Մատչելիության հղումներ

ԱԽ քարտուղարն առանձին հանդիպումներ է ունեցել ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հետ


Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այսօր առանձին հանդիպումներ է ունեցել Երևանում գտնվող Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար, ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի և Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական, ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ։

Երկու համանախագահների հետ էլ ԱԽ քարտուղարը քննարկել է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված և դրա հետևանքով Լեռնային Ղարաբաղում առաջացած հումանիտար ծանր իրավիճակը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բրիս Ռոքֆոյի հետ

Ըստ ԱԽ գրասենյակի՝ Գրիգորյանն ու Ռոքֆոյն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանի կողմից Լաչինի միջանցքի բացման առնչությամբ կայացված իրավաբանական պարտադիր ուժ ունեցող որոշումն ի կատար ածելու անհրաժեշտությունը:

Փետրվարի 22-ին Հաագայի դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։ Թեև որոշումը ենթակա է հարկադիր կատարման, սակայն դատարանի որոշումից գրեթե երկու շաբաթ անց էլ Լաչինի միջանցքը շարունակում է փակ մնալ։

«Անհրաժեշտ է ԼՂ-ում և Լաչինի միջանցքում միջազգային ներկայությունը»

Գրիգորյանը Ռոքֆոյի ուշադրությունն է հրավիրել մարտի 5-ին Ադրբեջանի զինված ուժերի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված ահաբեկչական հարձակման դեպքին և ընդգծել միջազգային ներկայության անհրաժեշտությունը Լեռնային Ղարաբաղում և Լաչինի միջանցքում։

Ամերիկացի համանախագահի հետ հանդիպմանը ևս ԱԽ քարտուղարը կարևորել է Լաչինի միջանցք և Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խումբ գործուղելու անհրաժեշտությունը:

Գրիգորյանն ու Բոնոն քննարկել են նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Լուիս Բոնոյի հետ

Կիրակի առավոտյան Ստեփանակերտը հաղորդեց, որ «ադրբեջանական դիվերսիոն խումբը «Խայփալու» կոչվող տեղանքում»՝ Արցախի մայրաքաղաքից քիչ հեռու, թիրախավորել և կրակ է բացել ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմի հերթափոխի մեքենայի վրա։ Բաքուն պնդում է, թե տեղեկություն են ունեցել «Լեռնային Ղարաբաղ զինամթերքի տեղափոխման մասին», ինչը փորձել են ստուգել, և ըստ ադրբեջանական կողմի՝ արդյունքում «փոխհրաձգություն է սկսվել»։ Հայկական կողմը սա հերքում է։ Հայակական ու ադրբեջանական կողմերը հայտնել են զոհերի ու վիրավորների մասին։

Առնչվող թեմաներով

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG