Մատչելիության հղումներ

Իշխող ՀՀԿ-ի քաղաքական կամքի դրսևորման արդյունքում է, որ օրենքներն իրականություն են դառնում. Արփինե Հովհաննիսյան


Քաղաքական կամքի բացակայության մասին խոսել, երբ օրենքները ընդամենը ժամեր առաջ են քվեարկվել, այնքան էլ կոռեկտ չէ։ «Ազատության» «Կիրակնօրյա վերլուծական»-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ, «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրինագծերի փաթեթի համահեղինակ Արփինե Հովհաննիսյանը՝ արձագանքելով ընդդիմության այն մտահոգություններին, որ եթե չլինի քաղաքական կամք, այս ինստիտուտը և առհասարակ որևէ միջոց օգուտ չի տալու կոռուպցիայի դեմ պայքարում։

«Քաղաքական կամքի բացակայության մասին խոսել, երբ օրենքները ընդամենը ժամեր առաջ են քվեարկվել, և այն պարագայում խոսել այն մասին, երբ շատերը խորհրդարանում, շատերը խորհրդարանից դուրս՝ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, նույն ընդդիմության ներկայացուցիչները, չէին հավատում, որ այդպիսի նախագծերը երբևէ կարող են իրականություն դառնալ, կարծում եմ՝ այդքան էլ ճիշտ չէ, կոռեկտ չէ, որովհետև հենց նույն իշխող Հանրապետականի քաղաքական կամքի դրսևորման արդյունքում է իրականում, որ օրենքները իրականություն են դառնում», - ասաց Հովհաննիսյանը։

Ազգային ժողովի փոխնախագահի խոսքով՝ այդպիսի օրենքներն անհրաժեշտություն են, որպեսզի «կոռուպցիայի դեմ պայքար բառերը լինեն ոչ թե բոլորի ականջին ծանոթ և տրիվիալ բառակապակցություն, որի տակ ամեն մեկը հասկանում է ինչ-որ բան մաշված, հաճախ որևէ արդյունավետություն չունեցող բառ, այլ իրականում կոռուպցիայի դեմ պայքարը կրի ինստիտուցիոնալ բնույթ»։

«Իսկ քանի դեռ մենք չունենք այն հիմքերը, չունեինք կամ գուցե այն հիմքերը, որոնք մեզ շանս են տալիս խոսել ինստիտուցիոնալիզացիայի մասին, մենք երբևէ չէինք հաջողելու՝ այն տեսանկյունից, որ ամեն ինչ պետք է ոչ թե միանգամից թամաշայի կարգով մենք խոսենք, օրինակ, բացառապես ձերբակալությունների մասին, իրավապահ համակարգն իր գործն արել է, շարունակելու է կատարել՝ դա այնքան էլ, փոխկապակցված է, բայց ուղիղ իմաստով չի նույնանում կոռուպցիայի դեմ պայքար հասկացության հետ։ Կոռուպցիայի դեմ պայքարը միշտ իր մեջ ներառում է դրա կանխարգելումը, կրթությունը և հետո միայն՝ քննությունն ու իրավապահ համակարգի գործողությունները։ Այս տեսանկյունից, ես կարող եմ ասել, որ մենք իրոք մեծ քայլ ենք առաջ կատարել ինստիտուցիոնալ հիմքերը դնելու առումով», - ասաց օրինագծերի փաթեթի համահեղինակը։

Դիտարկմանը, թե այսպիսի հնչեղությամբ ժամանակին ներկայացվում էր Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը, իսկ տարիները ցույց տվեցին, որ բարձր աշխատավարձ է ստացել այդ հանձնաժողովը, բայց, ըստ էության, պաշտոնյա պատասխանատվության չի կանչվել, Հովհաննիսյանն այսպես արձագանքեց. - «Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովն իրականում շատ լուրջ աշխատանք է կատարել այն լիազորությունների շրջանակում, որ ուներ։ Չգիտեմ, թե ինչպիսի հնչեղությամբ են ներկայացվել այն ժամանակ, գուցե ուշադրությամբ չեմ հետևել տարբեր պատճառներով, բայց էթիկայի հանձնաժողովը ի սկզբանե, երբ ստեղծվում էր, բոլորիս համար ակնհայտ էր, որ նա չունի գործիքակազմ և այսօր էլ այդպես է՝ չուներ գործիքակազմ՝ ո՛չ վարչական, ո՛չ քրեական պատասխանատվության հարց բարձրացնելու և ահազանգելու, որ կա այսպիսի խնդիր, պրոցես սկսելու, վարույթ սկսելու կամ ինչ-որ իր կարծիքը, ձայնը լսելի դարձնելու»։

Հիշեցնենք, Ազգային ժողովն ուրբաթ օրը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի նախագիծը՝ կից օրենսդրական փաթեթով։ Նախագիծն ընդունվեց միաձայն՝ քվեների 92 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ հարաբերակցությամբ։

«Կիրակնօրյա վերլուծական»-ի հունիսի 11-ի թողարկումն ամբողջությամբ կարող եք դիտել այստեղ

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG