Մատչելիության հղումներ

Այսօր էլ ցեղասպանության վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը․ ՀՀ ԱԳՆ


Ցավոք այսօր էլ, ինչպես և մեկ դար առաջ, աշխարհի տարբեր անկյուններում շոշափելի է ցեղասպան քաղաքականության վտանգը, Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությունում նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը՝ շեշտելով՝ այսօր էլ ցեղասպանության, էթնիկ զտումների վտանգի առջև են կանգնած Լեռնային Ղարաբաղում ապրող հայերը։

Ծրագրված և իր ծավալներով նախադեպը չունեցող մարդկության դեմ ուղղված հանցագործության հետևանքով 1915-1923թթ․ ընթացքում սպանվեց 1,5 մլն հայ, հարյուր հազարավորները ենթարկվեցին բռնության ու բռնի տեղահանության՝ զրկվելով հայրենիքում սեփական ինքնության պահպանման հնարավորությունից, հիշեցնում է արտգործնախարարությունը՝ նկատելով՝ այս ոճրագործությունն իրականացվեց մի ողջ ժողովրդի դեմ նրա ազգային պատկանելիության՝ հայ լինելու պատճառով։

Այսօր Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիվ քաղաքականությունը, հայատյաց հռետորաբանությունը որակելով սեփական հայրենիքից զրկելուն, հայկական հետքը վերացնելուն ուղղված գործողություններ՝ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը դրանք համարում է նաև ցեղասպան մտադրությունների դրսևորում:

«Այսօր վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև և որպես ցեղասպանությունների կանխարգելման օրակարգի առաջ մղման առաջամարտիկ՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունն արդարության, ճշմարտության ճանաչման, նոր ցեղասպանությունների ու մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման գործին, էթնիկ, կրոնական և ռասայական հողի վրա խտրականության և անհանդուրժողականության դրսևորումների դեմ պայքարին», - ասված է հայտարարությունում։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG