Մատչելիության հղումներ

Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը Լաչինի միջանցքի փակման հումանիտար հետևանքների մասին զեկույց են հրապարակել


Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները համատեղ արտահերթ զեկույց են հրապարակել Լաչինի միջանցքի արգելափակման հումանիտար հետևանքների վերաբերյալ՝ նոր թարմացված տվյալներով։

Ըստ ՄԻՊ գրասնյակի՝ «զեկույցում թարմացվել են նաև նոր երևան եկած փաստեր կեղծ բնապահպանական ակցիայի մասնակիցների վերաբերյալ, ներկայացվել է ստեղծված հումանիտար ճգնաժամի պայմաններում իրավունքների վիճակը»։

Ամփոփելով ադրբեջանական հանրային խոսույթը և վերլուծելով ադրբեջանցի պաշտոնատար անձանց հայտարարությունները, պաշտպանները հայտարարում են՝ հետևությունն այն է, որ ադրբեջանական քաղաքական ղեկավարությունը, կառավարության պաշտոնական ու մերձպաշտոնական տեղեկատվական ու հանրային կարծիքի ձևավորման հիմնական միջոցներով և փորձված մեթոդների կիրառմամբ, դեռևս նոյեմբերից պատրաստել և ուղղորդել է հանրային կարծիքը Լաչինի հումանիտար միջանցքի արգելափակման համար։

Պաշտպանները նշում են, որ հայատյացության ու հենց Արցախի հայության նկատմամբ էթնիկ ատելության հրահրման ու բորբոքման փորձված մեթոդները շարունակվել են լայնորեն կիրառվել ադրբեջանական իշխանական քարոզչամեքենայի կողմից՝ դրանք փորձելով տեղավորել կեղծ բնապահպանական սենտիմենտների համատեքստում։

Զեկույցը կներկայացվի միջազգային մարդու իրավունքների մանդատ ունեցող կազմակերպություններին ու դերակատարներին, ինչպես նաև հասանելի կլինի միջազգային դատական այն ատյաններին, որտեղ ի թիվս այլնի, նախաձեռնված է Արցախը Հայաստանի ու աշխարհի հետ կապող միակ ճանապարհի արգելափակումը Ադրբեջանի կողմից դադարեցնելու մասին Հայաստանի պահանջը։

Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։ 1100 քաղաքացի, որից 270-ը՝ անչափահաս, տուն վերադառնալու հնարավորություն չունի: Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Միջանցքը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Արցախից ահազանգում են՝ սննդի, դեղորայքի դեֆիցիտ կա, խնդիրներ են սկսել առաջանալ նաև տնտեսական ոլորտում։

Միջազգային հանրությունը, մեծ թվով պետությունների արտաքին գերատեսչություններ և իրավապաշտպան կազմակերպություններ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրների ներկայացուցիչներ պահանջում են անմիջապես վերացնել արգելափակումը, որը մարդասիրական ծանր ճգնաժամ է առաջացնում Լեռնային Ղարաբաղում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG