Մատչելիության հղումներ

Հայաստանը դիմել է ՄԻԵԴ՝ պահանջելով միջանկյալ միջոցներ կիրառել Ադրբեջանի նկատմամբ


Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ պահանջելով կիրառել միջանկյալ միջոցներ Ադրբեջանի նկատմամբ և պարտավորեցնել վերջինիս ապաշրջափակել Լաչինի միջանցքը, հայտնում է Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը:

«Այսօր Հայաստանը Արդարադատության միջազգային դատարանի կանոնակարգին համապատասխան նամակով տեղեկացրել է վերջին երկու օրերին Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակման և դրա հետևանքով Արցախի բնակիչների իրավունքների խախտման մասին», - ասված է հայտարարությունում:

Արցախի տեղեկատվական շտաբը դեկտեմբերի 12-ին հայտարարեց, որ առավոտից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Արցախից հաղորդում են, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:

Երեկ երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG