Մատչելիության հղումներ

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը բոյկոտեց Տարոն Մարգարյանի երդմնակալության արարողությունը


«Երկիր Ծիրանի» ընդդիմադիր խմբակցությունը բոյկոտեց Տարոն Մարգարյանի երդմնակալությունն ու Սերժ Սարգսյանի ելույթը քաղաքապետարանում:

Խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը մեկնաբանեց՝ երկուսին էլ չի ճանաչում որպես ընտրված պաշտոնյաների․ - «Գռեհիկ միջոցառումը վերաբերվում էր նրան, որ Տարոն Մարգարյանը երդվում էր ավելի լավ կողոպտել մեր հանրային գումարները, ավելի լավ ապականել Երևանը, ավելի արագ վերացնել այն շուրջ չորս քառակուսի մետր կանաչ տարածքը, որը մնացել է յուրաքանչյուր անձի»:

Հակադարձելով Սերժ Սարգսյանի այսօրվա դիտարկմանը, թե քաղաքական ուժերը դժվարին պայքարում են վաստակել ավագանու քվեն՝ ընդդիմադիր գործիչը հիշեցրեց հենց ընտրությունների օրը Հանրապետականի շտաբում տեղի ունեցած միջադեպը․ - «Բռնություն կիրառելով նրանք ուղղակի իրենց հռչակել են, և եթե այդպիսին է ճանապարհը, ապա իրենք որևիցե վստահության քվե չունեն, իհարկե քրեորոն հետապնդելի գործունեություն է»:

«Երկիր Ծիրանի» խմբակցությունը, նախագահական ընտրությունների օրինակով, որոշել էր երդմնակալությունը զուգահեռ այլընտրանքային միջոցառում՝ անցկացնել, բայց անվտանգության աշխատակիցները ավագանու անդամներին թույլ չեն տվել մուտք գործել աշխատավայր՝ քաղաքապետարան:

«Նշեցի, որ Երևանի քաղաքապետարանի ավագանու անդամ եմ և պետք է մասնակցեմ նիստի, ինչը բացարձակապես որևէ դրական արդյունք չունեցավ, և ինձ ասացին՝ ինչ ուզում ես, արա: Նիստը տապալվեց», - «Ազատությանը» պատմեց խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանը՝ հավելելով, որ ամեն դեպքում իրենք չէին գնալու երդմնակալության արարողությանը․ - «Ո՞ւմ երդմնակալությունը պետք է գնալ: Այն մարդու, ում դու բացարձակ չե՞ս ընդունում: Ով ժողովրդից գողացել է պաշտոնը»:

«Երկիր Ծիրանի»-ին հայտարարում է, որ քաղաքապետարանի շենքում անցկացվող այլ միջոցառման պատրվակով իրենց աշխատանքը խոչընդոտվել է: Խմբակցությունն այսօրվա նիստում մտադիր էր քննարկել, օրինակ, տրանսպորտի հարցը: Խնդիր, որին Տարոն Մարգարյանի երդմնակալությանը նաև Սերժ Սարգսյանն անդրադարձավ՝ հորդորելով բարեփոխումներն արագացնել:

Զարուհի Փոստանջյանն ասաց․ - «Գիտեք, Ձեր հիշատակած անձից երբ որ փորձում եք մեջբերում կատարել․․․ Ես իրենց բոլորին լավ ճանաչում եմ, այդ անձին նույնպես: Եվ նրանց ստերին էլ ծանոթ եմ և սուտ խոստումներին: Նրանց որևէ հայտարարությունը հավատ չի ներշնչում ինձ, ոչ էլ հանրությանը»:

Երևանի նորընտիր ավագանու առաջին երկու նիստերին, որ ավելի շատ հանդիսվոր էին, քան աշխատանքային, «Երկիր Ծիրանի»-ին չմասնակցեց, քանի որ, ըստ Փոստանջյանի, դրանք քաղաքի խնդիրների ու երևանցիների հետ կապ չունեին, բայց առջիկայում Տարոն Մարգարյանի հետ դեմառդեմ հանդիպումներ կլինեն․ - «Այդ երկու նիստերը բռնազավթիչների անձնական շահն են սպասարկել: Մենք, իհարկե, մեր օրակարգով շարժվելու ենք առաջ: Բոլոր այն հարցերը, որ հետաքրքիր են մեր քաղաքացիներին, մենք այդ հարցերը ոչ միայն բարձրաձայնելու ենք, այլ նաև լուծումներ ենք փորձելու գտնել: Հետևաբար, անկախ նրանից դա նիստ է, թե այլ գործառույթ է, եթե կա մեր քաղաքացու շահը հետապնդող օրակարգ, ապա մենք մասնակից ենք լինելու»:

Տարոն Մարգարյանն օրերս հերթական անգամ հրաժարվել էր ասել, թե որտեղից է կուտակել միլիոնավոր դոլարների հասնող հարստությունը, որ նաև պաշտոնապես է հայտարարագրել՝ միայն պարզաբանելով, թե մինչև քաղաքապետ դառնալն էլ ունեցել է այդ գումարը․ - «Եթե վերցնեք իմ հայտարարագիրը, նայեք իմ քաղաքապետ դառնալու շրջանում, կտեսնեք ինչ ա ավելացել կամ պակասել: Կտեսնեք»:

Զարուհի Փոստանջյանը հակադարձում է․ - «Ո՛չ ինքը, ո՚չ էլ իր հայրը Ռոքֆելերների թոռները չէին,հետևաբար իրենք այդ հարստությունը չէին կարող ժառանգել: Միանշանակ հասկանալի է, որ նրանք այդ հարստությունը ձեռք են բերել ապօրինի ճանապարհով, յուրացրել են»:

Տարոն Մարգարյանը նախկին վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որդին է:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG