Մատչելիության հղումներ

Արցախից ևս 6 բուժառու տեղափոխվել է Հայաստան


Արցախից 6 անձինք այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ օրս Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 64 հիվանդ։

Արցախում պետական բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները, «Արևիկ» բուժմիավորումում 7 երեխաներ գտնվում են նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում, «Հանրապետական բժշկական կենտրոնում»12 բուժառուներ գտնվում են վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 5 -ը ծայրահեղ ծանր վիճակում են։

Ադրբեջանական կողմն արդեն 53 օր փակ է պահում Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։ Արցախում օրեցօր իրավիճակը բարդանում է։ Արցախում աշխատանքը կորցրած մարդկանց թիվը հասնում է 5 հազարի։ Սովորական են դարձել հոսանքի, գազի պարբերական անջատումները, ժամերով հերթերն ու խանութների դատարկ ցուցափեղկերը։ Թեև կտրոնային համակարգի ներդրումը որոշակի չափով մեղմել է պարենային խնդիրը, սակայն բնակչությունը շարունակում է զրկված մնալ մի շարք կարևոր ապրանքատեսակներ ձեռք բերելու հնարավորությունից, առկա է նաև բենզինի և դիզվառելիքի պաշարների սղություն։

XS
SM
MD
LG