Մատչելիության հղումներ

Հայաստանում կարմրուկի հաստատված դեպքերի թիվը հասավ 50-ի


MMR vaccine
MMR vaccine

Մարտի 13-ի ժամը 10-ի դրությամբ՝ Հայաստանում կարմրուկի լաբորատոր հաստատված դեպքերի թիվը հասել է 50-ի։ Հիվանդներից 3-ը հոսպիտալացված է, 19-ը չի հոսպիտալացվել, 28-ը դուրս է գրվել:

Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ հոսպիտալացված հիվանդների վիճակը գնահատվում է միջին ծանրության, 1-ի վիճակը՝ ծանր: Հիվանդներից 34-ը երեխաներ են՝ 3 ամսականից մինչև 16 տարեկան, 16-ը՝ մեծահասակ՝ 21-ից 64 տարեկան:

Հիվանդներից 44-ը կարմրուկի դեմ պատվաստված չէ, 4-ը՝ պատվաստված է 1 դեղաչափով, 2-ը՝ 2 դեղաչափով:

Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումների ազգային օրացույցով կարմրուկի դեմ պատվաստումները նախատեսված են 1 և 4-6 տարեկան երեխաների համար, և պլանային պատվաստումներ չստացած երեխաների ծնողներին հորդորում է դիմել հաշվառման պոլիկլինիկա և պատվաստել երեխաներին: Պատվաստման են ենթակա նաև կարմրուկով հիվանդների հետ շփված այն անձինք, ովքեր չունեն կարմրուկի դեմ 2 դեղաչափ պատվաստում:

Կարմրուկն օդակաթիլային ճանապարհով փոխանցվող ծանր վարակ է։ Կարմրուկի նախանշանները շատ նման են արդեն շրջանառվող սուր շնչառական վարակների ախտանշաններին՝ բարձր ջերմություն, հարբուխ, աչքերի բորբոքում, քթահոսություն, մինչև մարմնի ցանը՝ սպիտակ բծեր, կամ ցան բերանի խոռոչում, վախ լույսից և ոչ միայն։

XS
SM
MD
LG