Մատչելիության հղումներ

«Ճանապարհը մեկն է. Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական»․ Արցախի նախագահը շնորհավորել է Մայիսի 9-ը


Մայիսի 9-ը հայ ժողովրդի պատմության ամենափառավոր ու պանծալի էջերից մեկն է, Հաղթանակի տոնի, Արցախի պաշտպանության բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 31-րդ տարեդարձի առթիվ իր ուղերձում ասել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն՝ շեշտելով՝ «Հայրենական մեծ պատերազմում մյուս ժողովուրդների հետ միասին մեր պապերի տարած հաղթանակը, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի կազմավորումը, Շուշիի ազատագրումը այն անուրանալի հաղթանակներն են, որոնք իրավամբ այդ օրը դարձրել են ազգային հպարտության խորհրդանիշ»:

Գլուխ խոնարհելով տարբեր ժամանակներում հայրենիքի պաշտպանության համար իրենց կյանքը զոհաբերած բոլոր նահատակների սուրբ հիշատակի, ինչպես նաև կենդանի հերոսների վաստակի առջև՝ Հարությունյանը նշել է՝ Արցախը կրկին հայտնվել է գոյաբանական պայքարի կիզակետում:

2022-ի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը փակել է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, ապրիլի 23-ից փակել է Հայաստանն Արցախին կապող Հակարիի կամուրջը, որը Լաչինի միջանցքում է`ռուս խաղաղապահների վերահսկողության գոտում և անցակետ տեղադրել։

«Ադրբեջանի իշխանությունների կողմից արդեն հինգ ամիս շարունակվող շրջափակումը նպատակ ունի հոգեբանական ու ֆիզիկական ճնշման միջոցով կոտրել մեր ժողովրդի կամքն ու պայքարի ոգին, անվտանգային սպառնալիքի տակ ստիպել լքել հազարամյակների պատմություն ունեցող մեր պապերի հողը կամ դառնալ հպատակ», - հայտարարել է Արցախի նախագահը՝ շեշտելով՝ այսօր նորից համազգային միասնությունը դարձել է օրվա հրամայական:

«Մենք երկմտելու կամ ընկրկելու իրավունք չունենք: Ճանապարհը մեկն է. Արցախը եղել է, կա ու պետք է լինի հայկական՝ իր ժողովրդի ազատ կամքով և սեփական ճակատագիրը տնօրինելու իրավունքով ու վճռականությամբ: Այդ նպատակին պետք է ծառայեն բոլորիս ջանքերը՝ Արցախում, Հայաստանում և Սփյուռքում, պետք է նորից վերագտնենք ու փայփայենք հաղթական Եռատոնի խորհուրդն ու ոգին՝ որպես մեր կյանքի ուղենիշ», - ուղերձում ասել է Արցախի նախագահը:

XS
SM
MD
LG