Մատչելիության հղումներ

Մեկնարկել է ԱԺ 8-րդ գումարման 6-րդ նստաշրջանը․ քննարկվում է նաև մահապատիժը վերացնելու արձանագրության վավերացման հարցը


Մեկնարկել է ԱԺ ութերորդ գումարման վեցերորդ նստաշրջանը։ Օրակարգում ընդգրկված 47 հարցերի թվում ԱԺ-ն քննարկում է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը։

Հայաստանն այն ստորագրել է 2006-ի մայիսի, սակայն մինչ օրս չի վավերացրել։

Նախագծի վավերացմամբ, մահապատիժը վերացվում է և ոչ ոք չի կարող ենթարկվել կամ դատապարտվել մահապատժի։

Սահմանադրության նորմերով դեռ 2005-ից մահապատիժը Հայաստանում արգելված է և նոր լրացուցիչ պարտավորության անհրաժեշտություն չկա, ասաց արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը։

Ազգային ժողովի ընդդիմադի «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը նախագծի շրջանակում կարևորեց մարդկության դեմ ադրբեջանական ռեժիմի իրականացրած հանցագործությունների արձանագրումը։

«Ի լուր աշխարհի մենք պետք է ևս մեկ անգամ արձանագրենք, հրապարակենք, հայտարարենք, և որ նաև տեսագրություններով է ֆիքսված, թե ինչպես է ադրբեջանական վայրագ ռեժիմը գնդակահարում Հադրութի հրապարակում մարդկանց, թե ինչպես են տարբեր տեղերում գնդակահարում գերեվարված անձանց, թե ինչպես է իբր բանակ կոչված ադրբեջանական խուժանը, թե՛ քաղաքացիական անձանց և թե՛ նաև արդեն անպաշտպան զինվորականների նկատմամբ իրականացնում մահապատիժ։ Սրանք նաև արձանագրումներ են, որոնք պետք է մեզ և միջազգային հանրության համար դառնան Ալիևի և նրա վարչակազմի ու էդ հանցագործությունները կատարած անձանց պատասխանատվության ենթարկելու իրական հնարավորություն», - հայտարարեց Մինասյանը։

Հիշեցնելով, որ Ադրբեջանը դեռևս չի վավերացրել այս արձանագրությունը և վստահություն հայտնելով, որ առաջիկայում չի էլ վավերացնելու՝ ընդդիմադիր պատգամավորը շեշտեց՝ Հայաստանը պետք է գործողություններ իրականցնի, որպեսզի կարողանա ի լուր աշխարհի արձանագրել, որ գործ ունի մարդատյաց, մարդակեր և ոչ մի կանոնի չենթարկվող ռեժիմի հետ։

Իշխող «Քաղաքացիական պայմանգիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանն արձագանքեց համաձայնելով՝ բոլոր տեսակի ռազմական, մարդկայնության, խաղաղության դեմ ուղղված հանցագործությունները պետք է դատապարտվեն արդյունավետ իրավական ընթացակարգերի միջոցով։

Վարդանյանը խոստացավ խնդրին անդրադառնալ միջազգային հանցագործությունների համար համապատասխան պատժամիջոցներ և պատժի ընթացակարգեր նախատեսող փաստաթղթի վավերացման ժամանակ։

«Համակարծիք եմ ձեզ հետ, որ արտադատական մահապատիժները, որոնց մասին Դուք խոսեցիք, որևիցե վաղեմության ժամկետ չեն կարող ունենալ և պետք է պատժվեն համընդհանուր իրավազորության կանոնի սկզբունքով, այսինքն՝ հանցագործը պետք է պատժվի այնտեղ, որտեղ կհայտնաբերվի՝ «որտեղ ես քեզ կհայտնաբերեմ, այնտեղ էլ քեզ կպատժեմ», և մենք՝ այո՛, պետք է հետամուտ լինենք, որ ցանկացած ռազմական հանցագործություն հետապնդվի ամբողջ աշխարհում», - ասաց իշխող խմբակցության պատգամավորը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG