Մատչելիության հղումներ

2012 թվականից Կադաստրի համակարգը կաշխատի բարեփոխված ռեժիմով


Կառավարության հերթական նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը անդրադարձավ Կադաստրի համակարգում իրականացվող մոնիթորինգին եւ կոռուպցիոն ռիսկերի վերացմանը:

«Տարեկան առնվազն 300 հազար հոգի առնչվում են անշարժ գույքի գործարքների հետ եւ Կադաստրի կողմից մատուցվող ծառայությունների հետ: Մանրակրկիտ դիտարկել ենք բոլոր ծառայությունները, որոնք մատուցվում են Կադաստրի կողմից: Ընդ որում, արձանագրել ենք, որ նաեւ կան տարբերություններ ըստ մարզերի, ըստ ծառայությունների: Կան շրջաններ, որտեղ ծառայությունները բավականին պատշաճ մակարդակի վրա են գտնվում, եւ բարեփոխումների ընթացքը ճիշտ ընկալել են եւ արագ ներդրել են նոր մոտեցումները: Բայց կան դեռեւս տարածքներ, որտեղ այդ ծառայությունների որակը դեռ մեզ չի բավարարում», - ասաց Տիգրան Սարգսյանը:

Վարչապետի խոսքով` անդրադարձ է եղել 4 տիպի գործառույթների, մասնավորապես` առք ու վաճառքի գրանցմանը, միասնական տեղեկանքի տրամադրմանը, չափագրումներին, որոնք իրականացվում են երկու ձեւով, երբ առաջնային գրանցման ժամանակ միասնական տեղեկանք է տրվում, եւ երբ առք ու վաճառքի երկրորդային, երրորդային գործարքների ժամանակ օրենսդրությունը չի նախատեսում պարտադիր տեղեկանքներ:

Կառավարությանն առընթեր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Երվանդ Զախարյանը, իր հերթին, նշեց, որ վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կադաստրի մարմիններում իրոք կան որոշակի բացթողումներ, եւ կա քաղաքացիների արդարացի դժգոհությունը:

Զախարյանի խոսքով, այդ ուսումնասիրությունների հիման վրա կառավարությունը դեռ անցած տարի կայացրել էր Կադաստրի կառավարման համակարգի փոփոխություն նախատեսող որոշում: Շուտով նաեւ Ազգային ժողով կներկայացվի համակարգի բարեփոխումների վերաբերյալ օրինագիծ, որը թույլ կտա Կադաստրին աշխատել նոր ռեժիմով:

Մինչ այդ, սակայն, ըստ Զախարյանի, որոշակի քայլեր ձեռնարկելու կարիք կա. - «Ընդհանուր էությունը հետեւյալ է, որպեսզի այդ չափագրումները, որոնք կատարվում են Կադաստրի պետական մարմինների կողմից, դրանք հնարավորինս կրճատվի: Սա հնարավորություն կտա աշխատել ավելի թափանցիկ, ազատ, հրաժարվել այն կոռուպցիոն ռիսկերից, որ այսօր իրոք կան համակարգում: 2012 թվականից համակարգը արդեն ամբողջովին կաշխատի նոր, բարեփոխված ռեժիմով»:

Վարչապետը կոռուպցիոն ռիսկերից հրաժարվելու պատրաստակամություն հայտնած Երվանդ Զախարյանին խորհուրդ տվեց չսպասել մոնիտորինգի խմբի բացահայտումներին եւ ավելի նախաձեռնող լինել, իրավիճակը շտկելու համար առաջարկություններ անել:

please wait

No media source currently available

0:00 0:04:08 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG