Իրանի իշխանությունները չեղարկել են ՄԱԿ-ի Ատոմային էներգիայի միջազգային գործակալության դիտորդներից ութի հավատարմագրերը, տեղեկացնում է իրանական FARS գործակալությունը։
Հաղորդագրության համաձայն՝ պաշտոնական Թեհրանը չեղարկել է իրանական միջուկային օբյեկտների դիտարկմամբ զբաղվող Գերմանիայի և Ֆրանսիայի քաղաքացիներ հանդիսացող տեսուչների հավատարմագրերը։ Որոշման պատճառների մասին գործակալությունը չի հաղորդում։
ԱԷՄԳ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին դատապարտել է Իրանի իշխանությունների այս որոշումը՝ նշելով, որ այն զգալիորեն կկրճատի դիտորդական առաքելության՝ իրանական միջուկային օբյեկտների գործունեությունը վերահսկելու կարողությունները։