Մատչելիության հղումներ

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է պետական դավաճանության մեղադրանքով


Գլխավոր դատախազությունը հայտնում է պետական դավաճանության հերթական դեպքը բացահայտելու մասին։

Ըստ հաղորդագրության՝ պայմանագրային զինծառայողը (ավագ սերժանտ) օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի կողմից հավաքագրվել և 93 հազար 250 դրամի դիմաց փոխանցել է պետական գաղտնիք կազմող տեղեկություններ։

Դատախազությունը մանրամասնում է՝ զինծառայողը 2022-ի հունվարին, «Օդնոկլասնիկի» միջոցով ծանոթացել է օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցի հետ, ապա հավաքագրվել է վերջինի կողմից և համացանցային «Վոթսափ» հավելվածի միջոցով 2022 -ի հունվարից մինչև 2022-ի հունիսն ընկած ժամանակահատվածում կապի մեջ է գտնվել նրանց հետ:

Վկայակոչելով ԱԱԾ նախաքննությունը՝ դատախազությունը հայտնում է, որ պայմանագրային զինծառայողը վարձատրության դիմաց օտարերկրյա հատուկ ծառայությունների աշխատակցին է հանձնել պետական, ծառայողական գաղտնիք կազմող, ռազմական բնագավառի տեղեկություններ, որով հակառակորդին ընձեռել է իրական հնարավորություն՝ հավանական մարտական գործողությունների պլանավորման ընթացքում կատարելու ուժերի և միջոցների ճշգրիտ հաշվարկներ, որոշել տարբեր հատվածներում իր կողմից խնդիրների կատարմանն ընդգրկվող ուժերի և միջոցների քանակը, տեղակայումները, ինչպես նաև կանխորոշել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զորամասերից մեկի կողմից իր առջև դրված մարտական խնդիրների բնույթը, իրականացվելիք խնդիրների հնարավոր ծավալներն, արդյունքում խոչընդոտել է ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումների առջև դրված խնդիրների պատշաճ իրականացմանը։

Պայմանագրային զինծառայողը կալանավորվել է, Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է և 2022-ի դեկտեմբերի 22-ին հսկող դատախազի որոշմամբ հաստատվել է մեղադրական եզրակացությունը, քրեական վարույթի նյութերը հանձնվել են Տավուշի մարզի դատարան, ասված է հաղորդագրությունում:

XS
SM
MD
LG