Մատչելիության հղումներ

Մարտի 20-ի մամուլ


«Չորրորդ ինքնիշխանություն»-ը գրում է. - «Առավոտից գիշեր քաղաքական գործընթացների թափանցիկության անհրաժեշտության մասին նախկինում խոսող Րաֆֆի Հովհաննիսյանի թիմը, որ ոչ շատ վաղ անցյալում բանուգործը թողած` առանց որեւէ հիմքի Հայ ազգային կոնգրեսին մեղադրում էր իշխանությունների հետ ոչ թափանցիկ երկխոսության գործընթաց վարելու մեջ, մի այնպիսի խորհրդավորության շղարշով պատեց Հովհաննիսյան - Սարգսյան հանդիպման մանրամասները, որ տարաբնույթ ենթադրությունների տեղիք տվեց: Եվ ահա այդ հանդիպման մանրամասները զարմանալիորեն բացահայտում է ինքը` Սարգսյանը` այդպիսով Հովհաննիսյանին ստիպելով դրանց վերաբերյալ սեփական մեկնաբանություններով հանդես գալ: Րաֆֆի Հովհաննիսյանն իր քայլերով ստեղծեց մի իրավիճակ, երբ իր ֆոնին Սերժ Սարգսյանը ազատ խոսքի ու թափանցիկության ռահվիրա եւ ջատագով է ներկայանում»:

«Հայոց Աշխարհ»-ը գրում է. - «Հիմա Հայաստանում իսկապե՞ս քաղաքական ճգնաժամ է, ինչպես հայտարարում են հացադուլի մեջ գտնվող Րաֆֆի Հովհաննիսյանը, «Ժառանգության» տարբեր ներկայացուցիչները, ընտրություններից հետո «հանկարծակի» նրանց նկատմամբ սիրով ու գորովանքով համակված այլեւայլ մեծուփոքր գործիչները, ճարտասանները։ Եթե հի՜ն, հայտնի ձեւակերպումը փոքր-ինչ ձեւափոխված նշենք, ապա ներքեւինները չեն ցանկանում, վերեւինները չեն կարողանում, իսկ կողայիններն էլ կամուկացի մեջ են։ Այսինքն՝ եթե լսենք «ճգնաժամային» հայտարարություններ անողներին, այսօր մեր երկրում նման մի պատկեր պետք է տեսնեինք։ Բայց կա՞ նման բան։ Ո՛չ, չկա։ Ավելին՝ ոչինչ չի վկայում, թե մեր երկրում քաղաքական ճգնաժամ է, ինչպես դա շարունակ պնդում են Թատերական հրապարակում «ֆորումի» նստած պատվարժան «սենատորները»։ Տեսե՛ք. բոլոր լուրջ եւ քիչ թե շատ ակտիվ գործունեություն ծավալած քաղաքական ուժերը հենց այս օրերին ինտենսիվորեն զբաղված են Երեւանի ավագանու առաջիկա ընտրությունների նախապատրաստական աշխատանքներով։ Հարց է ծագում. իսկ ո՞ւր է ճգնաժամը, տիկնայք եւ պարոնայք։ Կամ մի՞թե հնարավոր է, որ իրական քաղաքական ճգնաժամի պայմաններում բոլոր քաղաքական ուժերը զբաղված լինեն մեկ այլ ընտրական, քաղաքական գործընթացով»։

«Ժամանակ»-ը զրուցել է «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամ, Ներքին զորքերի նախկին հրամանատար Գրիգոր Գրիգորյանի հետ, ով անձամբ է եղել 2008 թվականի մարտի 1-ի օպերացիան իրականացնողներից մեկը: Լրագրողը հարցնում է. - «Ձեր կարծիքով` 10 զոհերի եւ բազմաթիվ վիրավորների մեղավորները կպատժվե՞ն, թե՞ ոչ: Նաեւ` հրաման տվողները կպատժվե՞ն»: Պատասխան. - «Չեմ կարող այդ հարցին պատասխանել»: «Իսկ կոնկրետ Ձեզ հրաման տվողը կպատժվի՞»: - «Ինձ ո՞վ ա հրաման տվել, բայց: Ես երբեք չեմ ասել, որ ինձ որեւէ մեկը հրաման ա տվել»: «Դուք եք ասում` զինվորականները բոլորը հրաման են կատարում»: - «Ես ասում եմ` զինվորականները գործում են ըստ կարգադրությունների եւ հրամանների: Ոչ ոք ինքնագործունեությամբ չի զբաղվում: Ոչ միայն ես, այլեւ որեւէ զինվորական երբեւէ ինքնագործունեությամբ չի զբաղվում»: «Ասել է թե` մարտի 1-ին էլ ինքնագործունեությամբ չեք զբաղվել եւ հետեւաբար կատարել եք ոստիկանապետի հրամա՞նը»: - «Ո՞ր հրամանը: Դուք այդ հրամանի մասին ինչ-որ բան գիտե՞ք: ...Եկեք սահմանափակվենք: Ես հրաման չեմ կատարել: Ընդհանրապես ես էդ ժամանակ գործել եմ իմ խղճի մտոք: Ես համարում եմ, որ ճիշտ եմ գործել»:

«Ժողովուրդ»-ը զրուցել է ՀՅԴ խորհրդարանական խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանի հետ: Հարց. - «Մայիսի 5-ին կայանալիք ընտրությունները ինչո՞վ են տարբերվելու ՀՀ նախագահի ընտրություններից, որի ժամանակ ՀՅԴ-ն հայտարարեց, թե ինքը չի ցանկանում որեւէ ձեւաչափով մասնակցել»: Պատասխան. - «Երկու պատճառ կա: Նախ, որ սա համամասնական ընտրակարգով ընտրություն է, եւ գլխավոր խնդիրը պետք է դրել ոչ թե ամեն գնով կա’մ նախագահ ես, կա’մ նախագահ չես, այլ ինչքան շատ ներկայացվածություն ունենաս, այնքան մեծ հնարավորություն կունենաս ազդելու կառավարման համակարգի վրա: Երկրորդ` այս ընտրություններում հնարավորություն կա, որ այլ ուժերի հետ համատեղ նաեւ կարողանանք նվաճել ողջ կառավարման համակարգը Երեւանում: Եթե այստեղ հաջողություն արձանագրվի, բնականաբար, մենք կկարողանանք Երեւանից սկսելով նաեւ հանրապետության այլ տարածքներում եւ բնակավայրերում նվաճել իշխանությունը»:

«Առավոտ»-ի թղթակիցը ադրբեջանցի հայտնի քաղաքագետ Արիֆ Յունուսովին հարցնում է. - «Ինչո՞ւ է պաշտոնական Բաքուն այդքան ագրեսիվ արձագանքում Ստեփանակերտի օդանավակայանի վերաբացմանը»: Պատասխան. - «Եթե Ադրբեջանը թույլ տա այդ օդանավակայանին ընդունել օդանավեր, ապա վաղը առաջ կգա նաեւ այլ երկրներից օդանավերի ընդունման հարցը: Դա միայն Երեւանի օդանավերը չեն լինելու։ Քանի որ Ղարաբաղը միջազգային իրավունքի սուբյեկտ չէ՝ նա չի կարող ընդունել կամ ուղարկել օդանավեր՝ միջազգային կարգավիճակից ելնելով: Եթե Ադրբեջանը թույլ դա՝ դե-ֆակտո կճանաչի Լեռնային Ղարաբաղը, ահա սա է խնդիրը: Դա նույնն է, թե ասել՝ ինչո՞ւ է Ադրբեջանը պահանջում, որպեսզի արեւմտյան դիվանագետները այցելեն Ղարաբաղ՝ ստանալով Ադրբեջանի համաձայնությունը: Իհարկե, կարելի է ասել՝ թող այցելեն, ինչ կա որ… Բայց դարձյալ սրա հիմքում եւս նույն խնդիրն է»։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG