Մատչելիության հղումներ

Տրանսպորտի նախարար․ «Զվարթնոցում» տաքսի ծառայությունների մրցակցությունը կբերի գների իջեցման


«Զվարթնոց» օդանավակայանից մինչև Երևան՝ 4-6 հազար դրամ, Էջմիածին՝ 4-5 հազար դրամ, Սևան՝ 17-19 հազար դրամ, իսկ Ստեփանակերտ՝ 70-73 հազար դրամ։ Սա գնացուցակն է «Աէրոպորտ» տաքսի ծառայության՝ «Զվարթնոցի» միակ պաշտոնական տաքսի ծառայության, որի մեքենաները իրավունք ունեն կայանելու մեկման և ժամանման սրահների մուտքի մոտ։

Գնային այս քաղաքականությունը վերջերս դարձավ քննարկման թեմա: «Ազատությունը» ընկերության տնօրեն Հայկ Մելքոնյանից հետաքրքրվեց, թե արդյոք նորմալ է, որ զբոսաշրջիկը օդանավակայանից մինչև Երևանի կենտրոն, այսինքն՝ մոտ 12 կմ համար, վճարի մոտ 4500 դրամ։

Մելքոնյանը պատասխանեց․ - «Ես չեմ համարում, որ թանկ ա: Որտեղ մենք աշխատում ենք, սա քաղաքի կենտրոնը չի, սա օդանավակայանն ա: Եվ ավելի շատ ստեղ պահանջներ կա, և այդ պահանջները սպասարկելու համար մենք ավելի շատ գումար ենք ծախսում»։

«Մեր վարորդները չեն ծխում, նորմալ հագնված են, մեքենաներն էլ նոր են», - նշեց ծառայության տնօրենն ու հավելեց, թե իրենց մեքենաներով սպասարկումն իրականացվում է միայն «Զվարթնոցի» տարածքում։

Հայկ Մելքոնյանի պնդմամբ, իրենց գներից դժգոհողներ չկան։

«Ազատության» հետ զրույցներում զբոսաշրջիկներն ասացին․ «Ես կարծում եմ, որ սրանք մի փոքր թանկ են, բայց հարմարվել եմ», «Քիչ մը թանկ են, բայց նորմալ է, ամեն երկիր այդպես է»:

Նկատենք, որ անհատ տաքսիստներին կամ այլ ընկերությունների մեքենաներին արգելվում է կայանել այս տարածքում․ «Աէրոպորտ» տաքսին այստեղ մենաշնորհային դիրք ունի։

Սակագները, որոնք մոտ 2-3 անգամ բարձր են սովորական գներից, ընկերությանը հանձնարարվել էր վերանայել դեռ մեկ ամիս առաջ։

Հունիսի 9-ին նման հանձնարարական տված Տրանսպորտի նախարար Վահան Մարտիրոսյանը երեկ կրկին չարդարացված որակեց «Աէրոպորտ» տաքսիի ծառայությունների արժեքը․ - «Իհարկե սակագների փոփոխության հարցը բարձրացվեց մեր կողմից, որովհետև մենք էլ ենք գտնում, որ էդ սակագները արդարացված չեն: Բայց նախարարությունը ոչ մի իրավասություն չունի սակագին իրենց վրա հաստատելու: Դա շարունակելու ենք մենք պահանջել, փորձել բանակցել, որ իջեցնեն էդ գները: Դրա արդյունքը կլինի նա, որ եթե լինեն երկրորդ, երրորդ ընկերությունները, որ մտնեն, և մրցակցությունը բերի գների իջեցման»:

Հարցին, թե ինչու մեկ ամիս առաջ տրված հանձնարարականը մինչև այսօր իրականություն չի դարձել, «Աէրոպորտ» տաքսի ծառայության տնօրենն արձագանքեց․ - «Էդ ամեն ինչը ընթացքի մեջ ա: Ոչ մի բան օդի մեջ չի մնացել: Դա մի օրվա, երկու օրվա լուծելու հարց չի․․․ Փոփոխություն կլինի, բայց շատ չի լինելու, որովհետև մենք չենք կարա էդ տիպով աշխատենք»:

«Զվարթնոց» օդանավակայանի մամուլի քարտուղար Գևորգ Աբրահամյանը «Ազատությանը» ասաց, որ օդանավակայանը տաքսու գները սահմանել չի կարող։ Ինչ վերաբերում է այլընտրանքի առկայությանը, ապա նա տեղեկացրեց, որ առաջիկայում ևս մեկ տաքսի ծառայություն կսկսի աշխատել տարածքում։

Այսօր գործող միակ այլընտրանքը ավտոբուսային կանոնավոր երթուղին է, որը բացվեց, երբ վարչապետ Կարապետյանը, անդրադառնալով սպասարկման որակին, օդանավակայանում աշխատող անհատ տաքսիստներին անվանեց «անթրաշ, չստիկներ հագած և սիգարետը բերանին»։

Հունիսի 14-ից գործարկված այդ փորձնական երթուղին, «Էլիթբաս» ընկերության տնօրեն Գուրգեն Նիկողոսյանի խոսքով, այսօր վնասով է աշխատում․ - «24 ժամ ամեն ժամը մեկ ա աշխատել, գիշերը շատ հաճախորդ չունենք»:

Շուրջօրյա գործող երթուղու մասին, որի ծառայությունն ընդամենը 300 դրամ արժե, պարզվում է, Երևան ժամանող հյուրերը չգիտեն։ «Ազատության» հետ զրույցում զբոսաշրջիկներն ասացին, որ եթե իմանային, անկասկած կընտրեին այս տարբերակը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG