գնահատվել է նման որոշման ազդեցությունը կրթության որակի վրա, ոլորտի կոնկրետ ո՞ր օղակից են արվելու խնայողությունները։

Կառույցներից եկած նույն պատասխանում ասվում է․ - «Կառավարությունը կարևորություն է տալիս կրթությանը՝ որպես երկրի կայուն առաջընթացի ու զարգացման հիմական նախապայմաններից մեկը։ Բայց ներկայիս համակարգի օպտիմալ ձևաչափի բերելու նախապայմանները սահմանափակում են նախատեսված կրթության ծախսերը այսօր աճեցնելու հիմնավորվածությունը: Հաջորդ փուլում Կառավարությունը նախատեսվում է հետևողականորեն ավելացնել կրթության ոլորտում պետական ծախսերը թե՛ անվանական մեծությամբ և թե՛ ՀՆԱ-ի նկատմամբ»:

Իսկ Ֆինանսների նախարարարությունից պարզաբանել էին, թե տնտեսական աճի տեմպի վրա արտաքին ցնցումների ազդեցությունը նվազեցնելու համար Կառավարությունը նախորդ տարիներին իրականացրել է «ընդլայնողական հարկաբյուջետային քաղաքականություն»: Արդյունքում պետական պարտքը կառավարելի մակարդակում պահելու համար, ներկայում ստիպված է տնտեսել, որն անդրադառնում է ոչ միայն կրթության, այլև մի շարք այլ ոլորտների վրա։

Կրթության ոլորտի փորձագետը, սակայն, նշում է, որ Կառավարության հավաստիացումները, թե կարևորում է ոլորտի զարգացումը և իրականությունն իրար հակասում են։ Ըստ Սերոբ Խաչատրյանի՝ միջինում երկրները կրթությանը հատկացնում են ՀՆԱ-ի 4 տոկոսը․ - «Ֆինանսների նախարարն էր չէ՞ ասում՝ երբ որ մարդը դրսից օգնություն ա ստանում, ինքը ծուլանում ա ու սկսում վատ աշխատել: Կա վատ կառավարման խնդիր, անարդար կառավարման խնդիր, այս ամեն ինչը ի վերջո բերում է նրան, որ կրթությանը փող չի մնում»:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրենը, նպաստ որակելով ուսուցիչների աշխատավարձը, ասում է․ - «Սա խայտառակություն է, երբ մի քանի տարի շարունակ ֆինանսական հատկացումների հարցում փոփոխություն չի լինում»:

Աշոտ Բլեյանի խոսքով՝ այն, որ գործադիրը դեռ 2014-ին էր ամրագրել ՀՆԱ-ի նկատմամբ կրթության ֆինանսավորումը հասցնել 4 տոկոսի, խոստում էր, որը չիրականացավ, ինչպես մյուսները․ - «Իհարկե դրված էր էդ խնդիրը՝ երեք տոկոսից ոչ պակաս: Ինչպես տնտեսական աճի խնդիրն էր դրված յոթ տոկոսից ոչ պակաս․․․ բոլորը դրված էր: Բայց փաստացի, իրական կյանքում Հայաստանի հասարակությունը տեսնո՞ւմ ա իր հեռանկարը: Ես նկատի չունեմ Կառավարությունը, վարչապետը, եթերային ելույթները, հարցադրումները․․․ ես դա նկատի չունեմ: Մարդը, որ առավոտը արթնանում ա, ինքը նո՞ր մարդ ա: Էս ձևով դա չի կարող լինել․․․ ի՞նչ փոփոխությունների մասին է խոսքը»:

Ըստ Բլեյանի՝ ավելի ողջունելի կլիներ, որ գործադիրը մտածեր կրթության համակարգում նոր ծրագրեր սկսելու մասին, առիթ ստեղծեր, որ սերունդը ինքնակրթվելու շարժառիթ ունենար։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG