Մատչելիության հղումներ

Ղարաբաղում համաձայն չեն նոր պատերազմի հավանականության մասին ICG-ի զեկույցի հետ


Դավիթ Բաբայանը շեշտեց, որ Միջազգային ճգնաժամային խումբը 2016 թվականի ապրիլյան պատերազմը չէր կանխատեսել։

Չնայած շփման գծում աճող լարվածությանը՝ պաշտոնական Ստեփանակերտը համաձայն չէ նոր պատերազմի հնարավորության մասին Միջազգային ճգնաժամային խմբի (ICG) փորձագետների եզրակացության հետ։

Ռազմական հակամարտությունների վերլուծությամբ զբաղվող միջազգային այս կազմակերպությունը երեկ շուրջ 40 էջանոց զեկույց է հրապարակել` եզրակացնելով՝ «Լեռնային Ղարաբաղի գլխին պատերազմի ամպեր են կուտակվում»:

Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ զեկույցը, իրենց կարծիքով, միակողմանի է և արտահայտում է միայն փորձագետների կարծիքը։

«Չնայած պատերազմը միշտ կարող է լինել, հավանականությունը քիչ է, որովհետև որպեսզի, օրինակ, սկսվի ապրիլյան քառօրյա պատերազմը, Ադրբեջանը պատրաստվել է 22 տարի, այն էլ՝ պատրաստվել է բլից-կռիգի: Հիմա մեկ տարի է անցել․ այդքան կորուստներից հետո, նամանավանդ՝ միջազգային հանրության հստակ դիրքորոշման ներքո, չի կարող հնարավոր լինել ևս մեկ պատերզամ՝ հիմա», - մեկնաբանեց Բաբայանը:

Բաբայանը շեշտեց, որ ICG-ն 2016 թվականի ապրիլյան պատերազմը չէր կանխատեսել։

«Այն չի արտացոլում իրականությունը: Օրինակ՝ նշված չէ ինչն է եղել ապրիլյան պատերազմի պատճառը, նշված չէ Ադրբեջանի դեստրուկտիվ քաղաքականությունը, նշված չէ վերջին հայտարարությունը համանախագահների, որոնք մեղադրել են Ադրբեջանին», - փաստեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալը:

Իրական վտանգ՝ ամառվա վերջին

Միջազգային կազմակերպության փորձագետները իրենց զեկույցը պատրաստելիս զրուցել են նաև Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանի հետ։ Վերջինս «Ազատության» հետ զրույցում ասաց, որ նոր պատերազմը իր կարծիքով, ավելի քան հնարավոր է։

«Ապրիլյան հարձակումը հանրության ուշադրությունը շատ արդյունավետ շեղեց Ադրբեջանի ներքին խնդիրներից և հատկապես Ադրբեջանի իշխանությունների համար, բազմաթիվ տեսանկյուններից, շատ գայթակղիչ է կրկին փորձել դա անել», - նշեց նա:

Կիրակոսյանի կարծիքով՝ զեկույցում Ադրբեջանի և հայկական կողմի միջև արհեստական հավասարակշռություն կա, ինչը անհրաժեշտ չէր, քանի որ հայկական կողմը մեղավոր չէ Ադրբեջանի հարձակումների համար։ Վերլուծելով իրավիճակը՝ փորձագետը պնդում է՝ մի քանի ամսից Ադրբեջանի համար պատերազմը սկսելու ամենանպաստավոր ժամանակը կլինի։

«Ակնհայտ է, որ Ադրբեջանի հաշվարկն էր՝ սպասել Հայաստանում խորհրդարանական ընտրությունների ավարտին, ինչից հետո իրենք Բաքվում անցկացնում են Իսլամական օլիմպիական խաղերը, Ֆորմուլա 1-ի մրցաշարը», - նշեց փորձագետը՝ եզրակացնելով․ - «Սա նշանակում է, որ պոտենցիալ հարձակումը առաջիկա շաբաթներին ու ամիսներին հավանական չէ, սակայն ամռան վերջին և աշնանը շատ իրական վտանգ կա»:

Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավարի կարծիքով իրավիճակը ապրիլյան գործողություններից հետո փոխվել է՝ Ադրբեջանը չի կարող այլևս անակնկալ հարձակվել, իսկ հայկական կողմը ավելի լավ է պատրաստված պատերազմական գործողությունների։ Սրանից, ըստ վերլուծաբանի, կարելի է եզրակացնել, որ նոր պատերազմը կարող է ավելի վատ հետևանքներ ունենալ և հակառակորդը հնարավոր է նաև բնակավայրերը թիրախավորի։

Զեկույցը պատրաստելիս փորձագետները զրուցել են նաև քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանի հետ։ «Ազատության» հետ զրույցում քաղաքագետը ընդգծեց, որ այս կառույցը մի քանի նմանատիպ զեկույցներ է հրապարակել և դրանք բոլորն էլ եզրահանգում են, որ Ղարաբաղում պատերազմ է սպասվում, պարզապես պատճառներն են տարբեր լինում։ Այս զեկույցում որպես պատերազմի պատճառ շփման գծում աճող լարվածությունն է նշվում։

«Ես չեմ հասկանում, ինչու են դրանից եզրակացնում, որ պատերազմի հավանականությունը մեծ է։ Պատերազմը և լարվածության աճը տարբեր բաներ են։ Պատերազմ սկսելու համար այլ պայմաններ են պետք, այլ ռեսուրսներ, որոշումներ ընդունելու այլ մակարդակ», - մեկնաբանեց Իսկանդարյանը:- «Լարվածության լուրջ աճ հնարավոր է, բայց շատ հավանական չէ, քանի որ դա թանկ կարժենա։ Ադրբեջանը վերջին 5-6 տարիներին մինչ ապրիլյան բախումները 20-30 միլիարդ դոլար է ծախսել», - հավելեց նա:

Իսկանդարյանը վստահ է, որ եթե Ադրբեջանը պատերազմ ցանկանար, ապա 2016-ի ապրիլին լարվածության աճը և բախումները պատերազմի կվերածեր, բայց նա դա չարեց։ Հիմա քաղաքագետի կարծիքով լարվածության աճի և բախումների համար հիմքեր կան, բայց լայնամասշտաբ պատերազմի՝ ոչ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG