Մատչելիության հղումներ

Ստյոպա Սաֆարյան․ «Հայաստանում քաղաքական իշխանությունը շարունակում է մնալ մոնոպոլացված»


Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ
Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը հարցազրույց է տալիս «Ազատությանը», արխիվ

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը համաձայն չէ հինգշաբթի օրը վեցերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում ունեցած ելույթում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հնչեցրած այն գնահատականներին, թե ապրիլի 2-ի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ երկրի կառավարման համակարգը փոխելու միջոցով վերացրել են հետընտրական ճգնաժամերը, և որ խորհրդարանական կառավարման ձև հաստատելով չեզոքացրել են քաղաքական մենիշխանության սպառնալիքը:

«Հայաստանի խնդիրը հետընտրական զարգացումները չեն: Գործող նախագահի և նրա թիմի համար ավելի կարևոր են հետևանքները և հետևանքների դեմ կռիվ տալը, քան պատճառները վերացնելը: Հայաստանի Հանրապետության բոլոր նախագահական ընտրություններին հաջորդած հետընտրական զարգացումների, թերևս, պատճառը եղել է ընտրությունների կեղծումը, և հասարակությունը փողոց է դուրս եկել՝ իր ընդվզումն արտահայտելու կեղծված արդյունքների դեմ», - «Ազատության» հետ զրույցում շեշտեց Սաֆարյանը՝ շարունակելով․ - «Հետևաբար, ոչ թե պետք էր ձևեր մտածել, հնարքներ մտածել հետընտրական զարգացումները վերացնելու համար, այլ՝ պատճառները վերացնելու համար: Ցավոք սրտի, դրանք չվերացվեցին, և այս ընտրությունները՝ գոնե ընտրակաշառքների առումով, զանգվածայնության իմաստով, ոչ միայն չտարբերվեցին նախորդներից, այլ նույնիսկ, կարելի է ասել, գերազանցեցին նրանց»:

«Հայաստանում քաղաքական իշխանությունը շարունակում է մնալ մոնոպոլացված, և այս կտրվածքով առանձնապես ոչինչ չի փոխվել, որովհետև նաև այժմ, ինչպես նկատեցինք, բոլոր վերջին ընտրություններում Հանրապետական կուսակցությունը ուղղակի բացարձակ մեծամասնություն է ձեռք բերել, և սա ակնհայտորեն կուսակցական մենիշխանություն է», - հայտարարեց քաղաքագետը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG