Մատչելիության հղումներ

Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրերը


Համաձայնագրերի ստորագրման արարողությունը Բրյուսելում: 27-ը հուլիսի, 2014թ.
Համաձայնագրերի ստորագրման արարողությունը Բրյուսելում: 27-ը հուլիսի, 2014թ.

Այսօր Բրյուսելում Ուկրաինան, Վրաստանն ու Մոլդովան ստորագրեցին Եվրոպական միության հետ տնտեսական ու քաղաքական համագործակցության սերտացման համաձայնագրերը (Ասոցացման համաձայնագիր):

Ուշագրավ է, որ ստորագրման արարողությանը հաջորդող ելույթների ժամանակ թե' Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բառոզոն, թե' Եվրոպական խորհրդի նախագահ Հերման Վան Ռոմպոյը հարկ համարեցին նշել, որ այս համաձայնագրերը նախատեսված չեն Ռուսաստանին որևէ կերպ վնասելու և ի սկզբանե ստեղծվել են «հանուն համատեղ բարեկեցության և ոչ թե ինչ-որ մեկի դեմ». - «Այս համաձայնագրերի մեջ չկա այնպիսի մի բան, որ կարող է որևէ կերպ վնասել Ռուսաստանին: Եվրոպական Միությունը պատրաստ է համագործակցել Ռուսաստանի հետ այնքան, որքան որ հարկավոր է թյուրըմբռնումները շտկելու և մեր միասնական մայրցամաքի ավելի ապահով ապագան կառուցելու համար»:

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ իր ելույթում նշեց, որ Եվրամիության հետ ասոցացման համաձայնագիրը Վրաստանի քաղաքական անսասան կամքի վառ արտահայտումն է: Նրա խոսքով` հունիսի 27-ը կդառնա Վրաստանի համար ճակատագրական օր և Ռուսաստանի կողմից անկախ ճանաչված Աբխազիան ու Հարավային Օսիան կտեսնեն եվրաինտեգրման դրական կողմերը:

Ասոցացման համաձայնագիրը ստորագրելուց առաջ Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն բարձրացրեց գրիչն ու ասաց. - «Սա այն գրիչն է, որով Յանուկովիչը Վիլնյուսում դեռ նոյեմբերին պետք է ստորագրեր ասոցացման համաձայնագիրը: Պատմական իրադարձությունները անխուսափելի են: Ինչ հրաշալի օր: Միգուցե իմ երկրի անկախության շրջանի ամենակարևոր օրն է: Այս պահը պատմական է և կարևոր ապագայի համար: Այն ցույց է տալիս, թե որքան կտրուկ կարող են լնել փոփոխությունները, եթե կա ժողովրդի կամքը: Համարեք սա անկոտրում կամքի, հավատի դրսևորում, որ նվիրվում է այն մարդկանց, ովքեր իրենք կյանքը տվեցին այս պահը իրականություն դարձնելու համար»:

Ի դեպ, Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինն արդեն մեկնաբանել է Ուկրաինայի և Մոլդովայի կողմից ասոցացման համաձայնագրի ստորագրումը` նախազգուշացնելով, որ այս քայլը կարող է լուրջ հետևանքներ ունենալ: Ապա նշել է, որ այդպիսի լուրջ փաստաթղթի ստորագրումը յուրաքանչյուր անկախ պետության իրավունքն է:

Իր հերթին, Մոսկվայի հնարավոր քայլերի մասին խոսել է նաև Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Նշենք, որ պաշտոնական Բրյուսելը նախատեսում էր Քիշնևի և Թբիլիսիի հետ ասոցացման համաձայնագրերը ստորագրել տարեվերջին, սակայն, հաշվի առնելով Մոսկվայի հնարավոր քայլերը, ստորագրման արարողության ժամկետները փոխվեցին:

Այսպիսով, այսօրվանից Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը միանում են 500 միլիոն բնակչությամբ Եվրամիության շուկային։ Սակայն ԵՄ-ի առաջարկած առավելություններից օգտվելու համար նրանք պետք է բարելավեն երկրում ժողովրդավարության, մարդու իրավունքների վիճակը, մոտենան եվրոպական չափանիշներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG