Մատչելիության հղումներ

Արայիկ Հարությունյանի հրամանագրով՝ Արցախում անցնում են ռազմական դրության աշխատանքային ռեժիմի


Նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է հրամանագիր Արցախում հայտարարված ռազմական դրության պայմաններում իրականացվող մի շարք միջոցառումների մասին:

Համաձայն հրամանագրի, դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղու արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակի հետ կապված Արցախի բնակչության բնականոն կենսագործունեությունն ապահովելու և սպառնացող հնարավոր վտանգները կանխելու նպատակով որոշվել է ըստ անհրաժեշտության սահմանափակել Արցախում ազատ տեղաշարժվելու իրավունքը, ինչպես նաև սահմանել նշված տարածքից դուրս գալու հատուկ ռեժիմ:

«Պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պաշտպանական, պետության ու տնտեսության կենսագործունեության համար հատուկ նշանակություն ունեցող օբյեկտները փոխադրել ռազմական դրության աշխատանքային ռեժիմի:

Իրականացնել բնակչության կենսագործունեության, հատուկ պահպանվող օբյեկտների և տրանսպորտի գործունեությունն ապահովող, ինչպես նաև բնակչության կյանքի և առողջության, շրջակա միջավայրի համար առավել վտանգ ներկայացնող օբյեկտների պաշտպանություն:

Սահմանափակել հավաքների ազատության իրավունքը, արգելել գործադուլների և կազմակերպությունների գործունեությունը դադարեցնող կամ կասեցնող այլ միջոցառումները, անհրաժեշտության դեպքում օրենքով սահմանված կարգով կասեցնել ռազմական դրության պայմաններում Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչություն և այլ գործունեություն ծավալած կազմակերպությունների գործունեությունը», - Արցախի նախագահի աշխատակազմի փոխանցմամբ՝ նշված է հրամանագրում:

Հրամանագրով նախատեսված միջոցառումներն իրականացնելու և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու նպատակով կստեղծվի օպերատիվ շտաբ, որի պետ կնշանակվի Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը:

Արցախի տեղեկատվական շտաբը դեկտեմբերի 12-ին հայտարարեց, որ առավոտից մի խումբ ադրբեջանցիներ փակել են Հայաստանն Արցախին կապող միակ ճանապարհը։ Շուշիի հատվածում միջանցքը փակած ադրբեջանցիներն իրենց անվանում են անկախ բնապահպաններ, ճանապարհի հենց մեջտեղում վրաններ են տեղադրել։ Ճանապարհը փակ է նաև շտապօգնության մեքենաների համար։

Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման հետևանքով փաստացի շրջափակված են Շուշիի շրջանի Մեծ շեն, Հին շեն, Եղծահող և Լիսագոր համայնքները: Արցախից հաղորդում են, որ ճանապարհի փակման պատճառով սննդամթերքի, մասնավորապես, հացի և ալյուրի, ինչպես նաև առաջին անհրաժեշտության այլ ապրանքների մատակարարումը դեպի տվյալ բնակավայրեր Արցախից չի իրականացվում:

Երեկ երեկոյան էլ Արցախի տեղեկատվական շտաբը հաղորդեց, որ Ադրբեջանը դադարեցրել է նաև Արցախի գազամատակարարումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG