Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ամենաբարձր մակարդակով աշխարհին խաբել է Լաչինի միջանցքի հարցով, և սա պետք է արձագանք բերի. Փաշինյան


Այսօր մեր ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքի և անվտանգության պաշտպանությունն ամենակարևորն է, Գերմանիայի հայ համայնքի հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ղեկավարն անդրադարձել է ղարաբաղյան հակամարտությունը «Անջատում հանուն փրկության» սկզբունքով կարգավորելու հնարավորությանը, որը պատերազմից հետո ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» խոստումն էր, սակայն, հետագայում Երևանը առաջ բերեց արցախահայերի իրավունքների օրակարգը՝ առանց հստակեցնելու Լեռնային Ղարաբաղի հնարավոր կարգավիճակը։

«Ես համարում եմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարում ենք, ճիշտ քաղաքականություն է, և այն պոզիտիվ արտահայտությունները, որ մենք կարող ենք տեսնել, այդ թվում այդ քաղաքականության արդյունք է», - նախ նշել է Փաշինյանը՝ շարունակելով. «Երբ մեր միջավայրում ասվում է «անջատում հանուն փրկության», որն է Ադրբեջանի արձագանքը։ Իրենք ասում են՝ էդ ի՞նչ փրկության մասին եք խոսում, ինչի՞ց պիտի փրկվեն, ո՞վ պիտի փրկվի, ոչ մի փրկության կարիք չկա, բոլոր հայերը կարող են Լեռնային Ղարաբաղում ապրել։

Ասում ենք՝ շատ լավ, ապացուցեք։ Հիմա Ադրբեջանը դա է ապացուցում, բայց ո՞նց, Լաչինի միջանցքը շրջափակելով, սովի մատնելով, էներգիան և գազը կտրելով, մյուս կողմից էլ միջազգային հանրությանն ասելով, որ միջանցքը փակ չէ»։

Վարչապետ Փաշինյանը հիշեցրեց ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը հօգուտ Հայաստանի՝ պարտավորեցնելու Ադրբեջանին բացել Արցախը արտաքին աշխարհին կապող միակ ճանապարհը։

«Աշխարհի բարձրագույն դատական ատյանն արձագանքել է, որ Լաչինի միջանցքը փակ է, սրանով արձանագրվել է նաև, որ Ադրբեջանը միջազգային հանրությանը.... ստացվում է, որ ամենաբարձր մակարդակով աշխարհին խաբել է, և սա պետք է արձագանք բերի», - նշեց նա։

Այս հանդիպմամբ ավարտվել է Փաշինյանի այցը Գերմանիա։

XS
SM
MD
LG