Այսօր տեղի է ունեցել Թուրքիայի նորանշանակ արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի և Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հեռախոսազրույցը: Այդ մասին հայտնել է Թուրքիայի ԱԳՆ մամլո բաժինը:
Զրույցի ընթացքում Դարչիաշվիլին շնորհավորել է Ֆիդանին Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար նշանակվելու կապակցությամբ:
«Մենք ընդգծել ենք մեր երկրները կապող հիանալի համագործակցությունը և ռազմավարական գործընկերությունը և հանձնառություն ենք ստանձնել է՛լ ավելի խորացնել մեր կապերը», - Twitter-ի իր էջում գրել է Դարչիաշվիլին:
Նրա փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում անդրադարձ է եղել տարածաշրջանում և դրա սահմաններից դուրս խաղաղության հաստատման կարևորությանը: