Մատչելիության հղումներ

Հաջորդ տարվա բյուջեի վերաբերյալ թեժ քննարկումները ավարտվեցին


2011 թվականի գլխավոր ֆինանսական փաստաթղթի` պետական բյուջեի շուրջ հինգշաբթի օրը Ազգային ժողովում ավարտված քննարկումները բավականին բուռն էին:

Խորհրդարանական ընդդիմությունը քննադատեց կառավարության գործունությունն ու վարած քաղաքականությունը, իսկ կոալիցիոն ուժերն ու կառավարությունը, ընդունելով որոշ դիտարկումներ, պատճառաբանում էին, թե թերացումների, ձախումների ու անկումների պատճառը միջազգային ֆինանսական ճգնաժամն էր եւ անբարենպաստ բնակլիմակայական պայմանները:

Երեկ վարչապետ Տիգրան Սարգսյանը, պատասխանելով անկախ պատգամավոր Արա Սիմոնյանի հարցին, ըստ էության. խոստովանեց, որ կառավարությունը ձախողել է հանրապետության նախագահի, հանրապետական կուսակցության նախընտրական ծրագրերով, ինչպես նաեւ կոալիցիոն հուշագրով հասարակությանը տված խոստումները:

Այսօր դաշնակցական պատգամավոր Արծվիկ Մինասյանը, անդրադառնալով դրան հայտարարեց. - «Եթե հրապարակային խոստովանություն է գնում, դրանից հետո նորմալ երկրներում երկու քայլ են կատարում, առաջինը` հրաժարական է ներկայացվում, ինչի կամքը, ես կարծում եմ` չկա մեր ոչ քաղաքական մեծամասնության մոտ, եւ ոչ էլ կառավարության, կամ երկրորդը` կատարվում են ծրագրային ճշգրտումներ, հրապարակավ հայտարարում եւ փոխում են կառավարության գործունեության ծրագիրը, նախագահի նախընտրական ծրագրով հրապարակված ցուցանիշները եւ նաեւ կոալիցիոն հուշագրում ամրագրված սոցիալ-տնտեսական առաջնահերթությունները: Ոչ մի միջազգային ֆինանսատնտեսական ճգնաժամ չէր խանգարում Հայաստանում բարոյահոգեբանական առողջ մթնոլորտ ձեւավորելուն, ստվերային տնտեսությունը կրճատելուն»:

Հանրապետական խմբակցության անդամ Հերմինե Նաղդալյանն իր ելույթում, ի պատասխան խորհրդարանի ամբիոնից հնչեցված քննադատություններին, ասաց, որ «Հայաստանում կան մարդիկ, որոնք չեն իմացել, որ աշխարհում տնտեսական ճգնաժամ է եղել»:

Նաղդալյանի հիմնավորմամբ` 2006, 2007, 2008 թվականներին ողջ աշխարհի համար շատ դժվար է եղել կանխատեսել ֆինանսական ճգնաժամի նման ֆորսմաժորային զարգացումներ:

«Մենք էլ 2007-ի եւ 2008-ի մեր նախընտրական ծրագրերը կազմելիս ուրիշ խնդիրներ ենք դրել մեր առջեւ` զարգացման խնդիրներ: Բայց իրականությունը պարտադրեց թողնել մեր կառուցողական ծրագրերը եւ զբաղվել ճգնաժամին դիմակայելով եւ ճգնաժամը հաղթահարելով»,- ասաց նա:

Երկօրյա քննարկումների ընթացքում հանրապետության վարչապետը, ֆինանսների նախարարը եւ կենտրոնական բանկի նախագահը շարունակ պնդում էին, թե 2010 թվականին հետեւողականորեն իրականացվել է մակրոտնտեսական կայունությունն ապահովող հարկաբյուջետային քաղաքականությունը, եւ այդ հիմքով 2011-ին հնարավոր կլինի ապահովել տնտեսական աճի կայուն եւ բարձր տեմպեր:

Դաշնակցական պատգամավորներ Արա Նռանյանը եւ Արծվիկ Մինասյանը կասկածի տակ դրեցին այս կանխատեսումները: Նրանք թվարկեցին մակրոտնտեսական կայունության հիմնական ցուցանիշները` ցածր գնաճ՝ 2010-ին Հայաստանում գնաճը մոտեցել է 10 տոկոսին, արտաքին պարտքի նվազ բեռ` արտաքին պարտքը կրկնակի աճել է, իսկ 2011 թ. վերջին կանխատեսվում է, որ այն կհասնի 4 մլրդ 305 մլն դոլարի, տնտեսական աճ չի գրանցվել, դեֆիցիտն էլ աճել է:

Պետական բյուջեի մասին օրինագծի վերաբերյալ պատգամավորները 24 ժամվա ընթացքում առաջարկություններ պետք է ներկայացնեն, կառավարությունը պետք է չորսօրյա ժամկետում դրանք ուսումնասիրի, ընդունի կամ չընդունի: Քվեարկությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա հաջորդ քառօրյայի ընթացքում:

Այսօր «Ժառանգություն» խմբակցության անդամ Արմեն Մարտիրոսյանը հայտարարեց, որ «Ժառանգություն»-ը դեմ է քվեարկելու: Դաշնակցությունը դեռեւս վերջնական որոշում չի կայացրել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG