Թեհրանի դպրոցականներին ու պետական որոշ կառույցների աշխատակիցներին այս շաբաթ հանձնարարվել է մնալ տանը՝ Իրանի մայրաքաղաքում օդի խիստ աղտոտվածության պատճառով, որը սրվում է հատկապես աշնանն ու ձմռանը:
Վտանգավոր օդի «կարմիր նախազգուշացումը» տարածվել է նաև այլ խոշոր քաղաքների վրա՝ ներառյալ Ահվազը, Սպահանը, Թավրիզը։
Մոտ 9 միլիոն բնակչություն ունեցող Թեհրանում դպրոցներն ու մանկապարտեզները փակ են կիրակի օրվանից։ Իշխանությունները խոցելի խմբերին՝ երեխաներին, տարեցներին, հղի կանանց հորդորել են մնալ տներում, խուսափել բացօթյա վայրերից:
Տարբեր գնահատականներով՝ Իրանում տարեկան մոտ 40 հազար մարդ է մահանում օդի աղտոտման ծանր հետևանքներից։ Զոհերի մեծ մասը բաժին է ընկնում Թեհրանին։ Ըստ որոշ պնդումների՝ ամենամեծ խնդիրներից է Թեհրանի էլեկտրակայաններում «այրվող մազութը», ինչը Իրանի կառավարությունը կտրականապես հերքում է։