Մատչելիության հղումներ

Միրզոյանը Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան կարգավորման գործընթացի վերջին զարգացումները


Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Նյու-Դելիում ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումները:

Ըստ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար իրավիճակին՝ Միրզոյանն ընդգծել է առանց նախապայմանների Լաչինի միջանցքն ապաշրջափակելու հրամայականը՝ 2020թ․ նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթներին համապատասխան։ Այս համատեսքտում կարևորվել է միջազգային հանրության գործուն ներգրավվածությունը, որպեսզի Ադրբեջանը կյանքի կոչի Արդարադատության միջազգային դատարանի կողմից հրատապ միջոցների կիրառման վերաբերյալ փետրվարի 22-ին կայացված՝ իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը:

Արդեն գրեթե երեք ամիս Ադրբեջանը փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Հաագայի դատարանը փետրվարի 22-ին պարտավորեցրեց Բաքվին՝ մինչև Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

Միրզոյանն ու Բորելն այսօր մտքեր են փոխանակել նաև ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի շուրջ, կարևորել Հայաստանում ԵՄ քաղաքացիական մշտադիտարկման առաքելության տեղակայումը, որը փետրվարի 20-ից պաշտոնապես մեկնարկել է իր գործունեությունը, անդրադարձել տարածաշրջանային ու միջազգային անվտանգության հարցերի։

Միրզոյանն աշխատանքային այցով է Հնդկաստանում՝ մասնակցելու Հնդկաստանի՝ աշխարհաքաղաքականության և աշխարհատնտեսության թեմաներով առաջատար համաժողով «Ռաիսինա երկխոսությանը»։ Նա այսօր Նյու Դելիում հանդիպել է Ռուսաստանի արտգործնախարարի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG